«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#92, 2007-05-17 | #93, 2007-05-18 | #94, 2007-05-19


ՕՀԱՆ ԴՈՒՐՅԱՆԻ 85-ԱՄՅԱԿԸ ԼԱՅՊՑԻԳՈՒՄ

Այսօր, Լայպցիգի Հին առեւտրի բորսայում լայպցիգցի երգչուհի, խմբավար եւ հեղինակ Աննե-Քրիստին Մայի նախաձեռնությամբ կպատվեն Օհան Դուրյանինՙ 85-ամյակի առիթով:

1922-ին Երուսաղեմում ծնված, տեղում կոմպոզիցա եւ խմբավարություն ուսանած երաժիշտն այնուհետեւ համերգային շրջագայությունների է մեկնում Եվրոպա եւ զարմացնում իր ֆենոմենալ հիշողությամբ, խոր, զգայուն երաժշտականությամբ:

1962-1969-ին Օհան Դուրյանը իբրեւ հյուր դիրիժոր հանդես է գալիս Լայպցիգի Գեւանդհաուսի նվագախմբի հետ, այդ համագործակցության արդյունքում կայացած 19 համերգները, որոնց ժամանակ չի գործածվում ոչ պարտիտուր, ոչ էլ դիրիժորական փայտիկ, դառնում են լայպցիգյան երաժշտական կյանքի բարձրակետըՙ հանդիսատեսի մեջ կենդանի թողնելով խոսուն ձեռքերի երաժշտության լեզուն: Դուրյանը երկու անգամ Գեւանդհաուսի երգչախմբի խմբավար է նշանակվում: Մամուլում նրան սկսում են համեմատել Նիկիշի, Բեռնշտայնի, Կարայանի ու Տոսկանինիի հետ: 1966-1968-ին Լայպցիգի օպերային թատրոնում նրա ղեկավարությամբ նաեւ «Դոն Կառլոսն» է ներկայացվում երաժշտասերների դատին:

Դուրյանն աշխատել է աշխարհի 110 նվագախմբերի հետ, ծանուցվում է մամուլին տրամադրված հաղորդագրության մեջ:

Աննե-Քրիստին Մայը կծանոթացնի Դուրյանի կենսագրությանը, կցուցադրի լուսանկարներ ու տեսագրություններ: Կոմպոզիտորի ստեղծագործությունների կատարմամբ երգչախմբի հետ հանդես կգան Ֆրիդերիկե եւ Ուլրիխ Ուրբանները, Իշխան Չիֆթչյանը, Հանս-Գեորգ Քլուգեն:

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4