«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#92, 2007-05-17 | #93, 2007-05-18 | #94, 2007-05-19


«ՍԱ «ԲԱՂԱԴՐԱՏՈՄՍ» ՉԷ, ԱՅԼՙ ԽՈՍՏՈՎԱՆՈՒԹՅՈՒՆ...»

2007 թ. Երեւանում «Բնական հունի ուսմունք» վերնագրով լույս տեսավ կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանի թարգմանած «Դաո դե Ցզին» գրքի առաջին հայերեն տարբերակը: 21-րդ դարի վիճակագրությունը վկայում է, որ «Դաո դե Ցզինը» դասվում է աշխարհում ամենից հաճախ հրատարակվող գրքերի շարքում: Տիգրան Խզմալյանը որպես հիմք ընդունել է 1950 թ. կատարված չին մասնագետ Յան Հի Ժունի ռուսերեն թարգմանությունը:

Լաո Ցզին այս գիրքը գրել է Քրիստոսից 500 տարի առաջ: Այստեղ է առաջին անգամ նկատվել հեղափոխական գաղափար. «Ատելությանը պետք է պատասխանել սիրով», մինչդեռ Հին Կտակարանում ասվում էր. «Ակն ընդ ական, ատամ ընդ ատամն»:

«Դաո դե Ցզինը» կրոնական կանոն չէ այլՙ փիլիսոփայական ու բարոյական ուսմունք. «Գիրքը պահանջում է անկեղծություն եւ հեզություն, նման բաներ ես մարդկանց մոտ վաղուց չեմ տեսել»,- ասում է կինոռեժիսորը: Նրան հենց սկզբից գրավել է գրքի առաջին գլուխը, որտեղ ասվում է, թե որեւէ «Աստծո անուն եւ որեւէ հասկացողություն նրա մասին, որ կարելի է ձեւակերպել, մշտական չեն. «Ճշմարտությունը կամ Աստվածը այս կամ այն ազգի համար չէ: Կարծում եմՙ պետք չէ խտրականություն դնելՙ սա հայերի համար է, սաՙ չինացիների»:

Բնական հունի ուսմունքը լցնում է մեր կյանքը, մեր օդն ու ջուրը, սերն ու մահը: Կինոռեժիսորը հավաստիացնում է, որ իր ցանկացած գործում այս ուսմունքը անխուսափելիորեն թողնում է հետքՙ անկեղծություն:

«Նա, ով հետեւում է իր սրտին, հարատեւ է»,- սա է մեծ Դաոյի օրենքներից մեկը, պարզ է ու մատչելի, բայց մեզանից քանի՞սն է հանում իր «դիմակը» հայելու մեջ նայելիս...

Դաոյիզմը ստեղծված է ոչնչացնելու կեղծավորությունը ինքդ քո առջեւ. «Եթե դու փորձում ես քեզ հետ գոնե անկեղծ լինել, ապա ժամանակ առ ժամանակ հանգում ես փոքր հեղափոխումների քո ներսում»,- ասում է Տիգրան Խզմալյանը:

Թշնամուն ծնկաչոք անելու համար պարտադիր չէ խոցել նրան, բավական է թուլացնել, հոգեմաշ անել. «Հմուտ մարտիկը չի հարձակվում, հմուտ ղեկավարը չի ստորացնում». «Կինոռեժիսորը սա համեմատում է արեւելյան պատերազմների մարտավարության հետ: Արեւելյան մարտավարությունը կանացի է, այսինքնՙ զորքը հաղթում է «թուլությամբ»: Նա չի մտնում կռվի մեջ, չի էլ փախչում, նա խուսափում է, դիմադրելով բնական հունովՙ շրջանցում է ջրի պես, դրանով իսկ թուլացնում է թշնամուն: Իսկ արեւմտյանը տղամարդկային էՙ նախահարձակ: Այսպիսով, «Նուրբն ու թույլը հաղթահարում են հզորն ու ամուրը»: Սա է մարդկանց ղեկավարելու արվեստը:

«Առանց տնից դուրս գալու կարող ես ճանաչել ողջ աշխարհը»: Ոչ, պետք չէ նստել տանն ու ջանալ ճանաչել աշխարհը: Սա ոչ թե բաղադրատոմս է, այլՙ խոստովանություն: «Եթե առաջնորդվես հնագույն Դաոյի սկզբունքով, հնարավոր է ճանաչես ամեն ինչի սկիզբը»:

«Քեզ ճանաչելովՙ ճանաչում ես բոլոր մարդկանց»: Կարո՞ղ է արդյոք մարդը լիարժեք ճանաչել ինքն իրեն: Ըստ բնական հունի ուսմունքիՙ ով ճանաչում է իր ընտանիքը, կճանաչի բոլոր ընտանիքներին, ով ճանաչում է իր գյուղը, կճանաչի բոլոր գյուղերը, այդպես էլ մարդը, եթե ճանաչի ինքն իրեն, կճանաչի բոլոր մարդկանց. Չէ՞ որ մեկ կաթիլի քիմիական բաղադրությունը իմանալովՙ կարելի է իմանալ ողջ օվկիանոսի քիմիական բաղադրությունը: Մարդիկ ամեն տեղ եւ բոլոր ժամանակներում շատ նման են իրար: Նրանք տարբերվում են իրենց առաքելությամբ. «Ամեն մարդ պետք է այն իր մեջ փնտրի, դա է ներքին ձայնը»: Ըստ նրաՙ մարդիկ պետք է լինեն հնարավորինս արթուն, նայեն ու տեսնեն, փնտրեն գեղեցիկը իրենց մեջ եւ շրջապատում. «Իրականում մենք ապրում ենք ոչ թե 50, 70 տարի, ինչպես գրված է մեր շիրմաքարերի վրա, այլ մի քանի րոպե, ժամ, կապված նրանից, թե որքանով ենք զգացել կյանքի բուրմունքը, համն ու հոտը»: Պետք է ապրել երեխաների նման. «Ամեն մի մարդը, ամեն մի ծառը, թռչունն ու օրը նրանց համար յուրահատուկ է, հրաշք է»,- ասում է նա: Հետո նրանք մեծանում են, ընկնում են հասարակության ցանցը, բթանում են, եւ հրաշքը դառնում է ընդամենը գրքի մասին գաղափար. «Գեղեցկությունը չի փրկի աշխարհը, եթե աշխարհը չփրկի գեղեցկությունը...»:

Գիտեք, թե ինչու է իմաստունի համար ամեն ինչ հեշտ... որովհետեւ «Իմաստունը դժվարը հաղթահարում էՙ հեշտը հաղթահարելով, կարեւորը սկսում է անկարեւորից, սկսում է փոքրից, հասնում է մեծին»:

Իսկ ո՞րն է այս գրքի «առաքելությունը»: Միգուցե մարդկանց ցույց տալը կյանքի բարձրագույն չափանիշները... Պարուրել նրանց անկեղծությամբ, մարդասիրությամբ, միասնությամբ եւ իմաստությամբ... Սովորեցնել ներդաշնակ լինել իրենք իրենց եւ բնության հետ... Տանել նրանց դեպի բնական հուն. «Պետք է դառնալ անչափ անաչառ, պահպանել անդորրը, եւ այնժամ ամեն բան ինքն իրեն կփոխվի, իսկ մեզ կմնա միայն դիտել նրանց շրջապտույտը...»:

ՏԱԹԵՎԻԿ ԱԽԱՅԱՆ

Խմբ. կողմից.- Ամեն լավ եւ անհրաժեշտ ձեռնարկ ողջունելի է, բայց եւ գրական էթիկան պահանջում էր հիշատակել չին փիլիսոփայի տրակտատի նախորդ հրատարակությունները (ինչը գրքի առաջաբանում չի արել թարգմանիչը): Երեւանի պետհամալսարանի հրատարակչության 1982 թ. լույս ընծայած «Հին Արեւելքի պոեզիա» ժողովածուի մեջ ընդգրկված է Լաո Ցզիի այս գործի ամբողջական թարգմանությունըՙ ծանոթագրություններով եւ մեկնաբանություններով: Թարգմանությունը (ըստ որումՙ ռուսերեն նույն աղբյուրից) կատարել է Հենրիկ Էդոյանը:

Իսկ 1996 թ. Բեյրութում հրատարակվել է Դաո դե Ցզիի այս տրակտատը արեւմտահայերեն թարգմանությամբ:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4