«Ազգային պատկերասրահ» միջազգային 3-րդ փառատոնի շրջանակներում մայիսի 18-ին ազգային պատկերասրահի որմնանկարների սրահում հանդես եկավ Հայաստանի կամերային երգչախումբը (ՀԿԵ) ղեկավար եւ գլխավոր խմբավար Ռոբերտ Մլքեյանի գլխավորությամբ:
2000 թ. ՀՊԿՆ գեղ. ղեկավար եւ գլխ. դիրիժոր Արամ Ղարաբեկյանի գործուն աջակցությամբ, «Վաչե եւ Թամար Մանուկեան» բարեգործական միության հովանավորությամբ ստեղծվեց ՀՊԿՆ-ի կամերային երգչախումբը: Կարճ ժամանակ անց ՀԿԵ-ն ճանաչվեց Հայաստանի լավագույն կամերային երգչախումբՙ շնորհիվ նրա ղեկավար եւ գլխավոր խմբավար Ռոբերտ Մլքեյանի: Երգչախումբը բազմիցս հանդես է եկել համաշխարհային պրեմիերաներովՙ կատարելով Տիգրան Մանսուրյանի, Դավիթ Հալաջյանի եւ Էդուարդ Հայրապետյանի ստեղծագործությունները: Նրանց երկացանկում ընդգրկված են Գաբրիելիի, Բախի, Բրամսի, Վասքսի, Շնիտկեի եւ այլ մեծանուն կոմպոզիտորների ստեղծագործություններ: Իսկ ՀԿԵ-ի Կոմիտասի, ինչպես նաեւ ժամանակակից հայ կոմպոզիտորների ստեղծագործությունների փայլուն կատարումները գերել են ոչ միայն հայ երաժշտասերներին, այլ նաեւ օտարներին: Կամերային երգչախմբի ամենամեծ ձեռքբերումներից մեկն է նաեւ հանրաճանաչ ECM Records-ի կողմից այս տարի թողարկվող Մանսուրյան «Արուեստ Թերթութեան» երգչախմբային կոնցերտի ձայներիզըՙ գրված Եղիշե Չարենցի 10 բանաստեղծությունների հիման վրա:
Համերգում, որը կրում էր «Համերգ հայկական ժողովրդական երգերի շուրջը» խորագիրը, հնչեցին Կոմիտասի եւ Մլքեյանի մշակած հայկական ժողովրդական երգերը:
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ