Գերմանացի գիտնականները խորհուրդ են տալիս օգտագործել միայն սովորական հեռախոսներ
Վերջին տարիներին իբրեւ ժամանակակից կյանքի վերջին նորաձեւություններից մեկը, հախուռն կերպով մեր կյանք ներխուժեցին բջջային հեռախոսները: Մենք տրվեցինք դրանց գայթակղությանը, վայելեցինք նորության հրապույրը, եւ հետո միայն փորձում ենք վերլուծել, թե ինչ են: Չէ՞ որ յուրաքանչյուր գործոն կենդանի օրգանիզմի վրա ազդում է` լավ կամ վատ, ուժեղ կամ թույլ, նայած ինչ հանգամանքներ ու պայմաններ են առկա: Աշխատանքի բերումով հաճախ է պատահել, որ ձայնագրություն կատարելու ընթացքում հնչել է բջջային հեռախոսազանգը, եւ եթե դիկտոֆոնը չեմ անջատել, զանգի ձայնը դիկտոֆոնի վրայի ձայնագրությունն ամբողջությամբ խախտում է: Եթե այս հեռախոսները նման ազդեցություն են գործում կոպիտ տեխնիկայի վրա, ապա ինչպիսի՞ն կլինի շատ ավելի նուրբ ու անպաշտպան մեր օրգանիզմի վրա:
Մարդկային էության տրամաբանությունը նաեւ կապվածությունն է քաղաքակրթության ծնունդ վնասակար սովորույթներին: Մենք օգտագործում են խմիչք, ծխում ենք սիգարետներ, քաջ իմանալով, որ կվնասեն մեզ: Մարդը չի կարող հրաժարվել նաեւ բջջային հեռախոսներից, քանի որ չի ուզում հետ վերադառնալ, հակառակը, տենդագին մղվում է առաջ:
Միայն անցած տարի ողջ աշխարհում բջջային հեռախոսների վաճառքը քառակի մեծացել է, առաջին անգամ հասնելով 1 մլրդ հեռախոսի: Այդպիսի ռեկորդային աճ գրանցվել է Ասիայի եւ Աֆրիկայի զարգացող երկրներում կատարված իրացումների հաշվին: Փորձագետների կանխատեսումներով, այս տարի եւս բջջայինների վաճառքի բարձր տեմպեր կարձանագրվեն:
Գերմանական գիտական մի ընկերություն Եվրոմիության պատվերով ավելի քան 4 տարի ուսումնասիրում էր բջջային հեռախոսների ռադիոալիքների ազդեցությունը մարդկային օրգանիզմի վրա: Հետազոտական նախագծի կոորդինատոր Ֆրանց Ալդկոֆերի խոսքերով, ռադիոալիքների առաջացրած փոփոխությունները կարող են փոխանցվել հաջորդ սերունդներին, գենետիկ փոփոխությունների եւ քաղցկեղի առաջացման խթան դառնալ: Ճիշտ է, գերմանացիներն անմիջական այդպիսի ազդեցության որեւէ դեպք չեն նշում, այնուամենայնիվ, խորհուրդ են տալիս նախապատվությունը տալ սովորական, քաղաքային հեռախոսներին, համենայն դեպս` իբրեւ նախազգուշական քայլ: «Այդ ներգործություններն իրենց բացասական հետեւանքներով կարող են անդառնալի լինել», վերջում հայտարարել են նրանք: Լոուրի Չելլիսը, բրիտանացի մեկ այլ գիտնական, բջջային հեռախոսի բացասական ազդեցությունը համեմատում է նիկոտինի ազդեցության հետ, այն անվանելով «21-րդ դարի ծխախոտ»:
Ամեն տեսակի հեռահաղորդակցության համար օգտագործվում են բարձր հաճախականությունների էլեկտրամագնիսական ալիքներ: Դրանց ազդեցության մեխանիզմը կապվում է բջջայինից արձակվող ռադիոհաճախականության ազդանշանների գործունեության հետ: Վերջիններս, ջերմացնելով մարդու բջջային հյուսվածքները, ներգործելով օրգանիզմում ընթացող քիմիական երեւույթների վրա, առաջացնում են ստրեսային հակազդեցություն: Սա էլ, իր հերթին, ֆիզիոլոգիական նորմաներից շեղում է ուղեղի աշխատանքը:
Բջջայինները կարող են օրգանիզմում սադրել ասթմա եւ էկզեմա, հարվածել գեներին, տղամարդկանց սեռական ունակություններին, խախտել արյան անոթների ամբողջականությունը: Հատկապես երեխաների դեռեւս չկազմավորված օրգանիզմի վրա բջջայինների ազդեցության վտանգը ոչ ոք չի ժխտում: Մեծ Բրիտանիայում նույնիսկ դադարեցվել է հատուկ երեխաների օգտագործման համար նախատեսված հեռախոսների վաճառքը:
Իռլանդացի բժիշկ-էկոլոգների ասոցիացիան հայտարարել է, որ Իռլանդիայի բնակչության 5 տոկոսը, այսինքն, ամեն 20-րդ մարդը, սեփական բջջայինների ճառագայթման զոհ է դառնում: Դրա ախտանշանները հոգնածությունն են, գլխապտույտը, անքնությունը կամ հաճախակի խանգարվող քունը, սրտխառնոցը, մաշկի գրգռվածությունը: Իռլանդացի բժիշկները նկատել են, որ այսպիսի ախտանշաններ գրանցվել են գրեթե բոլոր այն երկրներում, ուր չափազանց տարածված է բջջայինների օգտագործումը: Ապացուցված է, որ բջջայինով ամեն օր 45 րոպեն գերազանցող խոսակցությունները չդադարող գլխացավերի պատճառ են դառնում: Բարեբախտաբար, այս վտանգը մեզ չի սպառնում, քանի որ բարձր գների պատճառով մեծամասնությունը նման ճոխություն թույլ չի տա իրեն: Սակայն գիտնականները ենթադրում են նաեւ, որ միկրոալիքների ե՛ւ ցածր, ե՛ւ բարձր դոզաներն ազդում են նյարդային համակարգի վրա` առաջացնելով դիսֆունկցիոնալ վիճակ` զարկերակային ճնշման տատանումներ, քրտնարտադրություն, սեռական պոտենցիայի փոփոխություններ:
Անվտանգ չեն համարվում նույնիսկ անմեղ թվացող տեքստային հաղորդագրությունները: Բջջայինից արձակվող ճառագայթումն ազդում է նաեւ մի քանի մետր հեռու գտնվող մարդու վրա:
Նախազգուշական մի հոդված էլ տպագրել է Քաղցկեղի մասին միջազգային հանդեսը (International Iournal of Cancer), ըստ որի, գլխուղեղում չարորակ ուռուցքների առաջացման վտանգը 39 տոկոսով մեծ է այն մարդկանց համար, ովքեր 10 տարի շարունակ կանոնավոր կամ ինտենսիվ օգտագործել են բջջային հեռախոս: Այդպիսի եզրակացության է հանգել ֆինն հետազոտող Աննա Լակոլան, որ շվեդ, դանիացի, նորվեգացի եւ անգլիացի իր գործընկերների հետ ուսումնասիրություններ ու հարցումներ է իրականացրել 1500 բաժանորդների հետ, ում գլխուղեղում չարորակ նորագոյացություններ են հայտնաբերվել:
Ավելի քան 2 հազար ժամ թվային բջջայիններ օգտագործած մարդկանց համար վտանգի մակարդակը մեծանում է 3,7 անգամ: Գիտնականները համոզված են, որ նորագոյացություն առաջանում է գլխի` ականջին մոտ հատվածում, որին հպվում է հեռախոսը խոսակցության ժամանակ: Բջջային հեռախոսի ընդունիչ-հաղորդիչը գտնվում է հենց ականջի մոտ, իսկ գերբարձր հաճախականությունը կենսաբանական օբյեկտների վրա զգալիորեն մեծ է (դա բավական հզոր ճառագայթում է), մանավանդ որ ականջի այդ գոտին եւ ուղեղի այդ հատվածն ամենազգայունն է: Այդ ճառագայթումը կարող է բացասաբար ազդել մարդու սրտի աշխատանքի վրա, եթե նա հեռախոսը ծոցագրպանում պահելու սովորություն ունի կարող է արթնացնել թաքնված հիվանդությունները, որոնք այլ իրավիճակում հնարավոր է չզարգանային:
Առավել տագնապեցնող եզրակացություններ են անում շվեդ գիտնականները: Նրանց կատարած հարցումների վիճակագրական վերլուծությունից հետեւում է, որ 10 տարի հաճախակի ու տեւական ժամանակներով հեռախոս օգտագործած մարդկանց` քաղցկեղով ախտահարվելու վտանգը մեծանում է 77 տոկոսով: Իհարկե, այս դեպքում շվեդների վերլուծությունները վերաբերում են 80-90-ական թվականների արտադրության հեռախոսներին, որոնք ճառագայթում էին 10 անգամ ավելի մեծ էներգիա, քան ժամանակակից հեռախոսները:
Այնուամենայնիվ, բջջայինների քաղցկեղածին ազդեցությունը միարժեքորեն հաստատել դժվար է, քանի որ դրանց զանգվածային կիրառությունն աշխարհում հազիվ 10 տարվա պատմություն ունի, իսկ կենսաբանական տեսակետից քաղցկեղի առաջացման մեխանիզմի հետազոտությունը գիտականորեն հիմնավորված կլինի գոնե 10 տարի բջջային օգտագործած մարդու մոտ միայն, քանի որ այս ախտի զարգացման համար էլ ժամանակ է պահանջվում: Սակայն աշխարհում դեռեւս չկան հետազոտությունների համար բավարար քանակի մարդկանց խմբեր, ովքեր 10 տարի շարունակ օգտագործել են բջջայիններ: Հետազոտողների աշխատանքը դժվար է նաեւ այն առումով, որ հարցված հիվանդների մեծամասնությունը սովորաբար չի հիշում ու չի տալիս հստակ տվյալներ ասենք, գոնե վերջին 6 ամիսների ընթացքում բջջայինների օգտագործման անհատական առանձնահատկությունների վերաբերյալ, թե ի՞նչ հաճախականությամբ են օգտագործել բջջայինը, ավելի հաճախ գլխի ո՞ր հատվածում, ո՞ր ականջի մոտ են պահել եւ այլն: Բժիշկներն ու կենսաբանները համառորեն շարունակում են հետազոտությունները, որոնց նպատակն է որոշակի երաշխիքներ ու սահմանափակումներ մշակել օրգանիզմի վրա էլեկտրամագնիսական ալիքների ներգործությունը նվազեցնելու համար: Այդպիսի երաշխիքներից մեկն արդեն հաստատվել է` բջջային կապից օգտվելու հնարավորություններն ու ժամանակը պետք է խստորեն սահմանափակել երեխաների համար:
Այնուամենայնիվ, հետազոտողների ոչ ստվար մի խումբ էլ կա, որ պնդում է, թե անկախ գործածման ժամանակից ու հաճախականությունից, բջջայինները որեւէ կապ չունեն քաղցկեղով հիվանդացության վտանգի հետ: Քանի որ, ի վերջո, հենց բջջայինի երկարատեւ օգտագործման հետեւանքով առաջացած կոնկրետ փաստեր ու ապացույցներ ոչ ոք դեռ չի հայտարարել: Դանիացի բժիշկ Յոհանսենն, օրինակ, նշում է, որ ուղեղի քաղցկեղով 427 մարդկանց եւ առանց այդ ախտի 822 մարդկանց հետ հարցումները որեւէ հավաստի կապ չեն բացահայտել քաղցկեղի առաջացման եւ բջջայինի երկարատեւ օգտագործման հանգամանքի միջեւ:
Առաջիկայում գիտնականներն ակնկալում են նման տվյալները ճշտել հեռախոսային ընկերությունների միջոցով, 50 հազար եվրոպացի կամավորներ ցանկություն են հայտնել մասնակցելու այդ աշխատանքներին:
ԵՊՀ գերբարձր հաճախականությունների լաբորատորիայում արդեն 10 տարի ուսումնասիրություններ են կատարվում բակտերիաների վրա գերբարձր հաճախականությունների էլեկտրամագնիսական դաշտերի ազդեցության վերաբերյալ: Բակտերիաները լավագույնս ուսումնասիրված միաբջիջ օրգանիզմներ են, որոնք մոդելային պատկերացում կազմելու հնարավորություն կարող են տալ տարբեր օրգանիզմների (այդ թվում եւ մարդու) վրա ներգործությունների վերաբերյալ: Եթե հաջողվի բացահայտել ազդեցության այդ մեխանիզմը, ապա դուռ կբացվի նաեւ տարբեր բակտերիալ հիվանդությունների վրա էլեկտրամագնիսական ալիքներով ազդելու, դրանք բուժելու ու կանխարգելման հավանականության համար: Ավելին, դրանք կարող են կիրառվել նաեւ տարբեր սննդատեսակների երկարատեւ պահպանման համար, քանի որ դրանց քայքայումը պայմանավորված է բակտերիաների տարածմամբ:
Ապացուցվել է, որ որոշակի ընդմիջումից հետո կրկնվող ներգործությունն ավելի թույլ է, դա բացատրվում է ե՛ւ բակտերիաների մեջ, ե՛ւ ամեն մի կենդանի օրգանիզմում պաշտպանական մեխանիզմների ակտիվացմամբ, որոնք փորձում են վերականգնել (եւ ոչ թե գործընթացը սրվում է) նոր առաջացած բոլոր փոփոխությունները:
ՀՀ ԳԱԱ թղթակից-անդամ, կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Բարձրագույն որակավորման հանձնաժողովի նախագահ Արմեն Թռչունյանը Ֆինլանդիայում եւ Ֆրանսիայում կայացած եվրոպական կենսաէլեկտրամագնիսական կոնգրեսներում ներկայացրել է հայ գիտնականների հետազոտությունները: Հայ գիտնականները բակտերիաների օրինակով ապացուցել են, որ գերբարձր հաճախականությունների էլեկտրամագնիսական ալիքները ցածր ուժգնության դեպքում առաջացնում են որոշակի կենսաբանական փոփոխություններ: Դրանք որոշակի պայմաններում արգելակում են բակտերիաների աճը եւ գոյատեւումը, այլ պայմաններում կարող են խթանել դրանց: Հաջողվել է տեղեկանալ նաեւ այդ ներգործության մեխանիզմների մասին առ այն, որ դրանք ներգործում են բջջային թաղանթների ֆիզիկա-քիմիական հատկությունների եւ թաղանթների սպիտակուցների վրա: Ընդ որում, այդ կենսաբանական էֆեկտների միջնորդ հանդես է գալիս ջուրը, որը բջջի կառուցվածքում շատ մեծ նշանակություն ունի: Թերեւս չափազանց արժեքավոր է նաեւ այն հայտնագործությունը, որ էլեկտրամագնիսական ճառագայթների ներգործությունից կարող է լիովին թուլանալ հակաբիոտիկների ազդեցությունը: Եթե նույն փոփոխությունը տեղափոխենք մարդկային օրգանիզմ, ապա կարելի է համարել, որ այդ ճառագայթներով հաճախակի պաշարվող մեր օրգանիզմի վրա հակաբիոտիկ դեղամիջոցները կարող են եւ չազդել, քանի որ ճառագայթահարումները բթացրել են նրա զգայունությունը:
Բջջայինի անմիջական ներգործությունը մարդկային օրգանիզմի վրա ուսումնասիրելու խիստ սահմանափակ հնարավորություններ կան: Տարեսկզբին Դուբնայում (Մոսկվայի մարզ) կայացած միջազգային գիտաժողովում ռուս գիտնականները ներկայացրին մկների, առնետների վրա կատարված հետազոտություններից: Նրանք արձանագրել են բազմաթիվ բացասական էֆեկտներ կապված այդ կենդանիների վարքի, առանձին օրգան-համակարգերում առաջացած փոփոխությունների հետ: Ենթադրվում է, որ նմանատիպ փոփոխություններ կարող են առաջանալ նաեւ մարդու օրգանիզմում: Սանկտ Պետերբուրգի ագրո-ֆիզիկական ինստիտուտում լուրջ հետազոտություններ են կատարվում գյուղատնտեսական բույսերի եւ կենդանիների վրա ներգործության վերաբերյալ: Սակայն բոլոր դեպքերում գիտական լիարժեք եզրահանգումների համար որոշակի ժամանակ է պահանջվում, որպեսզի հասցնեն ուսումնասիրել տարբեր տարիքի, բջջայինների օգտագործման տարբեր ժամկետներով ու հաճախականություններով, տարբեր սովորույթներով ու առանձնահատկություններով մարդկանց: Տեղեկատվական պոտենցիալ բազան չափազանց մեծ է:
Ֆրանսիայում կայացած կոնգրեսի ժամանակ ֆրանսիացիները խոսել են լսողական նյարդի քաղցկեղի մասին: Բոլոր այս կարգի բացասական եզրակացությունները դեռեւս վերջնական համարել չի կարելի, թեեւ դրանք ամսագրերում հրապարակել են միջազգային հեղինակավոր փորձագետները. հետազոտությունների ժամկետն առայժմ բավական փոքր է: Բացի այդ, այս նորագույն բիզնեսի զարգացման ասպարզում տնտեսական մրցակցությունը սուբյեկտիվ գործոններ է ներմուծում, եւ չի կարելի բացառել բջջայինների վտանգի ուռճացման փաստը, քանի որ համապատասխան դրամաշնորհների եւ ֆինանսավորումների ակնկալիքներ կարող են լինել:
Այնուամենայնիվ, արդեն մշակվել են նաեւ տեխնիկայի օգտագործման որոշ սահմանափակումներ եվրոպական երկրների համար: Արմեն Թռչունյանն ասում է, որ արդեն մշակվում են ավելի բարձր հաճախականություններով ու ավելի ցածր ուժգնություններով կապի միջոցներ, որոնց ներգործությունը նվազ վտանգավոր կարող է լինել: Սակայն այդ նոր միջոցները եւս նոր հետազոտությունների կարիք կունենան, քանի որ անկանխատեսելի որեւէ իրողություն կարող է շրջել նախնական վարկածները, ինչպես հաճախ լինում է:
Այսօր միջազգային խոշոր հիմնադրամներն ու հեռախոսային այնպիսի ընկերություններ, գիտական քննարկումների մշտական մասնակիցն են: Նրանց խնդիրը հուզում է ոչ միայն առողջության պահպանման, այլեւ բիզնեսի զարգացման սրբագրումներ կատարելու համար:
Ի դեպ, շատ դեպքերում բջջայինների ազդեցությունը պայմանավորվում է նաեւ օրգանիզմի անհատական առանձնահատկություններով, մեկի վրա կարող է ազդել, մյուսի վրա` ոչ: Մասնագետներն այսօր առաջարկում են կանխարգելման նվազագույն միջոցը` ականջակալներով բջջայինների օգտագործումը: Մանավանդ եթե օրգանիզմը կանխատրամադրվածություն ունի եւ եթե բջջային օգտագործում են երեխաները կամ հղիները:
ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ