«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#92, 2007-05-17 | #93, 2007-05-18 | #94, 2007-05-19


«ՄԵՆՔ ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ ԱՅՆՔԱՆ ՉԵՆՔ ՎԱԽԵՆՈՒՄ ՍՔԻՆՀԵԴՆԵՐԻՑ, ՈՐՔԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ` ՈՍՏԻԿԱՆՆԵՐԻՑ»

31-ամյա Լեւոն Գուլյանի մահվան հանգամանքների արդարացի հետաքննություն կազմակերպելու պահանջով «Ազգի» կայքէջում անցկացված ստորագրահավաքին 3 օրում մասնակցեց 140 մարդ: Հիշեցնենք, որ հանգուցյալի հարազատները չեն հավատում պաշտոնական վարկածին, թե Գուլյանը պատուհանից նետվելով ինքնասպան է եղել, եւ պնդում են, որ նրան սպանել են խոշտանգումներից հետո: Ստորագրահավաքի մասնակիցները սփյուռքի (Բելգիա, Նիդեռլանդներ, Ռուսաստան, ԱՄՆ) ուսանողներ են, լրագրողներ, տնտեսագետներ, համակարգչային մասնագետներ, ինժեներներ, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, իրավաբաններ ու ֆիզիկոսներ: Կատարված ողբերգությանը նրանց արձագանքը միայն հաստատում է այն ցավալի փաստը, որ մեր հասարակության մեջ իրավապահները խիստ աննպաստ համարում ունեն: «Մենք Ռուսաստանում սքինհեդներից այնքան չենք վախենում, որքան Հայաստանում` ոստիկաններից», գրում է Ռազմիկը Տոլյատիից:

Հոկտեմբերի 27-ի գործով հայտնի, լրագրող, սոցիոլոգ Նաիրի Բադալյանը (ԱՄՆ) ստորագրել է այսպես` «Հայաստանի ոստիկանության խոշտանգումների մեքենայի ճանկերից հրաշքով դուրս պրծած»:

Մասնակիցների մեծամասնությունը կոչ է անում Գուլյանի հարազատներին չհուսահատվել եւ չդադարեցնել պայքարը ճշմարտությունը բացահայտելու համար:

Այսօր, ժամը 18-00-ին, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակում (Պուշկինի 56ա, 2-րդ հարկ) տեղի կունենա համատեղ մամուլի ասուլիս:

Մամուլի ասուլիսին կմասնակցի Դանիական IRCT (International Rehabilitation Council for Torture Victims) կազմակերպության ուղարկած երեք անկախ դատաբժշկական փորձագետներից կազմված հանձնաժողովը, որը կհրապարակի Լեւոն Գուլյանի դիակի երկրորդ դատաբժշկական փորձաքննության նախնական արդյունքները:

ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4