Հուղարկավորության մշակույթն աղավաղվել է
«Հայելի» ակումբի հյուրեր ազգագրագետ Կարլ Սեղբոսյանը եւ Արարատյան հայրապետական թեմի առաջնորդարանի Սուրբ Սարգիս եկեղեցու հոգեւոր սպասավոր Հակոբ քահանա Խաչատրյանը երեկ այդպես էլ ընդհանուր լեզու չգտան հրատապ դարձած այնպիսի հարցում, ինչպիսին է թաղումը դիակիզումով փոխարինելը: Մեր գերեզմանոցները չափազանց նեղացել են նոր հանգուցյալներ ընդունելու համար եւ անընդհատ առաջանում են` մոտենալով բնակելի թաղամասերին, ստվերելով կենդանի մնացածների առօրյան:
Քանաքեռ-Զեյթունի գերեզմանոցն այսօր ավելի մեծ է, քան ողջ համայնքի տարածքը: Հիշեցնենք, որ խորհրդարանում արդեն քննարկվել է տիպային գերեզմանների ստեղծման վերաբերյալ օրենքը, իսկ դիակիզումն առայժմ մնում է իբրեւ այլընտրանքային տարբերակ:
Ակումբի երեկվա հյուրերի կարծիքների անհաշտությունը բխում էր նրանց համոզմունքների տրամագծային հակադրությունից: Ազգագրագետը չի հավատում հանդերձյալ կյանքի գոյությանը, եւ պատրաստ է դիակիզվելու առաջին օրինակը ցույց տալ: «Դիակիզումը հիգիենիկ շատ մեծ նշանակություն ունի. այսօր նույնիսկ կես մետրի վրա թաղում են անում, իսկ 1 մ 40 սմ-ից պակաս չպիտի լինի: Այրված մոխիր թաղելը, թեկուզ կես մ-ի վրա, նույնիսկ էկոլոգիական առումով նախընտրելի է», պնդում է նա:
Քահանան իր հերթին համոզված է, որ դիակիզումը հակասում է քրիստոնեական հավատի սկզբունքներին, իսկ մարդը որքան շատ հավատա դրանց, այնքան հեշտ կլինի ե՛ւ ապրելը, ե՛ւ հոգու փրկությունը:
Համենայն դեպս, երկուսն էլ համակարծիք են, որ կրոնական արժեքների աղավաղումը խաթարել է սովորույթների բովանդակությունն ու մարդկանց վերաբերմունքը դրանց հանդեպ: Ամենամեծ կորուստը սրբության զգացողության կորուստն է: Այսօր քանդում են գերեզմանների ճաղերը, թալանում քարերը, պոկում-տանում ալյումինը: Ազգագրագետը հիշեցնում է, որ մեր նախնիների համար գերեզմանատները սրբավայր են եղել, նրանք ցանկապատել են դրանք, որպեսզի անասուններ մուտք չգործեն այնտեղ: Ընդունված է եղել մեկ քարից պատրաստված համեստ տապանաքար տեղադրելու սովորույթը, որ մահացածի անուն-ազգանունը, հիշատակը պիտի պահեր երկրի վրա:
Խեղաթյուրումներն սկսվեցին 60-ական թվականներից, երբ մարդիկ գռեհկացնելով ավանդույթները, սկսեցին գերեզմանի փոխարեն տներ ու շքեղ գերեզմանաքարեր կառուցել, արձաններ տեղադրել: Քաղքենիությունը տիրապետեց հուղարկավորության բոլոր ծեսերի վրա, դրանք վերածվեցին ճոխ սեղանների ցուցադրության, որոնք հաճախ հանգուցյալի հարազատները բացում են պարտքերի տակ ընկնելով: Առաջներում հասարակությունն ավելի բարոյական է եղել մարդկային վշտի հանդեպ:
Այդ բոլոր արարողությունների ծախսը հոգացել են ծանոթներն ու մյուս հարազատները, իսկ այսօր ծանր կորստի հետ մարդը ստիպված է լինում մտածել նաեւ ուժից վեր ծախսերի եւ հուղարակավորությունն ընդունված չափանիշներին համապատասխան անցկացնելու մասին:
ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ