Օկլահոմայի նահանգի Ստիլուոտա քաղաքում ընթանում է շախմատի ԱՄՆ-ի հերթական առաջնությունը, որի մրցանակային ընդհանուր հիմնադրամը 75 հազար դոլար է: Առաջնության պարգեւները վիճարկում են 36 շախմատիստներ, որոնց կեսից ավելին գրոսմայստերներ են: Նրանց թվում են գործող չեմպիոն Ալեքսանդր Օնիշչուկը (2663), Հիկարու Նակամուրան (2663), Յան Էլվեստը (2643), Ալեքսանդր Շաբալովը (2606), Իլդար Իբրահիմովը (2602), Յուրի Շուլմանը (2600) եւ Գրիգորի Կայդանովը (2587): Մասնակիցների թվում են նաեւ հայազգի չորս շախմատիստներ` Վարուժան Հակոբյանը, Մելիքսեթ Խաչիյանը, Մովսես Մովսիսյանը եւ Շուշանիկ Հայրապետյանը: Մրցաշարն անցկացվում է շվեյցարական մրցակարգով, 9 տուրով: Նշենք, որ առանձին հաշվարկ է կատարվում մրցաշարին մասնակցող շախմատիստուհիների համար, որոնց արդյունքներով էլ որոշվում է ԱՄՆ-ի կանանց չեմպիոնուհին:
Կայացած 3 տուրից հետո մրցաշարային աղյուսակը միանձնյա գլխավորում է Ալեքսանդր Շաբալովը: 3-րդ տուրում նա իր 3-րդ անընդմեջ հաղթանակը տոնեց` պարտության մատնելով առաջատարներից մեկին` Իլդար Իբրահիմովին, որը մինչ այդ 2 միավոր ուներ: 2,5-ական միավորով հաջորդ տեղերում են Հիկարա Նամակուրան, Գրիգորի Կայդանովը, Ալեքսանդր Օնիշչուկը եւ Յան Էլվեստը:
Հայ շախմատիստներից առայժմ հաջող են հանդես գալիս Վարուժան Հակոբյանն ու Մելիքսեթ Խաչիյանը, որոնք վաստակել են 2-ական միավոր: Հակոբյանն առաջին տուրում հաղթել է Ռոնալդ Բուրներին, հաջորդ պարտիան Խաչիյանի հետ ավարտել է ոչ-ոքի, իսկ 3-րդ տուրում միավորը բաժանել է Ալեքս Երմոլինսկու հետ:
Խաչիյանը եւս մրցաշարը սկսել է հաղթանակով` առավելության հասնելով Թոմ Բրաունլիշի նկատմամբ, իսկ 3-րդ տուրում ոչ-ոքի է խաղացել Յուրի Սուլմանի հետ: Շուշանիկ Հայրապետյանն առայժմ ունի կես միավոր, որը վաստակեց 3-րդ տուրում` ոչ-ոքի խաղալով Թոմ Բրաունլիշի հետ: Իսկ առաջին երկու պարտիաներում հայ շախմատիստուհին զիջել էր Էնրիկո Սեւիլանոյին ու Բրայան Սմիթին: Իսկ ահա Մովսես Մովսիսյանը բոլոր երեք պարտիաներում էլ պարտվել է:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ