Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանը Ռուսաստանի մամուլում ունեցած իր հարցազրույցներում հետեւողականորեն այն միտքն է զարգացնում, որ Երեւանը պիտի ձգտի լավ հարաբերություններ պահպանել ե՛ւ Մոսկվայի, ե՛ւ Վաշինգտոնի հետ, ինչը եւ, նրա կարծիքով, ամենահայամետ քաղաքականությունն է: Ըստ երեւույթին ներկա պատմական փուլում դա այդպես է:
Իր մերձավորարեւելյան քաղաքականության մեջ կրած խայտառակ ձախողումներով ԱՄՆ-ն սկիզբ դրեց միաբեւեռ աշխարհի քայքայմանը: Ռուսաստանը, ճիշտ է, կամաց-կամաց ոտքի է կանգնում, բայց դեռ հեռու է Խորհրդային Միություն դառնալու իրողությունից: Առավել եւս, որ բազմաբեւեռ աշխարհի կազմավորման գործընթացում չեն կարող աննկատ մնալ «ատլանտյան ընդհանուր շուկա» ստեղծելու ԱՄՆ-ի եւ Եվրոմիության ծրագրերը, որոնք չեն կարող լինել Ռուսաստանի օգտին: Սակայն այդ շաբլոն ձեւակերպման տակ հասկացվում են առաջին հերթին Չինաստանի սրընթաց զարգացող հզորությանն ու ազդեցության ոլորտների տարածմանը դիմակայելու լուրջ կողմնորոշիչներ:
Գուցե Չինաստանը շատ հեռու է Հայաստանից, կամ, իբր, նա կոմունիստական տերություն է, իսկ մենք «դեմոկրատական» երկիր ենք, գուցե նրա հզորությունը մեզ համար տակավին վերացական է: Ո՛չ: Արդեն այժմ ժամանակն է, որ Երեւանն առավել քան ուշադիր հետեւի այդ պետության գործողություններին, քանզի, ի հակակշիռ ատլանտյան դաշինքի, նա է դառնում ակտիվորեն ձեւավորվողՙ պատմականորեն «խաղաղօվկիանոսյան» կոչված համաշխարհային ամփոփ ուժի նոր կենտրոնը: Ամենայն հավանականությամբ արդեն ոչ հեռու ապագայում աշխարհն ականատես կդառնա այս երկու գլոբալ միությունների համապարփակ հակասությունների դրսեւորմանն ու շահերի բախմանը: Ընդսմին, եթե անցած դարում համաշխարհային սոցիալիզմի ու կապիտալիզմի մրցակցությունն ընթանում էր գերազանցապես գաղափարառազմական բնագավառում, ապա այստեղ շեշտը դրվելու է էկոնոմիկայի վրա: Չինացիները երբեք խորհրդային «կոմունիզմ» չեն կառուցի, ինչը հանգեցրեց ԽՍՀՄ-ի փլուզմանը: Չինացիները կառուցում են պետական կապիտալիզմ, ինչին իր պաշտոնակոչման եզրագծին ընդօրինակում է Պուտինը: Արեւելյան դրակոնը հսկայական գումարներ է ներդնում նորագույն տեխնոլոգիաների, գիտության, ֆինանսական ճկուն համակարգերի զարգացման համար: Նաեւ օգտագործելով իր հզոր «սփյուռքը», Չինաստանն արդեն իր ազդեցության գոտու մեջ է ներառել ոչ միայն անմիջական հարեւաններինՙ Մալայզիա, Սինգապուր, Ֆիլիպիններ, Ինդոնեզիա եւ ուրիշներ, այլեւ «սոցիալիստական» կարգախոսներով (իսկ ըստ էությանՙ ֆինանսներով) ներխուժել է Լատինական Ամերիկաՙ Կուբա, Վենեսուելա, Բոլիվիա: Չինաստանի շունչն իրենց վրա են զգում նախկին միջինասիական խորհրդային հանրապետությունները:
Սակայն «խաղաղօվկիանոսցիների» հարվածային ուժը շեշտակի կդառնա, երբ մերձենան այդ նոր աշխարհի երկու հզորներըՙ Չինաստանն ու Ճապոնիան: Իսկ ամեն ինչ դրան է հանգում: Պեկինն արդեն այսօր դուրս է մղել ԱՄՆ-ին եւ դարձել Ճապոնիայի խոշորագույն առեւտրական գործընկերը: Իսկ ի՞նչ է տեղի ունենում բուն Ճապոնիայում նոր ղեկավարի օրոք: Սինձո Աբեն տոհմական քաղաքագետ է եւ պատկանելով երկրի արիստոկրատական վերնախավին, այլեւս չի նայում Ամերիկային որպես փրկչի ու հովանավորի: Ավելին, նա խիստ կասկածամիտ է վերջինիս կողմից պարտադրված սահմանադրության «խաղաղասիրական» սկզբունքների նկատմամբ, եւ առաջիկայում պետք է սպասել Ճապոնիայի ոչ միջուկային տերության կարգավիճակի փոփոխմանը: Չմոռանանք, որ այս աշխարհաշրջանում գերիշխում են ոչ թե եվրոպական «լիբերալ» արժեքները, որոնք Արեւմուտքին այլասերում են բարոյապես, այլՙ հազարամյակների միջով անցած սեփական կենսափիլիսոփայության հիմունքները, որոնք գերապատվություն են տալիս ընտանիքին, աշխատասիրությանը, կարգապահությանը, համբերատարությանը, էթնիկական համերաշխությանը եւ այլն:
Ռուսաստանում լավ են հասկանում, որ, ինչպես ասվեց, ռազմավարական պարտություն կրելով Մերձավոր Արեւելքում (իսլամական աշխարհում), ատլանտիստները, Չինաստանին զսպելու նպատակով, պիտի փորձեն իրենց ենթարկել «միջանկյալ» տերություններինՙ Հնդկաստանին ու Ռուսաստանին, լատինամերիկյան պետություններին: էներգատարներիՙ Ռուսաստանին շրջանցող նոր ուղիներ կառուցելու, Եվրոմիությունում հակահրթիռային նոր համակարգեր տեղակայելու, ներռուսական ընդդիմությանը ֆինանսավորելու եւ սադրելու ծրագրեր ու համանման մյուս գործողությունները վկայում են, որ Արեւմուտքը գործի է անցել: Պատահական չէր նաեւ Ռուսաստան-Եվրոմիություն վերջին հանդիպման անարդյունավետությունը:
Եվ այս պայմաններում կրկին հրատապ է դառնում Պուտինի երրորդ ժամկետի հարցը: Թերեւս նա միայն կարող էր իր հեղինակությամբ հաշտեցնել ռուս եկեղեցու երկու ճյուղերը, եւ ուղղափառությունը դարձնել ազգի համերաշխման եւ հզորացման ազդեցիկ կռվան: Թերեւս միայն Պուտինը կարող էր լեզու գտնել Ղազախստանի ու Թուրքմենստանի ղեկավարների հետ եւ խափանել ատլանտիստների անդրկասպյան պլանը եւ այլն: Գուցե իրոք իրավացի՞ են պուտինամետ ուժերը, որոնք անընդհատ տարփողում են այն միտքը, որ եթե նա հրաժարվի գահից (ինչին տենդագին ձգտում է Արեւմուտքը), ապա դա կդիտվի ոչ թե որպես ազնվություն, այլ սոսկ թուլության նշան:
ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա