«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#95, 2007-05-22 | #96, 2007-05-23 | #97, 2007-05-24


ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ԼՔԵԼ «ՕՐԻՆԱՑ ԵՐԿԻՐԸ»

Այս անգամ լքելու ուղին է բռնել մեծամասնական ընտրակարգով ընտրված կուսակցության միակ ներկայացուցիչ Սամվել Բալասանյանը: Թիվ 35 ընտրատարածքից (Գյումրի) պատգամավոր ընտրված Բալասանյանն այլեւս չի ցանկանում լինել «Օրինաց երկիր» խմբակցության կազմում: Արդեն իսկ դիմում է ներկայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողովին, նշելով. «Խնդրում եմ առաջիկա հինգ տարիներին ինձ չընդգրկել «Օրինաց երկիր» խմբակցությունում»: Կուսակցությունում լինելն էլ Բալասանյանի անցյալի որոշումների շարքում է մնացել. երեքշաբթիՙ մայիսի 22-ին պատգամավորը դիմել է կուսակցությունից դուրս գալու համար: Երրորդ գումարման ՀՀ ԱԺ «Օրինաց երկիր» խմբակցության ղեկավարը նախորդ տարի խմբակցության նոսրացման փուլում իր մնալ-գնալու մասին հարցին ի պատասխան լրատվամիջոցներից մեկին փաստել էր. «Ես 52 տարի ապրել եմ եւ ճիշտ եմ ապրել, ես 2 տղա երեխա ունեմ, որ նոր կյանք են մտնելու, նրանց չե՞ն ասիՙ բա էս հերդ ի՞նչ կատարեց»: Սամվել Բալասանյանից առաջ, մինչեւ խորհրդարանական ընտրությունները ՕԵԿ-ը լքել էր գարեջրի գործարանի եւս մեկ սեփականատեր, Տավուշի թիվ 41 ընտրատարածքում առաջադրված Հակոբ Հակոբյանը եւ իր անդամությամբ անմիջապես էլ համալրել ՀՀԿ շարքերը: Իսկ Հակոբ Հակոբյանին նախորդածների թիվը տասնյակով է հաշվվում, որոնք ՕԵԿ ընդդիմադիր թեւ անցնելու հետ մեկտեղ սկիզբ առան, բայց դա արդեն անցած ու ներկայացված պատմություն է, հետեւաբար չանդրադառնանք: Ի դեպ, ՕԵԿ փոխնախագահ Հեղինե Բիշարյանի գնահատականով, Սամվել Բալասանյանի քայլի բացատրությունը պատգամավորական մանդատի պահպանման գինն է. «Ամենայն հավանականությամբ նա պատգամավորական աթոռ ստացավ ու որոշեց, որ կարելի է դուրս գալ կուսակցությունից»: Հետեւությունն արդեն հնացած է, բայց արդիականՙ Հայաստանում գործարար լինելու համար պետք է ՀՀԿ անդամություն ունեցող պատգամավոր լինել կամ էլ ՀՀԿ կողմից օգտագործված քաղաքական ուժի ներկայացուցիչ, այլապես, մեղմ ասած, օդը կփակեն:

ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4