Քըրք Քըրքորյանը ցանկանում է «Էմ Ջի Էմ միրաժ» ընկերությունից գնել Lաս Վեգասի հայտնի «Բելաջիո» խաղատունը` իր հյուրանոցային համալիրով, եւ դեռ կառուցվող «Սիթի սենթր» համալիրը: «Ազատության» տեղեկացմամբ, երկու գործարքները կարժենան 11-12 միլիարդ դոլար: Այդ լուրը իսկույն աշխուժություն է առաջացրել շուկայում. «Էմ Ջի Էմ միրաժ»-ի բաժնետոմսերի գինը բարձրացել է 16 տոկոսով: «Սիթի սենթր»-ի կառուցումը նախատեսվում է ավարտել 2010 թվականին: 26 հեկտարից ավելի տարածքի վրա կառուցվում է հյուրանոց` 1650 բարձրակարգ եւ 4000 սովորական համարներով, 51 հազար քառակուսի մետրի վրա լինելու են առեւտրի, զվարճանքի օբյեկտներ, ռեստորաններ: «Բելաջիո» խաղատուն-հյուրանոցը «Էմ Ջի Էմ միրաժ»-ին է պատկանում 2000 թվականից: Միայն խաղատունը 10 հազար քառակուսի մետրից ավելի տարածք է զբաղեցնում, հաճախորդներին առաջարկվում են հյուրանոցի շուրջ 4000 համարները: Համալիրի տարածքում կա նաեւ արհեստական լճակ` 32 հազար քառակուսի մետր մակերեսով: Այս երկու գործարքները կատարելու համար Քըրքորյանին անհրաժեշտ է հակամենաշնորհային մարմինների թույլտվությունը: Քըրքորյանի հիմնադրած «Թրասինդա» ընկերությունը արդեն իսկ «Էմ Ջի Էմ միրաժ»-ի բաժնետոմսերի 56 տոկոսի սեփականատերն է: