Արամ Խաչատրյանի անվան Երեւանի օպերայի եւ բալետի թատրոնին հատող պաստառապատի կողքով անցնելիս ակամա հասկանում ես մի պարզ ճշմարտություն. արվեստը սահմաններ ու սահմանումներ չի ճանաչում: Պարզ է դառնում նաեւ, որ նախկինում այս ամենի մասին քո պատկերացումները, որքան էլ քեզ համար տարօրինակ հնչի, եղել են բավական միամիտ ու մեղմ ասածՙ իրականությանը ոչ այնքան մոտ: Սա դեռ վերջը չէ. ավելի ուշադիր ու մանրակրկիտ ուսումնասիրելով պաստառներից յուրաքանչյուրն ու ծանոթանալով դրանց բովանդակությանըՙ վերջնականապես ինքդ քեզ համար կբացահայտես, որ արվեստից ու մշակույթից կա՛մ լավ գլուխ չես հանում, կա՛մ պարզապես հետ ես մնացել ժամանակից: Շատ բան անհրաժեշտ չէՙ երեւակայություն+վերլուծություն=եզրակացություն:
Ժամանակի հրամայականն իր կնիքը դրել է ամեն ինչի վրա: Մեծապաստառ կոչերն ու հրավերները եւս դա են հաստատում: Իսկապես, ինչ կա՞ որ, օրինակ, ազգային պատկերասրահում մեր ինքնությունը հերթական անգամ գիտակցելուց, ճշտելուց ու հաստատելուց հետո կարելի է վայելել նաեւ, ասենք, Պարսկաստանի շունչը. մեր հարեւանները մեզ մեծահոգաբար, սիրով առաջարկում են վայելել նարգիլե, պարսկական ուտեստների ընտրանի եւ այս ամենը պաստառինՙ պարսկատառ վերտառությամբ. ի լուր բոլորինՙ մենք բոլոր ժողովուրդների արժեքներն էլ հարգում ենք ու լիապաստառ պրոպագանդում: Արվեստը հայրենիք չի ճանաչում. այս իրողությունն աչք է ծակում: Սա մենք չենք ասել, բայց հաստատում ենք: Իսկ մյուսները եւս կհասկանա՞ն արդյոք մեր այս ազգախառն արվեստը, թեՙ ոչ, իրենց խնդիրն է: Կարեւորըՙ մենք մեր կողմից մեր շնորհքն ու մեծահոգությունն ենք ցույց տալիս: Մեր էությունն է այդպիսին (չե՞ք հավատում, բացեք պատմության դասագրքերը):
«Արշակ 2-րդ» օպերա, քաղաքի բարձրակարգ ժամանցային ակումբներ (նշված բարձրաճաշակ արվեստի կոթողներից հատկապես աչքի է ընկնում «Astral» ակումբը. արժանի լրացումն է մյուս ժամանցի վայրերի, որոնցից է օպերան: Եթե տոմսեր չկան «Անուշը» դիտելու, սարսափելի չէ, բա էլ ո՞ր օրվա համար են ակումբները. ըմբոշխնեքՙ լրացնելով հոգեւոր սննդի պակասը), Շուման, «Գայանե» բալետ, Արման Հովհաննիսյան, կամերային երաժշտության գործիչներ, 8 կամ, ավելի ճիշտ, 7,5 ամենահումորաստեղծ կոստյումավոր տղաները: Այս երախտավորների լուման հայ արվեստի կայացման ու զարգացման դժվարին ճանապարհին դժվար է թերագնահատել, հանցավոր չլինենք:
Աչք են շոյում ջութակահարների ու թավջութակահարների հանրապետական յոթերորդ մրցույթի հրավերն ու անմիջապես նրա կողքին, որպես ամենատրամաբանական հաջորդականություն, անշարժ գույքի ցուցահանդես վաճառքի հրավիրող բարձրագոռգոռ պաստառները, եւ այս ամենը միայն բարձրաճաշակ արվեստը գնահատողների համար, հիրավի, ներդաշնակ համադրություն: Ինչպես ասել են մեր իմաստուն մեծերը, ճաշակին ընկեր չկա (մեր ճաշակն ուրիշ ճաշակներեն է.-Սայաթ-Նովա), մի խոսքովՙ մերն ուրիշ է:
Խիստ արվեստասեր դուրս եկանք, թող ամբողջ աշխարհն իմանա: Ազգովին տաղանդներ փնտրում եւ, որ ամենակարեւորն է (ես կասեիՙ ամենահետաքրքրական) գտնում ենք ամենուր, իրոք որՙ ով փնտրում է նա գտնում է: Պետք է ասել, որ նույն այս հավերժական փնտրտուքի մեջ էլ գտել ենք շատ այլ նորանոր ու չտեսնված, չլսված բաներ: Հայտնաբերել ենք, օրինակ, գեղեցիկի հետ հաղորդակցվելու, գեղեցիկը ըմբոշխնելու այլ, անգամ կարելի է ասելՙ այլընտրանքային տարբերակներ. ընտրություն կա, եթե ձեզ, ասենք, այնքան էլ չի հետաքրքրում թավջութակի համար սոնատը, ցանկում հատուկ ընդգրկված է նաեւ Սոնաՙ գեղագիտական հաճույքՙ անկողնում (պաստառինՙ մեծ-մեծ տառերովՙ «Անկողնում Սոնայի հետ») երեւակայությունն ու ստեղծագործելու ցանկությունը եւ ունակությունն այստեղ անկասկած անասելի բարձունքների է հասնում, ահա թե ինչպիսին պետք է լինի իսկական մուսան: Արվեստի աշխարհում ոչինչ երբեք այսքան գայթակղիչ չի եղել: Գեղեցիկի հետ անմիջական ու սերտ շփումն է, որ կփրկի աշխարհը. ամեն կասկածից վեր է: Մնում է միայն ապրել ու վայելել: Սառը դահլիճներն ու մետրերով հեռու բեմն արդեն նորաձեւությունից դուրս են. հետո էլ կասենքՙ երիտասարդները արվեստով չեն հետաքրքրվում, ճիշտ չեն ընկալում: Պարզապես արվեստ էլ կա, արվեստ էլ: Մամուլի ամենաէլիտար ներկայացուցիչները այստեղ ուղղակի անփոխարինելի են. որքան մեծ պետք է լինի այսպիսի ամսագրերից մեկի, «El style»-ի սերը դեպի մեծ արվեստը, որպեսզի համապատասխան շուկայում բավական թանկ գնահատվող առաջին էջը տրամադրի այս նորարարության արտացոլմանն ու տարածմանը, ավելինՙ անմահացնի բոլոր նրանց համար, ովքեր միամիտ, անտարբեր անցնեն այս էլիտար ամսագրի կողքով ու չնկատեն այն. մեծ պաստառըՙ ամսագրի լայնածավալ շապիկով ու ողջ երկայնքով-լայնքով պառկած ներշնչված օրիորդով (նույն ինքըՙ Սոնա) հանդերձ հաստատ աննկատ չի մնում (չնայած սրանՙ յուրաքանչյուր իրեն հարգող քաղաքացի պետք է իմանա գոնե «El style»-ի վերջին նորությունները, սակայն բացառություններ, ինչպես գիտեք, միշտ էլ լինում են): Ցանկացած նորարարություն, այն էլ այսպիսի ցնցող ու արժեքավոր, պետք է հասու լինի բոլորին, լուսավորենք ինքներս մեզ: Եվ վերջապես ինչպե՞ս կարելի է չտեղեկացվել նաեւ աստղային հարսանիքներից, նորաձեւության վերջին ճիչերից: Մնում է միայն իրազեկվել, ապրել ու վայելել: Բա՞, ինչպես կասեն մեր հումորի դասականներըՙ էս էլ ըսենց:
Ասում եք, էլի, բա մեզնից փախչենք, մեր դեմոկրատիայից էլ հո չե՞նք փախչի:
ԱՐՈՒՍՅԱԿ ՊԱԼՅԱՆ