«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#97, 2007-05-24 | #98, 2007-05-25 | #99, 2007-05-26


ԺԻՐԱՅՐ ԼԻՊԱՐԻՏՅԱՆ. ՆԱՏՕ-Ի ՆԵՐԳՐԱՎՈՒՄԸ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ ՈՒՆԻ ՀԱԿԱՑՈՒՑՈՒՄՆԵՐ

ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Եվրատլանտյան կառույցներին ինտեգրվելու հնարավորություններն ու մարտահրավերները հարավկովկասյան երկրների համար քննարկման թեմա էին երեկ միջազգային սեմինարի ընթացքում, որի կազմակերպիչներն էին Ֆրիդրիխ Նաուման հիմնադրամն ու Քաղաքական եւ իրավական հետազոտությունների «Համաձայնություն» կենտրոնը: «Համաձայնություն» կենտրոնի նախագահ Դավիթ Շահնազարյանը քննարկման թեման ներկայացնելիս նշեց, որ թեեւ հանրապետությունում հետընտրական հարցերն են մնում կարեւոր, սակայն աշխարհաքաղաքական կտրվածքով կարեւորություն ունեն նաեւ տարածաշրջանի գործընթացները, որոնցից էլ առանձնացվել էին հարաբերությունները ՆԱՏՕ-ի հետ:

Հիմնական զեկուցողներից էր միջազգային հարաբերությունների, ռազմական անվտանգության, քաղաքական եւ տնտեսական վերլուծաբան Ռիչարդ Կիրակոսյանը, որ ներկայացրեց իր մոտեցումներն այն առնչությամբ, թե ինչու ՆԱՏՕ-ի ներգրավումը այս տարածաշրջանում կարեւոր է եվրատլանտյան ինտեգրացիայի տեսանկյունից: Կիրակոսյանը նշեց, որ, ամենից առաջ, ՆԱՏՕ-ն վերափոխել է իր կարգավիճակը մանդատի եւ առաքելության կտրվածքով: Եվ հաշվի առնելով միջազգային անվտանգության հարցերը` Հարավային Կովկասի երկրները կարեւոր նշանակություն ունեն:

Կիրակոսյանը խոսեց հարավկովկասյան երկրների ընդհանրություններից, որոնք առնչվում են ոչ թե ՆԱՏՕ-ին անդամակցությանն, այլ տարածաշրջանում ՆԱՏՕ-ի ներգրավմանը: Մասնավորապես, ՆԱՏՕ-ն պետք չէ դիտարկել միայն ռազմական կառույց, քանի որ լայնորեն ներգրավված է անվտանգության ոլորտի, Հայաստանում ՊՆ համակարգում քաղաքացիական աշխատակիցների ներմուծման, պաշտպանական բյուջեի գործընթացների ու թափանցիկության, նաեւ ազգային անվտանգության բարեփոխումներում:

Այս համատեքստում վերլուծաբանն ընդգծեց ազգային անվտանգության հայեցակարգի ընդունման կարեւորությունը, որը հետագա բարեփոխումների հիմքն է:

Կարեւորվեցին նաեւ այնպիսի գործընթացներ, ինչպիսին է հայ խաղաղապահների մասնակցությունը Կոսովոյի եւ Իրաքի խաղաղապահ առաքելություններում: Այս կերպ, ըստ Կիրակոսյանի, Հայաստանը հանդես է գալիս ոչ թե միայն միջազգային անվտանգության սպառող, այլեւ ունի իր ներդրումը: Միեւնույն ժամանակ իրատեսությունը փաստում է, որ համագործակցությունը ՆԱՏՕ-ի կառույցներում սահմանափակ է մեր տարածաշրջանում` հաշվի առնելով հարավկովկասյան երկրների միջեւ առկա խնդիրները:

Ինչեւէ, տարածաշրջանում, ըստ Ռիչարդ Կիրակոսյանի, կարելի է դիտարկել երեք միտում: Նախ, տարածաշրջանում կա ռազմականացման միտում, աճում են սպառազինության ծախսերը, անկայունություն է նկատվում ներքին իրավիճակում: Այս ֆոնին էլ ՆԱՏՕ-ի` մեր տարածաշրջանում դերակատարությունն ավելի շատ վերլուծաբանը կարեւորում է ոչ թե ռազմական, այլ մյուս հարցերում:

Միջազգային սեմինարի մյուս զեկուցողը Միչիգանի համալսարանի պրոֆեսոր Ժիրայր Լիպարիտյանն էր: Նախապես հայտարարելով արդեն իսկ թվարկված դրույթներին իր անհամաձայնության մասին` Լիպարիտյանն անցավ այն հարցին, թե ընդհանրապես ինչ նպատակ ու խնդիրներ ունի ՆԱՏՕ-ն, երբ չկա Խորհրդային Միությունը, որին ի հակակշիռ ստեղծվել էր այդ կառույցը: Այսօր ՆԱՏՕ-ն վերասահմանել է իր նպատակը, բայց, Լիպարիտյանի մոտեցմամբ, ծագում է երկրորդ հարցը, թե որ խնդիրն է ՆԱՏՕ-ի լուծելիքը Հարավային Կովկասի երկրներում:

Արդեն իսկ տարածաշրջանում կան եվրոպական շատ կառույցներ, որ տարբեր հարցեր են լուծում, ուստի արդյոք կա՞ ՆԱՏՕ-ի անհրաժեշտությունը որեւէ խնդիր լուծելու: Մյուս կողմից, ըստ Միչիգանի համալսարանի պրոֆեսորի, ՆԱՏՕ-ն որպես ռազմաքաղաքական կառույց ներկայանալով խուսափում է իր հիմնական դերից` ԱՄՆ գործիք ներկայանալուց: Այս տեսանկյունից մոտենալու դեպքում պարզ չէ, թե ինչ կարող է անել հիմնականում ԱՄՆ ներկայացնող ՆԱՏՕ-ն, երբ աշխարհի շատ երկրների հետ հենց Միացյալ Նահանգների հարաբերությունները հստակ չեն:

Ժիրայր Լիպարիտյանն այն կարծիքին է, որ հարավկովկասյան երկրների առումով վտանգը հենց այդ հանրապետությունների միջեւ է, որտեղ էլ առաջանում է անվտանգության հարց: ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունների խորացումն առանց Հայաստանի, Ադրբեջանի եւ Վրաստանի միջեւ հարցերի լուծման, Լիպարիտյանի մատուցմամբ, կնշանակի տարածաշրջանում առկա հակասությունների ու խնդիրների խորացում: ՆԱՏՕ-ից կարելի է օգտվել սահմանափակ, քանի դեռ կան խնդիրներ, ասենք, Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ:

Լիպարիտյանի եզրակացությունն այն է, որ, նախ, անորոշ վիճակում է միջազգային հանրությունը: Բացի այդ, չկա վստահություն, թե ամերիկյան քաղաքական էլիտան պատրաստ է քննարկելու իր կարողությունները, որպես ասվածի վկայություն ընդունելով իրաքյան հարցը: Բացի այդ, նշվածն ազդում է ԱՄՆ ուրիշ երկրների հետ հարաբերությունների վրա: Այս պայմաններում ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունների խորացումն, ըստ Լիպարիտյանի, ավելի վնաս կտա: Ամեն դեպքում, ՆԱՏՕ-ի ներգրավումը Հարավային Կովկասում ունի հակացուցումներ, քանի որ ամեն ինչ ամեն տեղ ներմուծել հնարավոր չէ:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4