«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#97, 2007-05-24 | #98, 2007-05-25 | #99, 2007-05-26


ԲԱՑ ԴՌՆԵՐԻ ՕՐ ՏՂԱՄԱՐԴԿԱՆՑ ՀԱՄԱՐ` ՀՈՒՆԻՍԻ 1-10

Շատերը «հայ տղամարդ» ասելով կարող են պատկերացնել կերած-խմած մի կերպար, որ ամբողջ գիշեր փոխանակ իր «ամուսնական կամ արտամուսնական պարտականությունները» կատարի, տանջվելով մտածում է: Մտածում է իր առողջության մասին, որ այս դեպքում ոչ միայն հոգեբարոյական հարստության, այլեւ, առավել հաճախացող դեպքերում, ֆիզիկական ոլորտից է: Հատկապես 21-րդ դարում վերարտադրման տարիքում գտնվող տղամարդկանց համար մարտահրավեր է համարվում քրոնիկական պրոստատիտըՙ վտանգավոր հիվանդությունը: Միջազգային մասնագետ-ուրոլոգների կարծիքով, քրոնիկ պրոստատիտը, հատկապես «աբակտերիալ» տեսակի, մեր ժամանակներում համարվում է շատ տարածված, դժվարությամբ բուժվող եւ որ ամենաուշագրավն է, մինչեւ վերջ չուսումնասիրված ու չբացահայտված հիվանդություններից մեկը: Այն խորանալով վերածվում է ոչ միայն միզարտադրության խանգարման, այլեւ սեռական անկարողության: Գաղտնիք չէ, որ մանավանդ հայ տղամարդու պատկերացմամբ դա ֆիզիկական ու բարոյական մահվանը հավասար դժբախտություն է: Դրանից խուսափելու եւ հիվանդությունը կանխելու համար տղամարդիկ չպետք է զլանան պարբերաբար ստուգվել ուրոլոգի մոտ, ներգրավելով ախտորոշման գործում նաեւ սրտաբանի: Ամեն դեպքում, ինչպես երեկվա հրավիրված «Տղամարդու առողջություն-2007» սեմինարի ժամանակ փաստեց հանրապետությունում հայտնի մասնագետներից մեկը. «Քանի աշխատում է հայ տղամարդու սիրտը, նա պոտենտ է»: Կեսկատակ-կեսլուրջ ասված այս հայտարարությունը, ցավոք, բարեմաղթանք կհիշեցնի այնքան ժամանակ, քանի հիվանդության առաջին ախտանշաններն զգացող տղամարդը չի խուսափի ճշմարտության աչքերին ուղիղ նայելուց եւ բժշկին այցելությամբ չի փակի հիվանդության ճանապարհը: Սեփական առողջության նկատմամբ ուշադիր տղամարդկանց համար բաց դռների օրեր է հայտարարել «Արմենիա» բժշկական կենտրոնը, որ կոչ է անում բոլոր բժշկական հաստատություններին միանալ այս օգտակար նախաձեռնությանը: Չէ՞ որ նման նախաձեռնությունը կկանխի ոչ միայն հիվանդության խորացումը, այլեւ կքարոզի առողջ ապրելակերպ եւ կնպաստի հիգիենիկ կուլտուրայի ձեւավորմանը հայ տղամարդկանց շրջանում:

ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4