«Ազգի» ընթերցողներին մայիսի 20-ին Գյումրու Տերյան եւ Ղուկասյան փողոցների խաչմերուկում տեղի ունեցած փոխհրաձգության մասին տեղեկացրել էինք: Քրեական գործի նախաքննության ընթացքում պարզվել է, որ ժամը 18-18.30-ին գյումրեցի Նորայր Սողոմոնյանը, ոգելից խմիչք օգտագործած վիճակում, եւ քննությամբ դեռեւս չպարզված անձը «Ռուբ-Ռուս» ՍՊԸ-ի «Մետելիցա» բար-ռեստորանում վիճաբանել են ՍՊԸ-ի տնօրեն Ռոստամ Սարգսյանի հետ, խախտել հասարակական կարգը, գարեջրով լի բաժակը դիտավորյալ լցրել Ռ. Սարգսյանի դեմքին, ինչի պատճառով նրանց միջեւ քաշքշոց է առաջացել: Այնուհետեւ վեճը հայհոյանքներով շարունակվել է բակում, որտեղ Ռ. Սարգսյանն իր մոտ պահվող ապօրինի ձեռք բերած «Մակարով» ատրճանակից երկու անգամ կրակել է Նորայր Սողոմոնյանի ոտքերի ուղղությամբ: Վերջինս դեպքի վայրից հեռացել է աջ ազդրի շրջանում ստանալով հրազենային վնասվածք ու տեղափոխվել է Գյուլբենկյանի անվան վիրաբուժական հիվանդանոց: Նույն օրը, ժամը 19.30-ին նույն խաչմերուկում, մարդաշատ վայրում, փոխհրաձգություն է տեղի ունեցել Ռ. Սարգսյանիՙ իր «Տոյոտա-Լենդ-Քրաուզեր» մակնիշի 77UL222 պետհամարանիշի ավտոմեքենայով, ուղեւոր Տելման Կարապետյանի եւ «Համմեր-H-2» մակնիշի 44SS440 պետհամարանիշի ավտոմեքենայի վարորդ Սպարտակ Ղուկասյանի (Գյումրու քաղաքապետի որդին) եւ նույն մեքենայում գտնվող, դեռեւս ինքնությունը չբացահայտված անձանց միջեւ, սակայն միմյանց սպանելու դիտավորությունն իրենց կամքից անկախ հանգամանքներով ավարտին հասցնել չեն կարողացելՙ դեպքի վայրից դիմելով փախուստի: Ձեռք բերված ապացույցների հիման վրա նախաքննական մարմինը մայիսի 24-ին որոշում է կայացրել Ռ. Սարգսյանին, Տ. Կարապետյանին եւ Ս. Ղուկասյանին ՀՀ քր. օր.-ի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ եւ 7-րդ կետերի, 235-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով որպես մեղադրյալների ներգրավելու մասին: Նույն օրը նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը եւ հայտարարվել է հետախուզում:
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ