«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#99, 2007-05-26 | #100, 2007-05-30 | #101, 2007-05-31


ԱՆԿԱՐԱՅԻ «Lights» ՆՈՏԱՆ ՎԱՇԻՆԳՏՈՆԻՆ

Մայիսի 24-ին F-16 մակնիշի ամերիկյան երկու ինքնաթիռ Հյուսիսային Իրաքից օդ բարձրանալով, ավելի քան 2 կմ խորացել էին Թուրքիայի օդային տարածքում: «Ազգ»-ը նախորդ համարումՙ «Ինչո՞ւ են ԱՄՆ-ի ինքնաթիռները խախտել Թուրքիայի օդային տարածքը» վերնագրով անդրադարձել էր միջադեպին, ենթադրելով, որ Անկարան նոտա կհղի Վաշինգտոնին կամ էլ բացատրություն տալու պահանջով արտգործնախարարություն կհրավիրի Թուրքիայում ԱՄՆ դեսպան Ռոս Վիլսոնին: Հիրավի, մայիսի 30-ին թուրքական նոտան հանձնվել է Թուրքիայում ԱՄՆ դեսպանատուն: Նոտայում մասնավորապես պահանջվում է հետայսու խուսափել օդային տարածքի խախտման փորձերից:

Ինչ վերաբերում է ԱՄՆ դեսպանի հրավիրմանը Թուրքիայի արտգործնախարարություն, ապա թուրքական արտաքին գերատեսչությունը դեսպանի փոխարեն նախընտրել է դեսպանատան դիվանագետներից մեկին հրավիրել:

Թուրքական թերթերը, ելնելով նոտայի բովանդակությունից, դա անվանել են «Lights» նոտա: Այդ ընթացքում ԱՄՆ պետքարտուղարության խոսնակներից Թոմ Քեյսին, ընդառաջելով Թուրքիայի արտգործնախարարությանը, հայտարարել է. «Թուրքիայի օդային տարածքը խախտվել է մեր կամքից անկախ: Կատարելու ենք այն անհրաժեշտ քայլերը, որոնք կբացառեն նման խախտումների կրկնությունը»:

ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4