ԵԱՀԿ նախագահ Միգել Անխել Մորատինոսը եւ ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Գորան Լենմարկերը հունիսի 4-ին կլինեն Բաքվում: Ինչպես եւ նախապես հայտարարվել էր, Մորատինոսն ու Լենմարկերը այնուհետեւ կայցելեն նաեւ Երեւան` քննարկելու բազմապիսի հարցեր ինչպես երկու երկրների նախագահների, այնպես էլ արտգործնախարարների եւ այլ պաշտոնատար անձանց հետ:
Ամենայն հավանականությամբ, քննարկվող հարցերի շարքում, ելնելով վերջին ժամանակներս միջազգային կառույցների հնչեցրած մտահոգություններից, Բաքվում կբարձրացվի նաեւ Ադրբեջանում մամուլի ազատության ու լրագրողների հանդեպ ճնշումների, ընդդիմադիր կեցվածք ունեցող թերթերի փակման ու խմբագիրների դատապարտման մասին: Եվ մինչ միջազգային կազմակերպությունները տարբեր մակարդակներում մտահոգություն են արտահայտում, իսկ ադրբեջանական իշխանությունները, նույն եվրոպական դիվանագետների բառապաշարից օգտվելու դեպքում, թքած ունեն այդ հայտարարությունների վրա, ադրբեջանցի լրագրողները ցանկանում են լքել երկիրը:
«Lրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը մասնավորապես հաստատել է, որ Ադրբեջանի կառավարության ճնշումների պատճառով գրասենյակներից զրկված, ըստ էության փակված «Գյունդելիկ Ազերբայջան» եւ «Ռեալնի Ազերբայջան» թերթերի 14 լրագրողներ քաղաքական ապաստան են խնդրել: Քաղաքական ապաստան է խնդրել նաեւ Nota Bene թերթի խմբագիրը, ով վախենում է իր անվտանգության համար:
Լրագրողները քաղաքական ապաստանի խնդրանքով դիմել են ԱՄՆ-ի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի, Նորվեգիայի դեսպանատներին, ինչպես նաեւ ԵԱՀԿ-ի գրասենյակին: Հիշեցնենք, որ թերթերի փակվելուց հետո լրագրողները սպառնալիքներ են ստանում: «Գյունդելիկ Ազերբայջան» թերթի խմբագիր Ուզեյր Ջաֆարովն ասել է, թե քաղաքական ապաստան են հայցում, որովհետեւ ձերբակալություններն ու հարձակումները անհնարին են դարձրել լրագրողական աշխատանքը:
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ