Հայրենիքի դավաճանության մեջ մեղադրանքներն ու պատիժը զինվորական ծառայության ժամանակ անփութությամբ կամ պատահականությամբ գործած միակ սխալի համար կարող է կործանել 20-25 տարեկան երիտասարդների ամբողջ կյանքը: «Դեյ.ազ» գործակալությանը տված հարցազրույցում նման հայտարարություն է արել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում գերիների ազատագրման եւ անհայտ կորածների ու պատանդների փնտրման Միջազգային աշխատանքային խմբի համանախագահ Բեռնհարդ Կլազենը:
Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում գերիների ազատագրման եւ անհայտ կորածների ու պատանդների փնտրման Միջազգային աշխատանքային խումբը գրանցվել է 2000 թ. օգոստոսի 18-ինՙ որպես ոչ կառավարական կազմակերպություն Մյունխենգլադբախ քաղաքի (ԳԴՀ) շրջանային դատարանում: Խմբի հիմնական նպատակներից է աշխատանքը նախկին ռազմագերիների հետ, իրավական օգնության տրամադրումը գերությունից ազատվելուց հետո: ՄԱԽ-ը ունի երեք համանախագահներ` Բեռնհարդ Կլազենը (Գերմանիա), Պաատա Զաքարեիշվիլին (Վրաստան), Սվետլանա Գաննուշկինան (Ռուսաստան):
Կլազենը մտահոգություն է հայտնել այն փաստի առնչությամբ, որ ադրբեջանցի գերիները երկիր վերադառնալուց հետո դատապարտվում են ավելի քան 10 տարվա ազատազրկման որպես հայրենիքի դավաճաններ: Նա ընդգծել է, որ ելնելով իր առաքելությունից, խումբը չի ցանկանում ադրբեջանցի զինծառայողներին վերադարձնել Ադրբեջան ու հանձնել ռազմական դատախազության ձեռքը: «Այս ֆոնին ես իմաստ չեմ տեսնում շարունակելու ռազմագերիների ազատագրման աշխատանքները», նշել է համանախագահը:
Ավելին, Կլազենը տեղեկացրել է, որ դեռեւս 2006 թ. մարտին խումբը դիմել է Իլհամ Ալիեւին ազատելու բոլոր նախկին ռազմագերիներին, որոնցից 6-ը դատապարտվել են ազատազրկման, սակայն որեւէ պատասխան չի ստացվել:
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ