Ինչպես տեղեկացանք Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի (ՀԱՕԿ) լրատվության պատասխանատու Նաթելա Հովասափյանից, Ռիգայում Եվրոպայի օլիմպիական կոմիտեի (ԵՕԿ) նախաձեռնությամբ կազմակերպվել էր խորհրդակցություն ազգային օլիմպիական կոմիտեների (ԱՕԿ) գլխավոր քարտուղարների եւ Պեկինում կայանալիք ամառային օլիմպիական խաղերի գլխավոր հանձնակատարների (շեֆ միսիա) համար: Հայաստանն այդ խորհրդակցությունում ներկայացնում էին ՀԱՕԿ-ի գլխավոր քարտուղար Արմեն Գրիգորյանն ու օլիմպիական կոմիտեի փոխնախագահ, Հայաստանի օլիմպիական մարզական պատվիրակության ղեկավար Դերենիկ Գաբրիելյանը:
Պեկինի օլիմպիադայի կազմկոմիտեի անդամների հետ համատեղ քննարկվել են հյուրանոցներին, սննդին, օլիմպիական ավանում բնակվելուն առնչվող մի շարք հարցեր: Մեծ ուշադրության է արժանացել Հայաստանի ըմբշամարտի հավաքականների` Բաքվում կայանալիք աշխարհի առաջնության մասնակցության խնդիրը: Ի պատասխան ՀԱՕԿ-ի ներկայացրած պաշտոնական գրության, ՄՕԿ-ի նախագահ Ժակ Ռոգեն տեղեկացրել է, որ առաջնության օրերին ԵՕԿ-ի նախագահ Պատրիկ Հիկեն նշանակվել է որպես դիտորդ: Ի դեպ, խորհրդակցության աշխատանքներին Ադրբեջանի պատվիրակությունը չի մասնակցել:
ԵՕԿ-ը հաստատել է ՀԱՕԿ-ի ներկայացրած գույքային երկու ծրագրերը: Օգոստոսի 6-10-ը Պեկինում տեղի կունենա ԱՕԿ-ի մարզական պատվիրակությունների ղեկավարների խորհրդակցությունը: