«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#100, 2007-05-30 | #101, 2007-05-31 | #102, 2007-06-01


ԵՐԵԽԱՅԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԴԵՌ «ՉՈՉ ԵՆ ԱՆՈՒՄ»

Ինչքան էլ տարածված է այն մտայնությունը, թե հայերն առանձնահատուկ վերաբերմունք ունեն երեխաների նկատմամբ, ակնհայտ է, որ երեխան սաղմնավորման պահից սկսած վտանգված է եւ անպաշտպան առաջին հերթին հենց ծնողի առջեւ, որն ամեն պահի կարող է 50-100 դոլարով ազատվել անգամ 4-5 ամսական անցանկալի հղիությունից: Մարդասպանության այս ամենազազրելի տեսակը դեռեւս լուրջ ուսումնասիրությունների կարիք ունի մեր երկրում, չնայած լույս աշխարհ չեկած երեխաների իրավունքների պաշտպանությանը դժվար թե շատերը հետամուտ լինեն: Մանավանդ որ արդեն իսկ ծնված եւ ապրող երեխաների խնդիրներն առավել տեսանելի եւ շոշափելի են: Դրանց մասին զրուցում էին երեկ «Հայացք» ակումբ հրավիրված հյուրերը` Հայաստանի մանկական ասոցիացիայի նախագահ Վարուժան Սեդրակյանը, մարդու իրավունքների պաշտպանության գրասենյակից Տաթեւիկ Դավթյանը եւ UNICEF-ի հայաստանյան ներկայացուցիչ Շելդոն Եթը: Նրանք լրագրողներին պատմեցին ոչ միայն տիրող իրավիճակի, այլեւ իրենց կատարած ու կատարելիք աշխատանքների, «Ազգի» խնդրանքով նաեւ` երեխաների կոնկրետ խնդիրների մասին:

«Երեխայի իրավունքների մասին միջազգային կոնվենցիան եւ նրա 18 կետերի ներառմամբ կազմված ՀՀ երեխայի իրավունքների մասին օրենքը դեռ չեն հասել երեխաների եւ նրանց ծնողների գիտակցությանը, նշեց Վարուժան Սեդրակյանը: Բացի դրանց չիմացությունից, չեն կիրառվում երեխայի անվճար բուժման, կրթության, պահպանության իրավունքները բոլոր-բոլոր բնագավառներում»: Նա նշեց նաեւ, որ ամեն դեպքում բավականին մեծ թվով միջազգային ու տեղական կազմակերպություններ ամենօրյա աշխատանք են տանում հաշմանդամ, թափառող, գաղթական, ծնողազուրկ երեխաների հետ: «Հասարակական կազմակերպությունների գործունեությունն այս հարցում ավելի մեծ է, քան պետական սեկտորինը», կարծում է Վ. Սեդրակյանը: «Ոչ մի երեխա հանցագործ չի ծնվում, նա այդպիսին դառնում է, եւ հիմնականում այն երեխան է, որի իրավունքները երկարաժամկետ եւ անընդհատ ոտնահարվել են», ասաց հրավիրյալը: Տաթեւիկ Դավթյանն այնքան էլ համամիտ չէ երեխայի իրավունքների պաշտպան ունենալուն, համարելով, որ դրա համար ՀՀ սահմանադրությունը չունի համապատասխան դրույթ եւ հասարակությունը պատրաստ չէ դրան: Իսկ դրա փոխարեն երեխայի իրավունքների պաշտպանությանն են միտված Երեխայի պաշտպանության ազգային հանձնաժողովը, մարզպետարանների, թաղապետարանների երեխայի իրավունքների բաժիններ` խնամակալության եւ հոգաբարձության մարմիններ: Ի դեպ, վերջիններիս աշխատանքը գնահատվեց ոչ համապատասխան ստանձնած պարտավորությանը: Տ. Դավթյանը խոսեց նաեւ օրենքների եւ տարբեր համաձայնագրերի առատ քանակությունից եւ դրանց իրավակիրառության բացակայությունից: «Խնդիրը ոչ թե քանակի, այլ որակի մասին է, ընդգծեց նա: Երեխայի իրավունքի պաշտպանությունը շարունակական գործընթաց է, որի պատասխանատվությունը կրում են թե՛ պետությունը, թե՛ ընտանիքը, թե՛ երեխայի հետ շփվող անձինք»:

Երեխաների իրավունքների պաշտպանության հարցում մասնակի առաջխաղացում արձանագրեց UNI-CEF-ի հայաստանյան ներկայացուցիչ Շելդոն Եթը: «Եթե 15 տարի առաջ մինչեւ 5 տարեկան երեխաների մահացության 60 դեպք ունեինք 1000 կենդանածին երեխաների հաշվով, ապա այսօրվա դրությամբ ունենք 30 դեպք», նշեց Շ. Եթը: Նա նշեց նաեւ, որ այլ վիճակագրական տվյալներ մտահոգության առիթ են: Մասնավորապես, կրճատվել է ե՛ւ մանկապարտեզների, ե՛ւ այնտեղ հաճախող երեխաների թիվը: Մինչդեռ, մանկապարտեզ չհաճախած երեխաների մեծ մասը դժվարություններ է ունենում դպրոցում: «Եթե մենք վերցնենք ՀՀ-ում ընդունված օրենքներն ու օրենսդրական ակտերի առկայության փաստը, իրավիճակը բավականին նորմալ է, բայց կարեւոր է, որ դրանք իրականություն դառնան, ոչ թե մնան թղթի վրա»:

«Առաջին հերթին ոչ թե պետությունը, այլ ծնողներն են պատասխանատու երեխաների իրավունքների պաշտպանության համար: Այդ է պատճառը, որ պետք է խոցելի ընտանիքներին աջակցելու քաղաքականություն մշակել», հայտարարեց UNICEF-ի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչը:

ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4