«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#101, 2007-05-31 | #102, 2007-06-01 | #103, 2007-06-02


ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՐՑՈՒՄ ԷՐԴՈՂԱՆԻ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍԱՎ ՆՊԱՏԱԿԻՆ

Աբդուլլահ Գյուլին վերստին նախագահ առաջադրելու համար նա այլեւս բանակի բարեհաճության կարիքը չունի

Չնայած Սահմանադրական դատարանի որոշմանը, թուրքական զինված ուժերի գլխավոր շտաբի հուշագրին, այդ ուժերի խոսափող ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության հակազդեցությանը, լիազորությունների ժամկետն ավարտված նախագահ Ահմեդ Նեջդեթ Սեզերի սպառնալիքներին, Բարձրագույն ուսումնական խորհրդի միջամտությանը, ինչպես նաեւ քեմալական մտածողության միությունների գլխավոր նախագահ, գեներալ Էրույգուրի Անկարայում, Ստամբուլում, Իզմիրում եւ Սամսունում կազմակերպած միլիոնավորների ցույցերին, վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի «Արդարություն եւ բարգավաճում» կուսակցությունը եթե ոչ նախագահական ընտրությունների, ապա երկրի նախագահին համաժողովրդական քվեարկությամբ ընտրելու հարցում հասավ նպատակին:

Ինչպես հայտնի է «Արդարություն եւ բարգավաճում» կուսակցությունը նախագահի պաշտոնում առաջադրել էր արտգործնախարար Աբդուլլահ Գյուլին: Թեեւ Թուրքիայի ազգային մեծ ժողովիՙ Մեջլիսի ապրիլի 27-ի նիստում Գյուլն ստացել էր 357 ձայն, որը կազմում է ընդհանուր ձայների 64,9 տոկոսը, իսկ Սուլեյման Դեմիրելը նախագահ էր ընտրվել ձայների 54, Թուրգութ Օզալըՙ 57, Սեզերըՙ 60 տոկոսով, այնուամենայնիվ, Սահմանադրական դատարանն ընդառաջեց Ժողովրդա-հանրապետական կուսակցության դիմումը: Այսպիսով, քվորումի բացակայության պատրվակով չեղյալ հայտարարվեցին քվեարկության արդյունքները:

«Արդարություն եւ բարգավաճում» կուսակցությունը դրան հակադրել էր սահմանադրական փոփոխությունների փաթեթը, որը ներառում է նաեւ երկրի նախագահի համաժողովրդական քվեարկությամբ 5 տարվա համար կառավարման երկու ժամկետով ընտրությունը: Այն ուժերը, որոնք հակադրվել էին նախագահի պաշտոնում Գյուլի առաջադրմանը, սկսեցին համառորեն հակադրվել նաեւ սահմանադրական փոփոխությունների փաթեթին, թե Թուրքիայում գործում է խորհրդարանական համակարգ, ուստի ժողովուրդը երկրի նախագահ ընտրելու իրավունքը վերապահել է Մեջլիսին:

Ավելին, Սեզերը ոչ միայն Թուրքիայի աշխարհիկ հանրապետական կարգերի համար վտանգավոր համարեց հաջորդ նախագահի համաժողովրդական քվեարկությամբ ընտրվելը, այլեւ վետոյի ենթարկեց Մեջլիսում մինչ այդ ընդունված փաթեթը: Նա դրանով մեկ անգամ եւս քննարկելու համար փաթեթը վերադարձրեց Մեջլիս: Այսպիսով, փոփոխությունների փաթեթի ընդունման գործընթացը վերադարձավ ելման կետ:

Վերստին քննարկումը տվյալ դեպքում ենթադրում էր քվեարկության երկու փուլ, որպեսզի բավարար ձայներ ապահովելու դեպքում, համաձայն գործող սահմանադրության, նախագահ Սեզերը զրկվի փոփոխությունների փաթեթին առարկելու իրավունքից: Մայիսի 28-ին քվեարկության առաջին փուլում Մեջլիսի նիստին մասնակից 368 պատգամավորներից 363-ը քվեարկեց սահմանադրական փոփոխությունների օգտին:

Վճռորոշ երկրորդ փուլը կայացավ Մեջլիսի մայիսի 31-ի նիստում: Պատգամավորները ձայների 370 կողմ, 21 դեմ հարաբերակցությամբ ընդունեցին փոփոխությունների փաթեթը: Ահմեդ Նեջդեթ Սեզերին մնում է երկրի նախագահին համաժողովրդական քվեարկությամբ ընտրելու հարցը դնել հանրաքվեի կամ էլ հաստատել սահմանադրական փոփոխությունների մասին Մեջլիսի ընդունած որոշումը:

Բոլոր դեպքերում էլ հուլիսի 22-ին Թուրքիայում խորհրդարանական վաղաժամկետ ընտրությունների հետ կկատարվի նախագահի ընտրությունը: Ամենեւին չի բացառվում, որ առաջիկա ընտրություններում հաղթանակի գլխավոր հավակնորդ վարչապետ Էրդողանի «Արդարություն եւ բարգավաճում» կուսակցությունը վերստին նախագահի թեկնածու առաջադրի Աբդուլլահ Գյուլին:

Մինչդեռ ապրիլի 27-ի հուշագրի բնույթ կրող հայտարարությամբ թուրքական զինված ուժերի գլխավոր շտաբը ազդարարել էր, որ Գյուլին կամ «Արդարություն եւ բարգավաճում» կուսակցության որեւէ այլ գործչին չի ցանկանում տեսնել Չանքայայի պալատում եւ առանց բանակի հավանության ոչ ոքի տրված չէ դառնալ Թուրքիայի նախագահ:

ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4