Միջազգային հարաբերություններում երեւի այնքան էլ հաճախ չի լինում, երբ գերտերությունը, հակամարտելով իր համեմատ սովորական պետության հետ, կողմնակիորեն նպաստում է վերջինիս քաղաքական կարգավիճակի անհամեմատ բարձրացմանը: Համենայն դեպս, հազիվ թե որեւէ մեկը ժխտի, որ իսլամական հեղափոխության հաղթանակից հետո հնաբույր Պարսկաստանը, էապես ԱՄՆ-ի շնորհիվ, դարձել է համաշխարհային անցուդարձի առանցքային խաղացողներից մեկը եւ քաղաքական, տնտեսական, ռազմական ու հոգեւոր մարտահրավերներ է նետում իր թշնամիներին ու ընդդիմադիրներին: Իրանի նկատմամբ պատժամիջոցներն ուժեղացնելու ամերիկացիների կոչերը եւ Մահմուդ Ահմադինեժադի հեգնական վերաբերմունքը («Թող Անվտանգության խորհուրդը շարունակի զվարճանալ իր որոշումներով») հուսահատեցնում է առաջինին:
Ահա արդեն գրեթե երեք տասնամյակ ամերիկացիները հատկապես պայքարում են «այաթոլլաների» ռեժիմի դեմ եւ ոչ միայն ոչնչի չեն հասնում, այլեւ, ինչպես ասվեց, ստանում են հակառակ արդյունքը: Իրանի միջուկային ծրագրերի դեմ ուղղված միջոցների անարդյունավետությունը վկայում է, որ իրանցիները շարունակելով ամենատարբեր մակարդակներով «բանակցել» տարբեր երկրների ու կազմակերպությունների հետ, ըստ էության հետեւողականորեն իրականացնում են իրենց ազգային շահերին համապատասխանող քաղաքականություն:
Բնականաբար հարց է առաջանումՙ ինչի՞ շնորհիվ է Թեհրանին հաջողվում դիմակայել աշխարհի գերհզորներին ու շարունակել իր գիծը: Եթե իրանցիները հայտարարում են, որ Ամերիկան ունի սոսկ 200 տարվա պատմություն, իսկ իրենքՙ հազարամյակների, ապա դա չպետք է ընդունել որպես սոսկ «պատմասիրություն» կամ դատարկ ինքնագովության նշան (ադրբեջանցիներն էլ են «հնամյա» ազգ): Բարձրաստիճան մի ռուս դիվանագետ վերջերս խոստովանել էր, որ բանակցությունների սեղանին իրանցիներին գործնականում հնարավոր չէ հաղթել. նրանք խուսանավումներով, ձգձգումներով, անորոշություններով, պերճախոսությամբ եւ արեւելյան այլ «պատմական» միջոցներով իրագործում են իրենց ուղենիշները: Եվ սա մասնավոր հանգամանք չէ:
Երբ 1979 թվականին Իրանում, տապալելով ամերիկամետ շահին, իշխանության գլուխ եկավ ծերունազարդ այաթոլլա Խոմեյնին, ապա ոչ ոք չէր հավատում, թե այդ կրոնական վարչակարգը կարող է երկար գոյատեւել, քանզի իրոք դժվար էր պատկերացնել «միջնադարյան» պետություն 20-րդ դարում: Սակայն իրանցիներին հաջողվեց իրենց մեջ արթնացնել այն հզոր ներուժը, որ, ցավոք, նիրհում է, ասենք, ունիվերսալ կոչված լիբերալ-դեմոկրատական ուսմունքի մեջ: Ոգին: Եվ սա դատարկ հնչյուն չէ: Այսօր նույնիսկ ներկա ռեժիմին չհամակրող իրանցին անվարան կզոհաբերի իր կյանքը հանուն երկրի շահերի: Ինչ ասես չձեռնարկվեցին Իրանի դեմՙ երկրի ղեկավարներին ոչնչացնելու ահաբեկչական գործողություններ, ուղղակի օդային ներխուժում, Իրաքի սանձազերծած պատերազմ, ընդսմին, Սադդամին օգնում էին ոչ միայն ԱՄՆ-ը, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, ԽՍՀՄ-ը, այլեւ ոչ քիչ մահմեդական արաբական երկրներ: Եվ ո՞վ հաղթեցՙ իրանական ոգին: «Իրանական նոր ընտրախավը, գրում է մոսկովյան թերթերից մեկը, արմատական հոգեւորականությունըՙ իր հակաարեւմտյան խոր գաղափարներով, իսլամական բարոյախոսությամբ ու մշակույթով, միավորվել ու համալրվել է տաղանդավոր, հավատացյալ, նվիրված պրոֆեսիոնալներով, եւ նման համերաշխման հիմքն առաջին հերթին դարձել են հոգեւոր արժեքները, անցյալի փորձի խորախորհուրդ պաշարը եւ ապագային հառնած ռազմավարական հայացքը»: Նրանց չեն վախեցնում ամերիկյան ականակիրները, իսրայելական ատոմային ռումբը, Անվտանգության խորհրդի հոխորտանքները:
Ամերիկացիները չեն կարող չիմանալ, չզգալ ու չտեսնել, որ գլխով բախվում են ամրակուռ մի պատի: Հույս դնել իրանական ռեժիմի ներքին էվոլյուցիայի վրա, աննպատակ գործ է: Թեհրանն արդեն ավելին է, քան որպես իսլամական աշխարհի լիդերներից մեկը: Գուցե Վաշինգտոնի ամենակուլ համառությունը (որ չգիտես ինչու չդրսեւորվեց նույնպես մահմեդական Պակիստանի նկատմամբ) իր մերձավոր դաշնակցիՙ Իսրայելի անվտանգության խնդրի մեջ է, որին Ահմադինեժադը, առիթը չփախցնելով, սպառնում է ոչնչացնել: Գուցե հարցն առնչվում է Իրաքին, որտեղ ԱՄՆ-ը, նաեւ Իրանի պատճառով, ամուլ է «դեմոկրատիա» հաստատելու համար:
Ոչ միայն: Հիշո՞ւմ եք ինչ տեսք ունեին ԱՄՆ-ի բարձրաստիճան պաշտոնյաները Պուտինի մյունխենյան ելույթի ժամանակ: Նրանց մթնած դեմքերին մեծագույն տարակուսանք էր գրանցվածՙ ինչպե՞ս կարող է ոմն ռուս, ով էլ լինի, քննադատել մեզՙ հզոր, անսխալական, գաղափարապես անթերի, աշխարհին միայն բարիք, ազատություն, դեմոկրատիա, մարդու իրավունքներ հրամցնող ու տարածող մեծ եւ կատարյալ ազգին: Իսկ հիմա պատկերացրեք, որ մյուս հակառակորդը եվրոպական էլ չէ, այլ ընդամենը արմատական մահմեդական, ահաբեկչությունը խրախուսող, ամերիկյան արժեքն իսպառ մերժող, դրա հետ էլՙ հանդուգն: Սրանք արդեն բավարար են, որ Ամերիկան այդ պետությունը համարի նզովյալ թշնամի: Սառը պատերազմում հաղթելով ԽՍՀՄ-ին, ամերիկացիները, մինչ այդ էլ, իհարկե, զուրկ չլինելով մեսիական հավակնություններից, միաբեւեռ աշխարհում ամեն ինչին նայում են բացառապես իրենց ազգային շահերի ու ամեն ինչ դրանց ենթարկելու տեսանկյունից: Եվ յուրաքանչյուր երկիր, որ չի ընդունի նրա պահանջները, պատժելի է: «Ամերիկան չի հասկանում, թե ուրիշ ազգերը ինչպես կարող են չընդունել նրա աշխարհընկալումները եւ չձգտեն նպաստել նրան: Չէ՞ որ այդ երկիրը, լինելով անզուգական պետություն ի բարօրություն բոլորի, մարմնավորում է բարությունը»ՙ հեգնանքով գրում է ռուսական մի այլ թերթ: Այսինքն, իրագործվում է հայտնի սկզբունքըՙ ով մեզ հետ չէ, ուրեմն մեր դեմ է:
Ի դեպ, ներկայիս ամերիկացիներն ինչ-որ տեղ հիշեցնում են «նոր» աշխարհ կառուցող արմատական բոլշեւիկներին, այն տարբերությամբ, որ կոմունիստական գաղափարախոսությանը փոխարինել է լիբերալ-դեմոկրատիան: Եվ այն տպավորությունն է ստեղծվում, որ իր աշխարհասփյուռ «բարեգործական» առաքելության իրականացմանն արգելք դարձած Իրանին պատժելու ԱՄՆ-ի մտադրությունը անշեղ է: Մնում է միայն սպասել պատեհ առիթի եւ ընտրել պատժաձեւը: Իսկ թե ինչի կհանգեցնի այդ քայլը, դա ԱՄՆ-ին, ըստ երեւույթին, չի էլ հուզում:
ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա