Իրավիճակը Ուկրաինայում, նաեւ Ադրբեջանում փաստում է եվրոչափանիշների երկակիությունը
Արդարությունն ու անաչառությունն այնպիսի հասկացություններ են, որ գնահատելիս նույն կողմում են բոլորը, սակայն ցուցաբերելու տեսանկյունից մոտեցման դեպքում դրանց դրսեւորմամբ առանձնացող գրեթե մարդ չի մնում: Իսկ այս ամենը քաղաքականության մեջ ուղղակի աննկարագրելիորեն պարզունակ է դարձնում իրականությունն այն պատճառով, որ արդարություն ու անաչառությունը մնում են փաստաթղթային ձեւակերպումներում ու ոչ մի կերպ ի հայտ չեն գալիս քաղաքական գործընթացներում:
Եվրոպական, իսկ ավելի ընդհանուր ասած, արեւմտյան արժեքներն այնպիսի պատրաստակամությամբ ենք «գգվում», իսկ դրանք մեզ բերող երկրներին այնպիսի միամտությամբ ենք «սրբացնում», որ էլ երազ-ցանկություն չի մնում բացի մեկից. սեփական ներկայությամբ «պատվել» այդ երկրները: Մինչդեռ ստանդարտները միշտ երկակի են լինում, արժեքները երկակի են կիրառվում, իսկ քաղաքական կատեգորիաներում շահը մնում է գերադասելի իրողությունը:
Ուկրաինայում տեղի ունեցող գործընթացներին հետեւելիս կարելի է ենթադրել, թե Եվրոպան տառացիորեն խոր քուն է մտել, որից արթնանալու հավանականությունը բնավ էլ չի կարելի պայմանավորել այնպիսի բարձրարժեք երեւույթներով, ինչպիսին են երկրում անարխիայի դրսեւորումները, իրավունքների ոտնահարումն ու ժողովրդավարության դեռ չկայացած արժեքների արժեզրկումը: Երբ երկրի սահմանադրական դատարանը քննում էր նախագահ Վիկտոր Յուշչենկոյի որոշ քայլերի օրինականությունը, Ուկրաինայի նախագահը հրաման է ստորագրում ազատելու ՍԴ որոշ դատավորների: Վատ չէ այնպիսի երկրի համար, որին արեւմտյան երկրները դիկտատուրա կպիտակեին կամ էլ միապետություն, որոնց հանդեպ ամենաճղճղան ձայնով բոլոր իրավապաշտպան, ժողովրդավարապաշտպան ու էլի նման ածականներով իրենց բնութագրող կառույցներն ու կազմակերպությունները համամոլորակային աղմուկ կբարձրացնեին:
Հետո էլ Ուկրաինայում բառացիորեն քնից զարթնած նախագահը գլխավոր դատախազ է հանում, որին դատական կարգով վերականգնում են, նախագահական հրամանագիրն էլ չեղյալ հայտարարում: Եվս մեկ դատական գործընթաց ավելի բարձր ատյանում բռնում է նախագահի կողմն ու կրկին դադարեցնում գլխավոր դատախազի լիազորությունների իրականացումը նախկին դարձած գլխավոր դատախազի կողմից: Ի՞նչ է սա` դատական ատյաններում օրենսդրական հնարավորությունների փորձարկում, դատարաններում սեփական հեղինակության ամրապնդում, թե՞ Ուկրաինայում կարելի է գլխավոր դատախազի հետ վարվել ճիշտ այնպես, ինչպես մեկ ուրիշ առավոտ կարելի է որոշել ցրել երկրի խորհրդարանը:
Առավել յուրօրինակություն է հաղորդում այս իրավիճակին այն հանգամանքը, որ Ուկրաինայում որոշումները փոփոխվում են այնպիսի արագությամբ, որ անգամ ժամանակին արձագանքելու հնարավորություն չի մնում: Խորհրդարանը ցրելու որոշումը զուտ ուկրաինական տրամաբանությամբ անցած բանակցությունների ու Գերագույն ռադայի «գիշերային հերթափոխի» չկայացած աշխատանքի արդյունքում կրկին ենթարկվում է փոփոխության ու նախագահ Յուշչենկոյի ձեռամբ դառնում Ռադայի լիազորությունները երկարաձգելու որոշում:
Թեեւ «նարնջագույն» հեղափոխություն տեսած երկրում նոր խորհրդարան կազմելու միջոցով քաղաքական ճգնաժամից դուրս գալու որոշումը քիչ թե շատ ժողովրդավարական է, սակայն Ուկրաինայի նախագահի` գլխավոր դատախազին ազատելու որոշմանը դեմ գնացող խորհրդարանի աշխատանքները դադարեցնելու հեռանկարը բնավ էլ եվրոպական ժողովրդավարության մոտեցումներից չէ: Պակաս կարեւոր չէ եւ այն հանգամանքը, որ Ուկրաինայի ներքին գործերի նախարարը կաթված է ստանում, որը, որոշ կարծիքների համաձայն, կարող է թունավորման հետեւանք լինել: Ներքին գործերի նախարարն էլ սկանդալային պատմությունների մասնակից է համարվում, ավելին, նրա նկատմամբ քրեական գործեր են հարուցված:
Եվ այսպես, գունավոր հեղափոխությունը ողջունող Եվրոպան ու ժողովրդավարության դրոշակակիր ներկայացող, դրանից արեւմուտք գտնվող տերությունը հիմա նախընտրում են լռությունը, կարծես Ուկրաինան վերացել է քաղաքական քարտեզից, այնտեղ տեղի ունեցող գործընթացներն էլ որեւէ առնչություն չունեն Յանուկովիչ-Յուշչենկո հակադրությունը ժամանակին կարեւորող կառույցների հետ:
Ի դեպ, Ուկրաինան միակ օրինակը չէ, երբ ստանդարտները գործադրվում են ըստ հարմարության ու ծառայում են կոնկրետ շահերի, այլ ոչ թե ժողովրդավարական նպատակների: Այն, ինչ այսօր ադրբեջանական իշխանությունները իրականացնում են ընդդեմ մամուլի, միանշանակ վկայում է, որ ժողովրդավարության գեղեցիկ, բարեհունչ ու արժեքավոր հասկացությունները միշտ էլ օգտագործվում են այն ժամանակ, երբ դրանք կարելի է ծառայեցնել որեւէ գերտերության շահերին: Ժողովրդավարության մասին Ադրբեջանի պարագայում թերեւս հիշեն այն ժամանակ, երբ ադրբեջանական իշխանությունները այլ կեցվածք ընդունեն նավթագազային հարաբերություններում:
Գոյություն չունի այնպիսի կառույց, միջազգային այնպիսի ատյան, որ խոսքի ազատության կարեւորության մասին չխոսի ամենաբարձր ձայնով, ի լուր ամենքի: Հարգելի կառույցներ, հետաքրքրական է, թե որն է կոնկրետ քայլերի բացակայության պատճառը, երբ Ադրբեջանում փակվում են արդարության ու անաչառության կատեգորիաներին որոշ առումով համապատասխանող աշխատանք տանող թերթերը, ձերբակալվում ու դատապարտվում են լրագրողներ, խմբագիրներ, մեղադրվում ահաբեկչության կազմակերպման, զրպարտության ու էլի նման «հարմար» հոդվածներով: Ավելին, նավթային դոլարների տռուզության նման ժողովրդավարությունը թերեւս նույնքան հեշտ հասանելի իրավիճակ պատկերացնող Ադրբեջանի լրագրողներն ուղղակի քաղաքական ապաստան են խնդրում այլ երկրներից:
Բայց դե, ինչպես կարելի է, ինչպես խոսել Ալիեւ կրտսերի դիկտատուրայի, տոտալ վերահսկողության, անգամ ինտերնետային գրաքննության երեւույթների մասին, երբ նույն գերտերությունները «նավթային ծարավ» են հագեցնում Կասպից ծովի մերձափնյա հատվածում: Իսկ ավելի կոնկրետ, «ազատություն», «անկախություն», «երկխոսություն», «արդարություն» ու էլի նման գեղեցիկ բառերով սեփական անվանումները «ծաղկեցրած» միջազգային կազմակերպությունները թերեւս խնդիր ունեն մտահոգվելու սեփական անաչառության առումով, այլ ոչ միայն բավարարվելու ադրբեջանական իշխանությունների` մամուլի հանդեպ վերաբերմունքի առնչությամբ մտահոգություններ արտահայտելով:
Մյուս կողմից, ի՞նչ կա զարմանալու: Երկակի մոտեցումները առկա են ամեն ինչում: Այլապես դժվար կլիներ հասկանալ այն նույն Եվրոպայի ու Միացյալ Նահանգների կեցվածքը, երբ միջազգային կառույցները փաստում են, որ Ադրբեջանը թքած ունի եվրոպական կառույցների հանդեպ ստանձնած սեփական պարտավորությունների ու ընդհանրապես այդ կառույցների գնահատականների վրա:
Ինչեւէ, երբ ադրբեջանական կազմակերպությունները, պետական ինստիտուտները, երկիրը հորից ժառանգած նախագահն էլ հետը, խոսում են ժողովրդավարությունից, ավելին, այդ նույն ժողովրդավարության դրսեւորում են ներկայացնում «Ղարաբաղին հնարավոր լայն ինքնավարություն» տրամադրելու պատրաստակամությունը, հուսանք, որ կարճ չի լինի միջազգային կառույցների` ԵԱՀԿ-ի, ԵԽԽՎ-ի ու մյուսների հիշողությունը:
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ