Հունիսի 9-ին պատրաստվում են ստորագրե՞լ ինչ-որ բան եւ այս տարբերակո՞վ
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Ժամանակ առ ժամանակ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի առնչությամբ տարբեր հայտարարություններ են հնչում, որոնք ավելի հաճախ կոնկրետ խնդիրների չեն վերաբերում, այլ լինում են հույս, հավատ, ակնկալիքներ ու էլի նման հասկացություններով որակվող կատեգորիաներ: Բայց երբեմն էլ, թեկուզ ադրբեջանական լրահոսի միջոցով ստացվում են լուրեր, որոնց համաձայն որոշակի առումով գաղտնազերծվում են բանակցային գործընթացի բաղկացուցիչները:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Մեթյու Բրայզան այս էլ որերորդ անգամ «բերանբացություն» է անում` անորոշ թողնելով սեփական խոսքերի ազդեցությունը: Միեւնույն ժամանակ գաղտնազերծվում կամ էլ աղավաղված Հայաստանի եւ Ադրբեջանի հասարակություններին են մատուցվում երեւույթներ, որոնք կարող են ուղղակի դառնալ անհաղթահարելի խոչընդոտ նույն այդ բանակցային գործընթացի համար:
Թերեւս զուտ խոսակցությունների մակարդակում դատողությունները, թե Սանկտ Պետերբուրգում հունիսի 9-ին կայանալիք Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպմանը ինչ-որ փաստաթուղթ է ստորագրվելու, ունեն որոշ իրատեսական հիմք, այլապես ինչու է Բրայզան «գաղտնազերծում» ինչ-ինչ սկզբունքներ, իսկ մյուս համանախագահներն Ադրբեջան այցելության ժամանակ խոսում են տարածքային ամբողջականության որակումներից:
Հայաստանն ու Ադրբեջանը էական առաջընթաց են գրանցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղղությամբ: Հերթական անգամ գեղեցիկ ձեւակերպմամբ ու թերեւս հուսալու տրամադրությամբ այս հայտարարության հեղինակն, ըստ The Associated Press-ի, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ, ԱՄՆ պետքարտուղարի օգնականի տեղակալ Մեթյու Բրայզան է: Նրա խոսքերով, հակամարտության կարգավորման միջազգային միջնորդների ավելի քան 10 տարվա ջանքերից հետո Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները մոտ են հիմնական սկզբունքների համաձայնության ճանապարհին մնացած խոչընդոտների հաղթահարմանը:
«Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Ռոբերտ Քոչարյանի եւ Իլհամ Ալիեւի Սանկտ Պետերբուրգում հունիսի 9-ին կայանալիք բանակցությունների ժամանակ ուշադրությունը կկենտրոնանա չլուծված հարցերի վրա: Եթե այս հանդիպումը պսակվի հաջողությամբ, ապա տարաձայնությունները կարգավորման հիմնարար սկզբունքների շուրջը կարող են հասնել զրոյի», նշել է Բրայզան:
Ամերիկացի համանախագահը չի մանրամասնել, թե որոնք են այդ տարաձայնությունները, սակայն փոխարենը ներկայացրել է որոշ հիմնարար սկզբունքներ, որոնց առնչությամբ պոտենցիալ որոշումներ են գրանցվել: «Կողմերը պայմանավորվել են Լեռնային Ղարաբաղի հարակից, հայկական վերահսկողության տակ գտնվող շրջանների վերադարձի մասին», նշել է Բրայզան, փախստականների վերադարձի առնչությամբ անորոշություն թողնելով, թե տարածաշրջան փախստականների վերադարձի կամ նրանց փոխհատուցում վճարելու առնչությամբ համաձայնություն կա, թե ոչ:
«Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարներին էլ, Բրայզայի խոսքերով, պետք է գովել, քանի որ նրանք խիզախորեն փորձում են կայունություն եւ բարգավաճում ապահովել իրենց ժողովուրդների համար», ընդգծել է ամերիկացի համանախագահը:
Հայաստանի արտգործնախարարությունը այս ամենին, ըստ ԱԳՆ մամուլի պատասխանատուի պաշտոնակատար Վլադիմիր Կարապետյանի, պատասխանում է հետեւյալ կերպ, թե Հայաստանի դիրքորոշումը ակնհայտ է, եւ անկախ նմանատիպ հայտարարություններ անելու կամ բանակցությունների ընթացքը որեւէ կերպ մեկնաբանելու հանգամանքից, Հայաստանի համար առաջնահերթ է մնում Ղարաբաղի կարգավիճակի հստակեցումը եւ ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքի ապահովման ամբողջական ամրագրումը, նաեւ Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի միջեւ անխափան աշխարհագրական կապի ապահովումը: Այլապես հայկական կողմը չի պատրաստվում խոսել «երրորդական հարցերի շուրջը»: