«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#101, 2007-05-31 | #102, 2007-06-01 | #103, 2007-06-02


ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆՆ ՍԿՍԵՑ ՀԱՄԱՄԱՍՆԱԿԱՆ ԿԱՐԳՈՎ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ՎԻՃԱՐԿՈՂ ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ

ԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Երեկ սկսվեց մի գործընթաց, որից որեւէ մեկը սպասելիք չունի, անգամ դրա նախաձեռնողները, սակայն ապահովում է ընդդիմության գոյության շարունակականությունը մի կողմից, եւ ընդդիմության կարծիքով ցույց է տալու ընտրակեղծիքներն իրենց ողջ փայլով ու հարստությամբ, եթե ներկայացվող ընտրակեղծիքների փաստերը համոզեն եւ ապացուցման ուժ ունենան: Խոսքը վերաբերում է Սահմանադրական դատարանում երեկ սկսված ընտրությունների` համամասնական կարգով արդյունքների վիճարկմանը: ՍԴ-ն մեկ գործի մեջ էր ներառել 4 ընդդիմադիր կուսակցությունների դիմումները, որոնց հիմնական պահանջն է անվավեր ճանաչել համամասնական կարգով մայիսի 12-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքները: Վիճարկման դիմումատերերն են «Իմպիչմենտը», ՕԵԿ-ը, «Հանրապետություն» եւ «Նոր ժամանակներ» կուսակցությունները, որոնք իրենց փաստաթղթերին ամրագրել են նաեւ «Ժառանգության» եւ ՀԺԿ-ի արձանագրած ընտրախախտումները:

Պատասխանող կողմի (ԿԸՀ-ի) երկու միջնորդությունները չընդունելու որոշումից հետո ՍԴ-ն լսեց դիմումները` դրանց վերաբերյալ ՍԴ անդամ Վոլոդյա Հովհաննիսյանի զեկուցումը եւս լսելով:

Չնայած դիմումների` 1 գործի մեջ միավորվելուն, դիմող կողմի 4 միավորները կարող էին առանձին-առանձին ներկայացնել եւ հիմնավորել իրենց պահանջները, ինչն առաջինն արեց «Իմպիչմենտը» (ներկայացուցիչներ Նիկոլ Փաշինյան, Վահագն Հովակիմյան, Վահե Գրիգորյան): Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ընտրություններն անցել են զանգվածային ընտրախախտումներով եւ 3 խումբ շեշտադրումներ կատարեց ընտրակեղծիքներում: Ըստ նրա, նախ ընտրական գործընթացի մեկնարկից հետո փոխվել են խաղի կանոնները` մի քանի հարյուր հազար մարդ Ընտրական օրենսգրքի փոփոխության պատճառով զրկվել է ընտրելու իրավունքից, քանի որ այս ընտրություններին ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություններում ընտրական տեղամասեր չեն բացվել: Այդպիսով խախտվել է անհայտ թվով (ըստ որոշ տվյալների` մոտ 700 հազ.) ընտրողի սահմանադրական իրավունքը: Հենց այդ թիվը պարզելու պահանջն ուներ «Իմպիչմենտը» ՍԴ-ից, որպեսզի վերջինս տարբեր երկրների միգրացիոն ծառայություններից պարզի այդ երկրներում ժամանակավոր բնակվող ՀՀ քաղաքացիների թիվը. Հայաստանի վիճակագրական ծառայությունն այդ տվյալները չի տրամադրել: Ըստ Ն. Փաշինյանի` բացակաների փոխարեն քվեարկել են, ինչը կարող էր ազդել ընտրությունների արդյունքների վրա: Ընդ որում` «Իմպիչմենտի» ներկայացուցիչները հենց միջնորդում էին հետաձգել նիստը, մինչեւ այդ տվյալները ձեռք բերվեն, ինչն, ըստ նրանց, կարող է տրամագծորեն փոխել պատկերացումներն ընտրությունների արդյունքների վերաբերյալ: Սակայն ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանն այդ միջնորդությունը չընդունեց առայժմ` մինչեւ ավարտվի կողմերին լսելը: «Իմպիչմենտի» երկրորդ շեշտադրումը վերաբերում էր ընտրակաշառքի բաժանմանը, ծառայությունների մատուցմանը, բարեգործությանը, ընդ որում բարեգործությունները նախընտրական շրջանում գովազդվել էին, ինչը նույնպես ընտրողների ազատ կամքի վրա ազդելու միջոց է եղել: Հեռուստաեթերը եւս անհավասար պայմաններ է ստեղծել կուսակցությունների համար քարոզարշավի ընթացքում, որը ԿԸՀ-ն չի վերահսկել: Չեն վերահսկվել նաեւ նախընտրական հիմնադրամների ծախսերը, որոնք գերազանցող կուսակցություններ կան, առաջին հերթին ՀՀԿ-ն եւ ԲՀԿ-ն: Մի շարք փաստերով «Իմպիչմենտը» եկավ այն եզրակացության, որ ընտրակեղծիքները համակարգված են եղել` օրենսդիր, գործադիր, դատական մարմինների մասնակցությամբ. ընտրական ցուցակներում բացակաների ներառում, նոր անձնագրերով ընտրող խմբեր, քվեների զրոյացում հաշվելու ժամանակ, «մահացածների ակտիվացում ընտրությունների ժամանակ» եւ այլն:

ՕԵԿ ներկայացուցիչ Հովհաննես Մարգարյանը բոլորովին այլ մարտավարություն էր որդեգրել եւ մոտ երեք ժամ ընտրակեղծիքախեղդ արեց լսողներին` ներկայացնելով 23 տարածքների 200 ընտրատեղամասերի բազմաթիվ ընտրակեղծիքների նկարագրությունը: Ասենք` գրառումներ չեն եղել գրանցամատյաններում, օրենքով սահմանված կարգով նիստեր չեն գումարվել, քվեաթերթիկները չեն մարվել սահմանված ձեւով, որ վերահսկվեր, թե քանի քվեաթերթիկ է ստացվել: Արձանագրությունների ելակետային տվյալները փոփոխված են եղել, կարմիր գույնով գրող գրչով քվեարկություններ են արվել, մեկանգամյա օգտագործման պարկերը բացված են եղել, այնտեղ չեն եղել ընտրացուցակները, մի շարք տեղամասերի արձանագրությունները փոփոխվել եւ նորից են կազմվել, իսկ ՕԵԿ հանձնաժողովականների հատուկ կարծիքները չեն կցվել ամփոփիչ արձանագրություններին: ՍԴ նախագահը Գագիկ Հարությունյանը ճշտեց` ի՞նչ է ուզում ՕԵԿ-ը, ո՞րն է նրա պահանջը, քանի որ այս կուսակցության դիմումում խոսվում է որոշ ընտրատեղամասերի եւ վերաքվեարկության, եւ ընտրությունների արդյունքների վերանայման, եւ համամասնական ցուցակի այլ անդամներին պատգամավորության թեկնածու գրանցելու մասին` խախտումների պատճառով ըստ նրանց, ընտրությունների արդյունքները չեն համապատասխանում իրականությանը: ՍԴ նախագահը նաեւ հարցրեց, թե արդյո՞ք այդ հատուկ կարծիքների թղթերը պահպանվել են, որպեսզի ՍԴ ներկայացվեն: Գարեգին Ազարյանը նույնպես ճշտող հարցեր տվեց, որոնց մեկ երկուսին հստակ պատասխան չտրվեց:

«Նոր ժամանակների» ներկայացուցիչ Ռուբեն Թորոսյանը 13 խումբ ընտրակեղծիքներ էր առանձնացրել, որոնցից 8 խումբը ներկայացրեց: Ըստ նրա` ընտրակեղծիքներն ազդել են ընտրությունների արդյունքների վրա: 3 կուսակցություն` ՀՀԿ-ն, ՀՅԴ-ն եւ ԲՀԿ-ն կեղծ փաստաթղթերով են գրանցվել, «Ժողկուսակցությունն» ու ԲՀԿ-ն ընտրակաշառք են բաժանել, այս խախտումները մինչեւ օրս ԿԸՀ-ն չի քննարկել, չի վերահսկել նաեւ նախընտրական հիմնադրամների շարժը: Օրինակ, ըստ Ռ. Թորոսյանի, ՀՀԿ-ն Ազատության հրապարակում 1 մլն դոլարանոց միջոցառում է կազմակերպել, եւ դա ոչ ոք չի նկատել: Մի խոսքով` Ռ. Թորոսյանը դասդասված ներկայացրեց իրենց արած հսկայական աշխատանքի արդյունքները ՆԺ-ի «կիլոուկեսանոց» դիմումից:

ՍԴ նիստը կշարունակվի այսօր:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4