«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#101, 2007-05-31 | #102, 2007-06-01 | #103, 2007-06-02


ՀՆԱՐԱՎՈ՞Ր Է ԸՆՏՐԱԿԱՆ ՁԱՅՆԵՐԻ ԿԵՂԾՈՒՄԸ ՆՈՐ ԱՆՁՆԱԳՐԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ

Հայաստանի Ազգային ժողովի ընտրություններից հետո հայտարարվեց, որ բազմաթիվ ձայներ կեղծվել են նոր անձնագրերի միջոցով, այսինքն` ընտրությունների օրը մարդկանց տրվել է նոր անձնագիր, որտեղ փակցված է եղել տվյալ անձի լուսանկարը, սակայն մնացած տվյալները (ազգանուն, անուն, հայրանուն, ծննդյան թիվ, հասցե) եղել են կամ մահացածի, կամ հանրապետությունից դուրս գտնվող անձանց տվյալները: Ընդ որում, այս տարբերակով որպես կեղծված ձայների քանակ նշվում է մինչեւ 400.000 ձայն:

Հայտարարությունը հերքեց ՀՀ ոստիկանությունը:

Քննարկենք, թե որքանո՞վ է հնարավոր նոր (կեղծ) անձնագրերի միջոցով ընտրական ձայներ կեղծելու տարբերակը:

Ենթադրենք ՀՀ ԱԺ ընտրությունների ժամանակ նոր (կեղծ) անձնագրերի միջոցով հօգուտ կուսակցություններից մեկի անհրաժեշտ է եղել կեղծել (ստանալ) 100000 ընտրողի ձայն:

Նշվածը հնարավոր է իրականացնել հետեւյալ քայլերը կատարելով:

Ճշտվում են այն հարյուր հազար անձանց (մահացածներ, հանրապետությունից բացակայողներ) տվյալները (ազգանուն, անուն, հայրանուն, ծննդյան թիվ), որոնց անուններով ՀՀ ԱԺ ընտրությունների ժամանակ կատարվելու է 100.000 ձայների կեղծիք:

Ցուցակները կազմելու ժամանակ 1-ին կետում նշված 100.000 անունները գրանցվում են տարբեր ընտրատարածքների ցուցակներում:

Կուսակցությունն ընտրում է 5000 վստահելի մարդկանց, ովքեր պետք է իրականացնեն 6-11 կետերում նշված քայլերը:

ՀՀ ոստիկանության անձնագրերի եւ հրավերի վարչությունը լրացնում է 100.000 նոր (կեղծ) անձնագրեր, որոնցում 1-ին կետում նշված անձանց տվյալներն են, սակայն փակցված են 3-րդ կետում նշված անձանց լուսանկարները, այսինքնՙ յուրաքանչյուր անձի լուսանկար հայտնվում է 20 նոր (կեղծ) անձնագրերի մեջ:

Ընտրություններից առաջ 100.000 նոր (կեղծ) անձնագրերը տրամադրվում են կուսակցությանը` ընտրություններից հետո անմիջապես հետ ստանալու պայմանով:

Ընտրության օրը 3-րդ կետում նշված անձինք ներկայանում են կուսակցության շտաբ եւ հանձնում իսկական անձնագիրը:

Շտաբից 3-րդ կետում նշված անձանցից յուրաքանչյուրը ստանում է նոր անձնագիր, որտեղ իր լուսանկարն է, սակայն մնացած տվյալներն այլ անձի տվյալներ են:

Շտաբում նոր անձնագիր ստացած անձին հայտնում են այն ընտրական տեղամասը, որտեղ նա պետք է ներկայանա իր նոր անձնագրով եւ հօգուտ կուսակցության կատարի քվեարկություն:

Կուսակցությունն արագ կազմակերպում է անձի տեղափոխությունը համապատասխան ընտրական տեղամաս:

Ընտրական տեղամասում քվեարկելուց հետո անձը շտապ ներկայանում է կուսակցության շտաբ:

Նույն անձը 6-10 կետերը կրկնում է 20 անգամ:

Վերջին (20-րդ) ընտրությունը կատարելուց հետո շտաբում անձը վերադարձնում է իր մոտ գտնվող հերթական նոր անձնագիրը եւ ստանում է իր (իսկական) անձնագիրը:

100.000 նոր (կեղծ) անձնագրերը վերադարձվում են ՀՀ ոստիկանության անձնագրերի եւ հրավերի վարչություն, որտեղ այդ անձնագրերը ճանաչվում են խոտան եւ ոչնչացվում են:

Ակնհայտ է, որ 1-12 կետերում ներկայացված քայլերի դեպքում ընդամենը 5000 (հինգ հազար) վստահելի մարդկանց միջոցով հնարավոր է հօգուտ որեւէ կուսակցության կեղծել (ավելացնել) 100.000 ձայն:

Ակնհայտ է նաեւ, որ ներկայացված տարբերակի դեպքում հնարավոր չէ ունենալ փաստացի ապացույց նոր (կեղծ) անձնագրի միջոցով ընտրությունների մասնակցելու վերաբերյալ, սակայն նշված փաստը հնարավոր է ապացուցել ընտրական ցուցակներում առկա տվյալները միմյանց հետ համադրելու միջոցով:

ՀԱԿՈԲ ՃԱՐՈՅԱՆ

Հ. Գ.- Ընտրական ցուցակներում առկա են ավելի քան 77000 (յոթանասունյոթ հազար) ընտրողների տվյալներ, որոնց ծննդյան օրվա եւ ամսվա դիմաց գրված էՙ 00:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4