«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#101, 2007-05-31 | #102, 2007-06-01 | #103, 2007-06-02


ԱՌԱՋԻՆ ՉՎԵՐԹԸ` ՆՈՐ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆԻՑ

Չի բացառվում, որ Գյումրիի օդանավակայանի կառավարումը եւս հանձնվի Է. Էռնեկյանին

ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Զվարթնոց օդանավակայանի ուղեւորային նոր համալիրից` մեկնման սրահից, երեկ, ժամը 14.15-ի սահմաններում տեղի ունեցավ առաջին չվերթը` Երեւան-Մոսկվա ուղղությամբ: Մոտ 70 ուղեւորներ առաջին անգամ արտերկիր մեկնեցին նոր օդանավակայանից: Հիշեցնենք, որ մեկնման սրահի բացումը տեղի էր ունեցել մայիսի 25-ին` երկրի նախագահի մասնակցությամբ: Առաջին ուղեւորներին դիմավորեցին տեսախցիկներով եւ դիկտոֆոններով զինված լրագրողները, օդանավակայանի ղեկավարությունը, որոնք իրենց ծափահարություններով անակնկալի բերեցին ուղեւորներին:

«Շատ հոյակապ է, տպավորությունը շատ լավ է, կահավորումը, սպասարկումը շատ լավ է: Գոհ ենք, նախկինի հետ երբեք չես համեմատի», ասաց նոր սրահից Մոսկվա մեկնող Անահիտ Գեւորգյանը: Նույն չվերթով Մոսկվա մեկնող մեկ այլ ուղեւոր` Դավթյան Գուրգենն էլ հավելեց. «Ահագին հաճելի օդանավակայան է, կեցցեն»:

«Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերության գլխավոր տնօրեն Խուան Պաբլո Գեչիջյանի ներկայացմամբ, այժմ «Զվարթնոց» օդանավակայանը` մեկնման եւ ժամանման սրահներով, համապատասխանում է միջազգային ամենաբարձր չափանիշներին եւ ամեն բան արվել է ուղեւորների հարմարավետ սպասարկման համար: Մեկնման նոր սրահում կան չվերթերի սպասարկման 6 բաժիններ, 5 ուղեւորային կամրջակներից պատրաստ են 3-ը, իսկ մյուս երկուսը պատրաստ կլինեն առաջիկա մեկ ամսում, կան 12 անձնագրային կետեր, սրճարան, մաքսազերծ խանութ, բիզնես կարգի սպասարկման սրահ եւ այլ հարմարություններ:

Խուան Պաբլո Գեչիջյանն ասաց, որ առաջիկայում նախատեսվում է կառուցել նոր տերմինալ, որտեղ կտեղափոխվի օդանավակայանի հին համալիրում գործող ուղեւորների հաշվառման կետը: Նրա խոսքով, 5 հազար քմ տարածքով նոր տերմինալի համար նախատեսվում է ներդնել 100 մլն դոլար, այսինքն` մոտավորապես այնքան, որքան ծախսվել է մեկնման եւ ժամանման սրահների կառուցման համար: Նոր տերմինալի կառուցումը կավարտվի 2010 թ. այն մի շարք ծառայությունների մատուցման հնարավորությունից կունենա նաեւ երկհարկանի ավտոկանգառ: Ընկերության մամուլի քարտուղար Գեւորգ Աբրահամյանի հավելմամբ էլ, նոր օդանավակայանը կարող է սպասարկել ժամում հազար ուղեւորի, իսկ տարեկան` մինչեւ 2 մլն ուղեւորի:

Պատասխանելով «Ազգի» հարցին` Խուան Պաբլո Գեչիջյանը նշեց, որ մեր օդանավակայանն այժմ իր չափանիշներով համարվում է B կարգի, իսկ ստանդարտը C է: Այսինքն, մեր օդանավակայանը նույնիսկ մեկ քայլ առաջ է սահմանված չափանիշներից: Պաբլո Գեչիջյանի խոսքով, նոր օդանավակայանն ունի նաեւ տարանցիկ չվերթերի հնարավորություն, որի իրականացման համար, կարծում է, ավելի շատ պետք է ավիաընկերություններն աշխատեն: 30 տարով օդանավակայանի կառավարումը ստանձնած ընկերության տնօրեն Խուան Պաբլո Գեչիջյանը նշեց, որ իրենք ակնկալում են ներդրած գումարներից շահույթ ստանալ առաջիկա 30 տարիներին:

Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսիսյանի կարծիքով եւս տարանցիկ չվերթերի հարցը պետք է լինի ավիաընկերությունների քաղաքականության հիմքում. «Որպես պետություն մենք կոնցեսիոների հետ այդ քննարկումներն ունեցել ենք: Ինքն այստեղ այդ բոլոր հնարավորությունները ստեղծել է, արդեն ավիաընկերություններն իրենք պետք է որպես տրանզիտ դիտեն: Ես կարծում եմ, որ այստեղ մեծ անելիք ունի Արմավիան, որովհետեւ յուրաքանչյուր պետության ներսում տրանզիտը (տարանցիկ չվերթը) խրախուսում է այդ պետության ավիափոխադրողը: Իրեն ձեռնտու է լինում համակցումները, օրինակՙ Դուբայից դեպի Կրասնոդար գնալը Հայաստանի միջոցով կարող է լինել շահավետ տարբերակ: Պետք է էժան գներ առաջարկի եւ կոմերցիոն լուծումներով այդ հարցը կարգավորելու համար»:

Խոսակցություններ կան, որ «Ամերիքըն ինթերնեյշընըլ էյրփորթս» ընկերության նախագահ Էդուարդո Էռնեկյանը, ով 30 տարով վերցրել է «Զվարթնոցի» կառավարումը, դիմել է նաեւ Գյումրիի «Շիրակ» օդանավակայանը կառավարման վերցնելու: Արտյոմ Մովսիսյանի խոսքով, այժմ այդ հարցը քննարկվում է Հայաստանի իշխանությունների հետ:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4