«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#101, 2007-05-31 | #102, 2007-06-01 | #103, 2007-06-02


«ԱՐՄԵՆՏԵԼՆ» ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ՆՈՐ ՍԱԿԱԳՆԵՐ

Դրանց մի մասը կբարձրանա, մյուսը կնվազի կամ կմնա անփոփոխ

«Արմենտելը» երեկ ֆիքսված հեռախոսակապի սակագների վերաբալանսավորման հայտ է ներկայացրել հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին: Վերջինիս 90-օրյա ժամկետում կքննարկի ընկերության ներկայացրած հայտը եւ որոշում կկայացնի: Այդ մասին երեկ լրագրողներին հայտնեց ընկերության գլխավոր տնօրեն Օլեգ Բլիզնյուկը: Նա ներկա էր Հայաստանի մանկական պատկերասրահում բացված «Կապըՙ մանկական վառ գույներով» նկարների ցուցահանդեսին: Ցուցահանդեսը կազմակերպել էր «Արմենտելը» եւ նվիրված էր երեխաների պաշտպանության միջազգային օրվան:

Պարզաբանելով հայտի ներկայացման անհրաժեշտությունը, Օլեգ Բլիզնյուկը նշեց, որ համաձայն գործող լիցենզիայի պահանջների, մինչ շուկայի ազատականացումը «Արմենտելը» պետք է առաջարկ ներկայացնի ֆիքսված հեռախոսակապի ծառայությունների սակագները վերաբալանսավորելու վերաբերյալ, որի դեպքում սակագները պետք է հիմնված լինեն ինքնարժեքի վրա: «Կան սակագներ, որոնք կիջնեն 5-6 անգամ, կան, որ կմնան անփոփոխ կամ կբարձրանան», ասաց «Արմենտելի» գլխավոր տնօրենը, ավելացնելով, որ փոփոխությունները գնային մեծ տեղաշարժ չեն առաջացնի եւ «շուկայում պայթյուն չի լինի»: Օլեգ Բլիզնյուկը նաեւ կարծիք հայտնեց, որ նոր սակագները ընկերության շահույթի վրա էական ազդեցություն չեն ունենա եւ հավաստիացրեց, որ այդ ծառայությունների սակագները Ռուսաստանում շատ ավելի բարձր են, քան մեզ մոտ:

Իսկ, այնուամենայնիվ, ի՞նչ փոփոխություններ է առաջարկում «Արմենտելը»: Դրանք հրապարակվել են մամուլում, այդ թվումՙ «Ազգում»: Մասնավորապես կէժանանան միջազգային խոսակցությունների գները: Օրինակՙ դեպի Ռուսաստան ներկայիս 1 րոպեի դիմաց գանձվող 140-192 դրամի փոխարեն կգանձվի 90 դրամ, դեպի ԱՄՆ ներկայիս 250-344 դրամի փոխարենՙ դարձյալ 90 դրամ, դեպի եվրոպական երկրներ 344 դրամ գործող սակագնի փոխարեն առաջարկվում է 90 դրամից մինչեւ առավելագույնը 344 դրամ սակագին:

Տեղային խոսակցությունների համար անփոփոխ է մնում 360 րոպե առանց րոպեավճարի խոսելաժամանակը, 361-րդ րոպեից հետո 1 րոպեի դիմաց 5 դրամ սակագինը, 1001-րդ րոպեից 1 րոպեի դիմաց 9 դրամ սակագինը: Սակայն փոխարենը առաջարկվում է կտրուկ բարձրացնել բաժանորդային վճարըՙ ներկայիս 1100 դրամի փոխարեն մինչեւ 2040 դրամ բնակիչների համար, իսկ գործարար բաժանորդների համարՙ 4800 դրամ: Վերոնշյալ սակագների մեջ ներառված է նաեւ ավելացված արժեքի հարկը:

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4