Հայ երաժշտության դասական Ալեքսանդր Սպենդիարյանի անունը կրող օպերայի եւ բալետի պետական ակադեմիական թատրոնի շենքը, որ նախագծել է մի ուրիշ մեծ Ալեքսանդր` ճարտարապետ Թամանյանը, դեռ հեռվից է ձգում մեզ: Թվում է, ուր-որ է, շուրջբոլորը տարածվելու են «Ալմաստի» հնչյունները, եւ մարդկանց հոգիները լցվելու են հերոսա-հայրենասիրական, քնարական, դրամատիկ մեղեդիներով: Իսկ շենքի մոտակայքում նշանավոր կոմպոզիտորի սրբազան շիրիմն է` «Ալեքսանդր Սպենդիարյան. 1871-1928»: Ընդամենը երկու տարեթիվ, բայց այս երկու թվերի միջեւ եղած գիծը դառնում է նրա կյանքի մի յուրօրինակ հանրագիտարան, որը կարող է «հատորներ» ընդգրկել...
Ստեղծագործական ուժերի ծաղկման շրջանն էր, երբ 1924 թ. վերադարձավ Հայաստան` իր աստվածային շնորհը հայրենիքին ծառայեցնելու: Նա, որ երկար տարիներ իր կոմպոզիտորական, երաժշտական, դիրիժորական գործունեությունն էր ծավալում Ղրիմում ու Մոսկվայում, իր առջեւ խոնարհեցնում դահլիճները, վերադարձավ իր լուման ներդնելու հայկական ազգային կոմպոզիտորական դպրոցի, նրա գեղագիտական սկզբունքների, ոճերի ձեւավորման գործում: Եկավ, որ մնար...
Այսպես կլիներ միշտ, եթե... Եթե սրճարանախեղդ եղած տարածությունից հնչող միալար, նյարդեր սղոցող տարաբնույթ «մեղեդիները» չփշրեին ոգեղենիկ մթնոլորտը: Իսկ արգելոցի դեր կատարող տգեղ ագրեգատները ոչնչով չեն տարբերվում նույն այդ սրճարանները շրջապատող ցանկապատներից: Հարկավոր է շատ մոտենալ, որպեսզի տեսնես, որ այնտեղ շիրիմ կա. այն էլ ինչպիսի՜ շիրիմ: Մոտենում ենք. ի՞նչ գործ ունես այստեղ, շնի՛կ... Իսկ թղթե՞րն ովքեր են նետել... Սարսափելի տխրություն է իջնում ճշմարիտ արվեստագետին գնահատողի հոգում եւ մի պահ մտածում ես. մի՞թե նման վերաբերմունքի արժանանալու համար նա վերադարձավ: Չէ՛, պիտի գար` առանց դույզն-ինչ կասկածելու, որ իր ժողովրդի զավակները սկսելու են հեռանալ դասական արվեստից, եւ իր շիրիմը մատնվելու է անտարբերության... Բայց ավելի լավ է մեր չորքոտանի բարեկամները իրենց անարատ դնչիկներով հպվեն ու քնեն, քան թե հերթական սրճարանը անգղի պես կուլ տա այդ թանկ մասունքը:
Ուրեմն, խոնարհվենք նաեւ այս մեծության առջեւ եւ ժամ առաջ կանխենք մեր իսկ մեղավորությամբ ձեւավորվող լկտիությունը եւ բռնենք հանցագործի ձեռքը (չնայած սա միակ դեպքը չէ): Ավելի լավ է մենք չներենք, քան` շիրիմները:
ՀԱՍՄԻԿ ՊՈՂՈՍՅԱՆ