ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒՆԻՍ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Մայր աթոռ Սբ.Էջմիածնի գանձարանի, Հայաստանի պատմության թանգարանի եւ Մ. Մաշտոցի անվան Մատենադարանի տրամադրած 200-ից ավելի բացառիկ ու խորհրդանշական ցուցանմուշները Լուվրի թանգարանում «Սուրբ Հայաստան» խորագիրը կրող ցուցահանդեսում ներկայացվելուց հետո մինչեւ հունիսի 20-ը կվերադարձվեն Հայաստան: 4-18-րդ դարերը ներկայացնող վեց բաժնից բաղկացած ցուցադրությունը Լուվրում գործել է փետրվարի 17-ից մինչեւ մայիսի 15-ը:
Ինչպես հունիսի 1-ին հայտնեց ՀՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարար Հասմիկ Պողոսյանը, ցուցանմուշների մեծ մասն արդեն ապամոնտաժվել է եւ հուլիսի 19-ին դրանք ինքնաթիռով կբերվեն Հայաստան: Նախարարի խոսքերով, Լուվրի թանգարանի տնօրինության հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որպեսզի Հայաստան վերադառնալուց հետո այդ ցուցանմուշները օգոստոս եւ սեպտեմբեր ամիսներին ցուցադրվեն նաեւ Հայաստանի պատմության թանգարանում: Ըստ Հ. Պողոսյանի, ցուցահանդեսը կունենա նույն տեսքը, ինչպիսին եղել է Լուվրում: