«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#101, 2007-05-31 | #102, 2007-06-01 | #103, 2007-06-02


ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ԿՐՔԵՐ

Մատենադարանի նոր տնօրեն ընտրելուց առաջ

Հայաստանի գրողների միությունն ու «Վերնատուն» հասարակական կազմակերպությունը երեկ գլուխ-գլխի էին հավաքել արվեստի ու գրականության աշխարհի մարդկանցՙ վերստին խոսելու Մատենադարանի ձեռագրերի թվայնացման լավ ու վատ կողմերից, ծանր ու թեթեւ անելու արածն ու չարածը: Առաջին պահին թվաց, թե համախոհների հավաք է, ամեն ինչ անցնելու է խաղաղ գետի պես, բայց քիչ անց պարզ դարձավ, որ կար նրանց «մերոնց» ու «ձերոնց» բաժանող մի զգայուն կետ, որին դիպչելիս արտաբերվող որակումներից մթնոլորտն իսկույն խեղդող էր դառնում: Երբ որեւէ մեկի բերանից Մատենադարանի արդեն նախկին տնօրենության մասին դրական խոսք էր հնչում, գրողների միության կլոր սեղանի շուրջը նստածներից մի քանիսն ասես տեղից վեր էին թռչում: Բանաստեղծուհի Անահիտ Պարսամյանն այնպես էր բորբոքվել եւ իմացած ողջ բառապաշարը գործի դրել, որ առանց ճանաչելու բղավեց Մերուժան Կարապետյանի վրաՙ «Լռեք, ձեզ էլ գիտենք», բայց երբ կողքից հուշեցին նրա ով լինելըՙ ժպտալով ասացՙ «Հա, մերոնցից է»: Բանաստեղծուհիների դրամատիկ ելեւէջները մերթընդմերթ ընդհատվում էին իրավապաշտպան Պուշկին Սերոբյանի եւ այլոցՙ Մատենադարանի տնօրենությանը որպես կրիմինալի դատապարտող, ուր որ է կախաղան բարձրացնող արտահայտություններով: Դժվար է ասել, թե ինչքան կձգվեր բոցաշունչ խոսքերի շարանը, եթե ձայն չխնդրեր պատվելի վանեցինՙ ակադեմիկոս-ճարտարապետ Վարազդատ Հարությունյանը: Մատենադարանի շենքի հիմնադրման աշխատանքներին մասնակցած ճարտարապետը հիշեցրեց, որ մոտակա ժայռերի մեջ պահարաններ են կառուցվել ձեռագրերը պահպանելու համար, սակայն ստորգետնյա ջրերի հոսքի պատճառով չի օգտագործվել: «Ծանոթ եմ եղել Մատենադարանի տնօրեններ Լեւոն Խաչիկյանի եւ Սեն Արեւշատյանի հետ, երկուսն էլ ազգանվեր մտավորականներ են, ազնիվ գործող: Այն հանցանքները, որ վերագրում են նախկին տնօրենությանը, ճիշտն ասած, ինձ չի համոզում: Իմ ունեցած վերջին տեղեկություններով, ոչ մի ձեռագրերի ոչ մի պատճեն արտասահման չի գնալու, այդ բոլորը կառավարության որոշմամբ, հանվելու եւ պահվելու է Հայաստանում, որպեսզի ուսումնասիրողները բնօրինակների հետ գործ չունենան: Ինչպե՞ս կլինի, որ կառավարությունը մի բան որոշի, կրթության նախարար Լեւոն Մկրտչյանըՙ մեկ այլ բան, այդ դեպքում մենք կարող ենք պահանջել նրան հեռացնել այդ պաշտոնից»:

Ռեժիսոր Ռուբեն Սահակյանցը տեղին նկատեց, որ համաձայնագիր ստորագրելու համար որեւէ մեկին պետք չէ մեղադրել, նույն վիճակում կարող է հայտնվել յուրաքանչյուր ոք` «Սարսափով մտածում եմ, թե հիմա ինչ պատասխան պիտի տայի ձեզ, եթե ես կնքած լինեի: Պարզ է, որ կնքելիս պիտի ունենայի ամենաբարի ցանկություններն ու նպատակները: Մատենադարանի ճակատագիրը պետք է կախված լինի ոչ թե մեկ անձից, այլ պետք է գործեն հստակ մեխանիզմներՙ այդպիսի փաստաթղթեր կնքելու համար: Բացի այդ պետք է ունենալ թվայնացմամբ զբաղվող կադրեր, եւ իմանալ, թե ինչ կարող է պատահել արդեն թվայնացված ձեռագրերի հետ: Թե՞ կարծում ենք, որ եթե Մատենադարանի ձեռագրերի թվայնացման գործը հանձնարարենք հայկական կազմակերպությանը, ուրեմն չի վաճառի ձեռագրերի տվյալները: Կվաճառի, այն էլՙ ամերիկացիներից ավելի շուտ: Հարցն այն է, որ այդ աշխատանքը չպետք է կախված լինի որեւէ անձից, որովհետեւ նա կարող է հանցավոր սխալներ թույլ տալ»:

Տեղեկատվական տեխնոլոգիաների հիմնադրամի նախագահ Գարեգին Չուքասզյանը ընդգծեց այն հանգամանքը, որ ամենից առաջ պետք էր ուսումնասիրել ձեռագրերը թվանշայնացնելու միջազգային փորձը. «Եթե ուզում եք տվյալ գործի լավն ու վատը իմանալ, պիտի համեմատելու եզրեր ունենաք: Եգիպտոսի մշակութային ամբողջ ժառանգությունը թվանշայնացրել է ամերիկյան Այ-բի-էմը, Ռուսաստանի Էրմիտաժինըՙ նույնպես: Այդ աշխատանքը կատարվել է որպես նվիրատվություն: Բազմաթիվ կազմակերպություններ պատիվ կհամարեին Մատենադարանի կողքին իրենց անունը դնելու: Քանիցս Սեն Արեւշատյանին ասել եմ, որ ինքը գիտակ չէ այս հարցում, իր աշխատակիցներից ոչ մեկը չի կարող ասելՙ թվայինը թվանշանայնից ինչով է տարբերվում: Ինչպե՞ս է առանց մասնագետների հետ քննարկելու այդպիսի գործ ծավալում: Վերջին 2 ամիսներին բազմիցս գրվեց, թե ինչպես էր պետք այդ ամենը անել, սակայն դարձյալ ոչինչ չի ասվում: Այլեւս որեւիցե վստահություն չունեմ, որ սա գործից գլուխ չհանելու հարց է: Այստեղ կա ուղղակի շահագրգռվածություն, եւ այս խմորը դեռ շատ ջուր է առնելու: Բարձր ատյաններից փորձելու են այս ամենը առաջ մղել, ասում եմՙ վստահ եմ, որովհետեւ դրա նախօրինակը եղել էՙ «Հայֆիլմի» հետ պայմանագիրը»:

Հավաքի կազմակերպիչները երեկ տարածած հայտարարության մեջ Մատենադարանի կնքած պայմանագիրը նորից քննության առնելու պահանջ էին դրել կառավարության առաջ, իսկ գլխավոր դատախազությունից ակնկալել էին «անհապաղ արձագանքել պայմանագրերի քննարկումից լրագրողների մեկուսացման, Մատենադարանին կտակած 100 հազար դոլարի յուրացման փաստերին, ինչպես նաեւ պետական ազգային շահերի դեմ ուղղված պայմանագրերը չեղյալ հայտարարելուն»:

Ի պատասխան այդ հայտարարության ընթերցվեց Մատենադարանի աշխատակազմի խոսքը. «Նախընտրական կրքերի կենտրոնում այսօր հայտնվել է մեր սրբության սրբոցըՙ Մաշտոցի անվան Մատենադարանը, որովհետեւ նոր տնօրեն է ընտրվելու, եւ դրանում կարեւոր դեր պիտի խաղա նաեւ աշխատակազմը: Դա դուր չի գալիս ոմանց, նրանք անվայել կեցվածք են ընդունելՙ հետապնդելով շահադիտական նպատակներ: Չեն խորշում ոչնչիցՙ անտեսելու, նսեմացնելու այն հսկայական դերը, որ կատարել է Մատենադարանը մեր ազգային ու մշակութային կյանքում: Անվանարկվում է նաեւ գիտական անձնակազմը, նրա երկարամյա տնօրեն Սեն Արեւշատյանը: Կասկածի տակ է դրվում բազմավաստակ գիտնականի բարոյական նկարագիրը, ինչն անհանդուրժելի է: Պայմանագիրը չեղյալ է հայտարարվել, պարոնայք: Արժե՞ դրա շուրջն անվերջ շոուներ սարքել: Ինչ վերաբերում է Մատենադարանին կտակված 100 հազար դոլարին, տեղեկացնում ենք, որ ստացման օրվանից կտակակատարի կամքով այն պահվում է բանկում առ այսօրՙ անձեռնմխելի»:

Ավելացնենք, որ երեկվա հավաքին ներկա էր նաեւ Մատենադարանի ավագ գիտաշխատող Վարդան Դեւրիկյանը, որը վերջին կետը մանրամասնելով նշեց, որ այդ գումարի բերած տարեկան բանկային տոկոսներից գիտաշխատողներն ամեն տարի դրամական պարգեւատրումներ են ստացել: (Վ. Դեւրիկյանի հոդվածը կարդալ «Ազգի» այսօրվա մշակութային ներդիրում):

ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4