«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#101, 2007-05-31 | #102, 2007-06-01 | #103, 2007-06-02


ԼՈՒՍԻՆԵ՜

Մեծն Կոմիտասի, հայ հոգեւոր երգերի ու տաղերի անզուգական կատարող Լուսինե Զաքարյանը հունիսի 1-ին կդառնար 70 տարեկան, եթե չարագույժ մահը 15 տարի առաջ չխլեր նրա կյանքը: Ազգային գրադարանի անձնակազմը երաժշտության բաժնի նախաձեռնությամբ երեկ առավոտյան այցելեց Էջմիածին, Սբ. Գայանե եկեղեցի, որի բակում իր վերջին հանգրվանն է գտել Լուսինե Զաքարյանի աճյունը: Տեր Գրիգոր ավագ քահանա Տերտերյանի ձեռամբ կատարվեց հոգեհանգստյան կարգ սիրված երգչուհու հիշատակինՙ ծննդյան 70-ամյակի առիթով: Լուսինե Զաքարյանի վաստակը բարձր է գնահատվել սերունդների կողմից: Նա այն բացառիկ երգչուհիներից էր, որի անսպառ ձայնը եւ բեմական բարձր կատարողական արվեստը մատչելի է հասարակության բոլոր խավերին: Մի առիթով Վազգեն Ա կաթողիկոսի մայրը Լուսինե Զաքարյանին բնորոշել է այսպես. «Երբ Լուսինեն երգում է «Սուրբ-սուրբը», ամբողջ հրեշտակները բազմությամբ իջնում են Մայր աթոռ ու փառաբանում Աստծուն իր այդ երգեցողության ու նրան ի վերուստ տրված շնորհի համար»:

«Հայ եկեղեցու սոխակ», անմոռանալի Լուսինե Զաքարյանի հիշատակը ներկաները հավերժացրին լռակյաց: Քիչ անց սպիտակ մարմարյա տապանաքարը ծածկվեց սպիտակ մեխակներով ու ներկաները խնկարկեցին անկրկնելի երգչուհու հիշատակը:

Կեսօրին ազգային գրադարանի միջնասրահում, ուր մի քանի ցուցափեղկերում ցուցադրված էին մեծանուն երգչուհու կյանքին վերաբերող մեկ տասնյակ ցուցանմուշներ, հոդվածներ, էլեկտրոնային սկավառակներ, նոտային գրականություն, սկսվեց հուշ-ցերեկույթը: Խղճուկ-տնավարի կազմակերպված ցերեկույթի ընթացքում Լուսինեի մասին հուշեր ու հանդիպումներից դրվագներ պատմեցին գրադարանի երաժշտության բաժնի պատասխանատու Ա. Հայրապետյանը, գրող Հ. Մաթեւոսյանը, Դանիել Երաժիշտը, դոցենտ Մ. Նավոյանը եւ ուրիշներ: Ելույթ ունեցողները մեկ անգամ եւս շեշտեցին Լուսինե Զաքարյանի կատարողական փայլուն արվեստի մասին, որով նա ժողովրդականացրեց հայ հոգեւոր երգը: Պարույր Սեւակը ահա այսպես է բնորոշել երգչուհուն. «Լուսինեն հայ երգարվեստի մեջ նույն դերն ունի, ինչ ճարտարապետության մեջՙ Թորոս Թորամանյանը»: Պրոֆեսոր Դավիթ Ղազարյանը Լուսինեին այսպես բնորոշեց. «Անզուգական երգչուհի, հոգեւորի փայլուն զգացողությամբ, որը գերել ու «գրավել» է ոչ միայն հայ, այլեւ այլազգիների սրտերն ու փառքով ներկայացրել Կոմիտասի, հայ ժողովրդական երգերը, տաղերը եւ շարականները»:

Ցավալի է, որ մեր կառավարությունը առայժմ չի անդրադարձել ամենասիրված ու հարգված երգչուհու հոբելյանին:

Նյութը եւ լուսանկարըՙ ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆԻ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4