էլիստայում շարունակվում են շախմատի աշխարհի առաջնության հավակնորդների մրցախաղերը: 5-րդ տուրում նորվեգացի Մագնուս Կառլսենը սպիտակներով 49-րդ քայլում հաղթեց Լեւոն Արոնյանին, ռեւանշի հասնելով նախորդ պարտիայում կրած պարտության դիմաց: Այսպիսով, մրցախաղի ավարտից մեկ տուր առաջ Արոնյան-Կառլսեն մրցախաղում հաշիվը հավասարվեց (2,5-2,5): Այսօր կկայանա վերջին պարտիան: Եթե դա հաղթողին չորոշի, ապա մրցակիցները լրացուցիչ մրցախաղ կանցկացնեն:
Հավակնորդների 8 զույգերից 3-ում հաղթողներն արդեն հայտնի են: 4-րդ տուրում Պետեր Լեկոն, հերթական հաղթանակը տոնելով Միխայիլ Գուրեւիչի նկատմամբ, մրցախաղը շահեց 3,5-0,5 հաշվով: Բնականաբար, այլեւս հարկ չկար անցկացնելու մնացած 2 պարտիաները: Նույնպիսի հաշվով Գատա Կամսկին առավելության հասավ Էթիեն Բաքրոյի նկատմամբ: 5-րդ տուրում իրենց մրցավեճն ավարտվեցին Ալեքսանդր Գրիշչուկն ու Վլադիմիր Մալախովը: Պարտիան ավարտելով ոչ-ոքի, Գրիշչուկը մրցախաղը շահեց 3,5-1,5 հաշվով:
Մայքլ Ադամսը 3-2 հաշվով շահում է մրցախաղն Ալեքսեյ Շիրովից: 5-րդ պարտիայում նրանց մրցավեճն ավարտվեց ոչ-ոքի: Նույնպիսի հաշվով Եվգենի Բարեեւն առջեւից է ընթանում Հուդիթ Պոլգարի հետ մրցավեճում, թեեւ 5-րդ պարտիայում պարտվեց: Սերգեյ Ռուբլյովսկին էլ նույն հաշվով հաղթում է Ռուսլան Պոնոմարյովին: Նրանց պարտիան էլ ավարտվեց ոչ-ոքի:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ