Մայիսի 25-ին Քյոլնում Ֆրանսիան ներկայացնող ծագումով ալժիրցի 29-ամյա Նադյա Հոքմիի մասին WBA վարկածով բռնցքամարտի թեթեւքաշայինների աշխարհիՙ Գերմանիան ներկայացնող 19-ամյա չեմպիոնուհի Սյուզի Քենտիկյանը մրցելույթից առաջ այսպես էր ասում. «Հոքմին կարող է շատ վտանգավոր լինել: Ուզում եմ ամենալավերի հետ մրցել, որ ցույց տամ, որ ես ավելի՛ լավն եմ: Նա ուժեղ մարզիկ է: Բայց ես գոտին չեմ տա, ուզում եմ աշխարհի բացարձակ չեմպիոն լինել»:
Պրոֆեսիոնալ ռինգում 17 մրցամարտից 17-ը հաղթանակով (13-ը տեխնիկական նոկաուտով) պսակած չեմպիոնուհին իր խոսքի տերը եղավՙ 10 ռաունդանոց մրցապայքարն ավարտվեց Սյուզիի վաստակած միավորների առավելությամբՙ 97:93,
98 :92, 93: 97:
Նադյա Հոքմին, արդարեւ, ոչ միայն երկար հասակ ու երկար ձեռքեր ուներ, այլեւ 6-րդ ռաունդում ամրացրեց իր երկրպագուների հույսն ու հավատը, ֆրանսարաբերեն բացականչությունները թնդացրին արենան: Սա իհարկե տիրապետող չեղավ: Pro 7-ի մեկնաբանի իրազեկմամբ, մնացած բոլոր ռաունդներում Սյուզիի առավելությունն էր ընդգծվումՙ «19-ամյա Քենտիկյանը շատ մեծ տաղանդ ունի, լավ ռեֆլեքսներ, արագ արձագանք, պաշտպանվելով առաջ է գնում ու հասնում նպատակին»:
«Շնորհակալություն Հոքմիին. նա ինձ ցույց տվեց, որ ավելի շատ պիտի աշխատեմ: Զարգացնելու տեղ դեռ շատ ունեմ», մրցամարտի ավարտին մի քիչ տխուր երանգով հեռուստադիտողներին դիմեց չեմպիոնության գոտին երկրորդ անգամ պաշտպանած Սյուզի Քենտիկյանը:
Մրցապայքարից 4 օր անց էլ մեր հեռախոսազրույցում նրա ձայնը մեզ ծանոթ առույգ երանգը չուներ. «Կարող էի ավելի լավ հանդես գալ: Պիտի պարապեմ ու 2-3 ամսից նոր մրցամարտում ասածս ապացուցեմ»: Ինչ վերաբերում է վերջինՙ 93:97 արդյունքին, ինքն էլ բացատրություն չունիՙ «շատերն են զարմացած, տեսնես ի՞նչ ակնոցով են գնահատել»:
Համբուրգում բնակվող մեր հայրենակցուհու մրցելույթներին «Ազգի» էջերում անդրադարձել ենք: Խոստացել էինք առավել մանրակրկիտ ծանոթություն պրոֆեսիոնալ ռինգի ամենափոքրիկ ու գերմանական մամուլի գնահատմամբ «ամենաքնքուշ» տիրուհու հետ: Մեր անկեղծ զրույցըՙ ստորեւ:
- 11 տարի է ապրում եմ Համբուրգում: Հայաստանի դժվար տարիներին եկանք Գերմանիա, լեզու չգիտեինք, մտածեցինք Ռուսաստանում ավելի հեշտ կլինի, գնացինք, բայց երկու տարի ապրելուց հետո նորից Գերմանիա եկանքՙ Համբուրգ: Ես 6 տարեկան էի, Հայաստանը լավ չեմ հիշում: Հիմա, երբ լուսանկարներ եմ տեսնում, ուզում եմ գնալ, տեսնել: Գերմանացիներն էլ, ովքեր եղել են Հայաստանում, ասում ենՙ շատ սիրուն երկիր է: Հաջորդ մրցելույթից հետո երեւի Հայաստան կգնամ:
Մեր Քենտիկյան ազգանունը Հայաստանում միակն է: Հայրսՙ Լեւոն Քենտիկյանը 48 տարեկան է, մայրսՙ Մաքրուհի Քենտիկյանըՙ 44, եղբայրսՙ Միքայելըՙ 23: Ունենք մի շուն: Բոլորս միասին ենք ապրում: Հայրս ու եղբայրս աշխատում են, Միքայելն իմ ինտերնետային նամակագրության պատասխանատուն է:
- Հայաստան վերադառնալու, այնտեղ ապրելու ցանկություն ունե՞ս:
- Գերմանիային սովորել եմ: Հայերեն լավ գրել, կարդալ չեմ կարող: Բայց մի մեծ կարոտ կա Հայաստանի հանդեպ: Եթե այնտեղ լինեի, աշխարհի չեմպիոն, կարծում եմ, չէի լինիՙ ինձ չէին կարող ֆինանսավորել:
- Ընտանիքդ ինչպե՞ս ընդունեց այն փաստը, որ դու բռնցքամարտն ընտրեցիր:
- Հայրս դեմ էրՙ բռնցքամարտն աղջկա սպորտ չէ: Սկսեցի համոզելՙ մի քիչ պարապեմ, հետո կտեսնենք: Մարզիչս շատ գոհ էր, հորս ասացՙ լավ արդյունքի կհասնի: Հայրս համոզվեց: 7 տարի առաջՙ առաջին մրցելույթիցս հետո ասացՙ եթե սիրում ես, գնա, պարապիր: Բայց եթե պարտվես, բռնցքամարտը թողնելու ես: Հայրս միշտ ինձ հետ է, եղբայրս գալիս է իմ մրցելույթները դիտելու, մորս սիրտը չի տանումՙ երբեմն հեռուստացույցով էլ չի կարողանում հետեւել:
Փոքր ժամանակ շատ չար էի, հանգիստ չէի կարողանում նստել: Ծնողներիս շատերն էին բողոքում ՙ «Ձեր աղջիկը մեր տղային ծեծել է»: Ինձ մարմնամարզության տվեցինՙ բան դուրս չեկավ: Եղբայրս բռնցքամարտի գնաց: Հետո ես էլ սկսեցի, շատ դուր եկավ: Ու երբ արդյունքներն էլ գոհացնող էին, էլ չկարողացա թողնել:
- Եթե նորից ընտրելու լինեիր, դարձյալ բռնցքամա՞րտը կձգեր:
- Իհարկե: Բռնցքամարտն ինձ համար ամեն ինչ է: Դպրոցում դերասանություն, պարել, երգել փորձել եմ, ամենաշատը այս մարզաձեւը սիրեցի:
- Ո՞վ է քո մարզիչը:
- Ազգությամբ տաջիկ Մագոմեդ Շաբուրովը: Շատ լավ մարզիչ է, լավ փորձառություն ունի: Իրար հետ ռուսերեն ենք խոսում:
- Չե՞ս վախենում պարտվել:
- Դրա մասին չեմ մտածում: Գիտեմ, որ շատ եմ պարապել, անհնարին է, որ պարտվեմ:
- Գերմանական դպրոցում ինչպե՞ս էիր սովորում:
- Ոչ լավ, ոչ վատ: Մաթեմատիկայից 3 էի ստանում: Եթե մարզիչս ասում էՙ 4 անգամ հարվածիր, այդքան հաշվել կարողանում եմ: (Ծիծաղում է):
- Գերմանական մամուլում հաճախ են շեշտում, որ «դժվար կյանքը» քեզ կոփել է:
- Եթե դժվարություններ ունեմ, ոչ մեկին ցույց չեմ տալիսՙ միշտ ուրախ եմ ու ծիծաղում եմ: Իսկ լրագրողներն իհարկե երբեմն չափազանցնում ենՙ աման եմ լվացել, ընտանիքիս եմ պահել եւ այլն... Հայրս ու եղբայրս միշտ են աշխատել, իսկ ես 15 տարեկանում որոշեցի պարզապես հեռուստացույց դիտելու փոխարեն մարզչիս առաջարկն ընդունելՙ մեր մարզադահլիճի սարքերի փոշին էի սրբումՙ մի քիչ գրպանի փող վաստակում:
- Ռինգում ի՞նչն է քեզ ամենաշատն օգնում:
- Կենտրոնացումը: Նաեւ այն, որ օրինակ, դահլիճը լիքն է, եւ անունս են վանկարկում: Երբ երկրպագուներս գոռում ենՙ «Սյուզի, հուպ տուր», օգնում են, ուժ են տալիս: Գիտես, որ քեզ համար են եկել: Ու հենց դրա համար ուզում եմ ավելի կենտրոնացած խաղ ցույց տալ:
- Օրական քանի՞ ժամ ես պարապում:
- 4: Առավոտյան 10-ին, երեկոյանՙ 5-ին: Կիրակի օրերին հանգստանում եմՙ ուժերս վերականգնելու համար:
- Քեզ երես չե՞ն տալիս: Մայրիկդ առանձնահատուկ հոգատար չէ՞:
- Ասում էՙ լավ կեր: Միս, մակարոն շատ եմ ուտում, որ ուժ ունենամ: Բայց ամենաշատը մամայիս ու տատիկիս խաղողի թփով տոլման եմ սիրում:
- Հոբբի ունե՞ս:
- Սիրում եմ հիփ-հոփ, արնբի, եթե ժամանակ կա, սիրով կինո եմ գնում: Դպրոցում դաշնամուր, ֆլեյտա ու քիբորդ էի նվագում, հիմա նվագելու ժամանակ չունեմ: Շատ եմ սիրում առեւտուր անելՙ նոր, մոդեռն հագուստներ գնել ինձ համար:
-Ի՞նչ երազանքներ ունես:
-Ամենամեծ երազանքս աշխարհի չեմպիոն դառնալն էրՙ եղավ: Բայց դեռ լիքը երազանքներ ունեմՙ ուզում եմ իմ քաշային կարգի բոլոր գոտիները նվաճել: Բայց ամեն ինչ իր ժամանակն ունիՙ եթե բոլորը 19-20 տարեկանում ունենամ, հետո ի՞նչ պիտի անեմ: Ուզում եմ նաեւ մի մեծ տուն, ավելի շուտՙ պալատ ունենալ:
- Աշխարհի չեմպիոն դառնալուց հետո քո մեջ ի՞նչ փոխվեց:
- Ոչինչ: 2 տարի առաջ էլ ես իմ մեջ, ինձ համար աշխարհի չեմպիոն էի: Գիտեի, որ դառնալու եմ, ե՞րբՙ դա չգիտեի: Պիտի պարզապես ուրիշներին ապացուցեի:
- Սյուզի, Գերմանիայում արդեն հանրահայտ ես դարձել. հաճելի՞ զգացողություն է:
- Իհարկե: Գիտեի, որ մի բան դառնալու եմՙ մեջս խայծ կար: Դեռ վարորդական իրավունք, ավտոմեքենա չունեմ, ոտքով եմ ման գալիս, փողոցում բոլորը ճանաչում են: Շատերի համար օրինակ եմ դարձելՙ երկրպագուներիս նամակներից գիտեմ, ուրախ եմ դրա համար:
- Կուզենայի՞ր, որ Հայաստանում էլ աղջիկները բռնցքամարտն ընտրեին:
- Հայաստանում շատ աղջիկներ կան, որ ուժ ունեն, որ կարող են դառնալ, բայց նրանց չեն ոգեւորում, հակառակնՙ ասում ենՙ աղջկա սպորտ չէ: Հիմա ինձ տեսնելով, միգուցե ասենՙ թե տաղանդ ունես, գնա, փորձիր:
- Տղաներն ի՞նչ կարծիք ունեն:
- Երբ գերմանացի տղաները տեսնում են, որ ես իրենցից ավելի լավ մարզիկ եմ, ուժեղ եմ, հարգում են:
- Ընկեր, երկրպագու ունե՞ս:
- Ոչ, դրա ժամանակը դեռ չի եկել: Աստված տա լավ լինի, դեռ մի 10 տարի ուզում եմ բռնցքամարտով զբաղվել: Նախՙ կարիերա, հետոՙ ընտանիք:
- Ի՞նչ մասնագիտություն կուզենայիր, որ ապագա երեխաներդ ընտրեին:
- Ինչի մեջ որ հաջողություն կունենան, թող դա ընտրեն:
- Սյուզի, ինչ-որ բանից վախենո՞ւմ ես կյանքում:
- Կյանքի վախը կա: Ուզում ես միշտ անփորձանք, առողջ լինել: Ռինգում ամեն բան հնարավոր է: Միշտ աղոթում եմ, որ ամեն բան լավ անցնի:
- Սնահավատ ե՞ս:
- Ոչ: Բայց աչքաուլունքով մի շղթա ու մի ձեռնոց ունեմ, որ միշտ ինձ մոտ են: Միայն ելույթի պահին եմ դրանցից բաժանվում:
- Killer Queen անվան ո՞ր մասն ես առավել շատ սիրում:
- Ռինգում Killer եմ, ռինգից դուրսՙ Queen: Pro 7 հեռուստաալիքն ինձ «տվեց» այդ անունը: Ասում են ռինգից դուրս երկար մազերով իսկական Queen ես: Երկար մազ շատ եմ սիրում, ելույթից առաջ հյուսում են, ու ռինգում խաղին չի խանգարում:
- Արթուր Աբրահամի մասին ի՞նչ կարծիքի ես:
- Նա շատ-շատ ուժեղ բռնցքամարտիկ է: Էդիսոն Միրանդայի դեմ խաղը, տարած հաղթանակը շատ տպավորեցՙ իսկական հայ: Շատ հպարտ եմ, որ կարող ենք Գերմանիային ցույց տալ, թե ինչքան ուժեղ ենք:
- Համբուրգում բնակվող բռնցքամարտիկ Խորեն Գեւորգյանի մասին ի՞նչ կասես:
- Նա էլ շատ լավն էՙ բարյացկամ, ուժեղ, դեռ աշխարհի չեմպիոն չէ, բայց այս կամ մյուս տարի կարող է դառնալ:
- Գերմանիայում կանանց բռնցքամարտի թագուհինՙ Ռեգինա Հալմիխը շատ բարձր կարծիքի է քո մասին: Ի՞նչ ես կարծումՙ կարո՞ղ ես նրան գերազանցել:
- Ես Ռեգինայից շատ տարբեր եմ, իմ մրցելույթներում ուզում եմ ցույց տալ իմ անհատական ոճը: Չգիտեմ իհարկե նա 19 տարեկանում ի՞նչ էր անում, բայց մի բան պարզ էՙ նա է մեր ճանապարհը բացել, կանանց բռնցքամարտը զարգացրել, մեր գործը հեշտացրել:
- Բռնցքամարտիկները շատ հարուստ կարո՞ղ են լինել:
- Եթե հեռուստատեսային շոուներում լինեն, այո: Եթե շոուն, օրինակՙ 6 միլիոն հեռուստադիտող նայեց, ուրեմն հաջողությունը հեռու չէՙ պայմանագիր կկնքեն: Առայժմ ավելի շատ իմ մենեջերներն են հարստանում, բայց կգա ժամանակը, եւ ամեն ինչ էլ կլինի:
- Հաճախ են շեշտում, որ դու մրցելույթից հետո մարդկանց համակրանքը շահում ես նաեւ քո խոսքով: Նախապես պատրաստվո՞ւմ ես:
- Ոչ, ոչ: Ռինգից հետո գլխիս մեջ միայն շնորհակալություն բառն է, դա չպիտի մոռանամ, մնացածն ինքնըստինքյան ստացվում է:
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա