Առաջիկա շաբաթը բավական հագեցած է լինելու Հայաստանի հավաքականների համար, որոնք ընտրական մրցախաղեր կանցկացնեն: Հայաստանի ազգային հավաքականը այսօր կհյուրընկալվի Ղազախստանի ընտրանուն, իսկ չորս օր անց Երեւանում ուժերը կչափի Լեհաստանի ֆուտբոլիստների հետ:
Ի դեպ, 1992 թ. կազմավորված Հայաստանի ազգային հավաքականի համար ղազախների հետ առաջիկա հանդիպումը կլինի հոբելյանական` 100-րդ խաղն ազգային հավաքականների մակարդակով: Իհարկե, շատ հաճելի կլինի, եթե հոբելյանական հանդիպումը մեր ֆուտբոլիստների համար հաղթական լինի: Ցավոք, Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարում առայժմ մեր ֆուտբոլիստները շատ անհաջող են հանդես գալիս` մեկ միավորով եզրափակելով «A» խմբի աղյուսակը: Մեր ֆուտբոլիստներին առայժմ չի հաջողվում բացել գոլերի հաշիվն ընտրական մրցաշարում: Հուսանք, որ գոնե այս անգամ հավաքականում գոլային երկարատեւ երաշտը կընդհատվի:
Ղազախստանի հավաքականի հետ մեր ընտրանին առայժմ միայն մեկ անգամ է հանդիպել` կիպրոսյան մրցաշարի շրջանակներում: 2004 թ. փետրվարի 19-ին Պաֆոս քաղաքում կայացած այդ մրցախաղն ավարտվել է ոչ-ոքի (3-3), թեեւ խաղի ընթացքում երկու անգամ մեր ֆուտբոլիստները հաշվի մեջ առջեւում էին: Հայաստանի հավաքականից գոլերի հեղինակներ էին դարձել Գալուստ Պետրոսյանը եւ Քարամյան եղբայրները:
Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Իան Պորտերֆիլդն ընտրական մրցախաղերին նախապատրաստվելու համար հավաքի էր հրավիրել 24 ֆուտբոլիստի: Մեր ընտրանին հանգրվանել էր «Ռեջինա» հյուրանոցում` մայիսի 28-ից սկսելով մարզումները: Երեկ վաղ առավոտյան ՀՀ հավաքականը մրցավայր մեկնեց չարտերային չվերթով: Հանդիպումից անմիջապես հետո մեր ընտրանին կվերադառնա Երեւան` սկսելով նախապատրաստությունը լեհերի հետ մրցախաղին: Նշենք, որ ղազախների հետ խաղին որակազրկման պատճառով չեն մասնակցի Լեւոն Փաչաջյանն ու Ռոմիկ Խաչատրյանը: Հավաքականի գլխավոր մարզիչ Իան Պորտերֆիլդը Ղազախստան մեկնած թիմի կազմում ընդգրկել է հետեւյալ 20 ֆուտբոլիստներին. դարպասապահներՙ Ռոման Բերեզովսկի, Գեւորգ Կասպարով, պաշտպաններՙ Սարգիս Հովսեփյան, Կարեն Դոխոյան, Եղիշե Մելիքյան, Ալեքսանդր Թադեւոսյան, Ռոբերտ Արզումանյան, Վահագն Մինասյան, կիսապաշտպաններՙ Համլետ Մխիթարյան, Արթուր Ոսկանյան, Ռաֆայել Նազարյան, Աղվան Մկրտչյան, Լեւոն Փաչաջյան, Սամվել Մելքոնյան, Արթուր Մինասյան, Արարատ Առաքելյան, հարձակվողներՙ Արմեն Շահգելդյան, Արման Քարամյան, Արամ Հակոբյան, Ռոբերտ Զեբելյան:
Մայիսի 26-ից «Էրեբունի» հյուրանոցում ուսումնամարզական հավաք են անցկացնում Հայաստանի երիտասարդական հավաքականի ֆուտբոլիստները, որոնք ընտրական առաջին խաղում 1-0 հաշվով հաղթեցին Լիխտենշտեյնի ֆուտբոլիստներին: Հունիսի 6-ին մեր ընտրանին կհյուրընկալվի ուկրաինացիներին:
Հաջողություն մաղթենք մեր հավաքականներին առաջիկա դժվարին ընտրական մրցախաղերում:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ