«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#102, 2007-06-01 | #103, 2007-06-02 | #104, 2007-06-05


ՊԵՏԱԿԱՆ ՀԱՏՎԱԾՈՒՄ ԿՐՃԱՏՈՒՄՆԵՐԸ ԿՇԱՐՈՒՆԱԿՎԵՆ

Աշխատուժի ավելցուկը պետք է կլանի մասնավոր հատվածը

Պարզվում է, որ 2003 թ.-ին պետական հատվածում, գլխավորապես սոցիալական ծառայությունների ոլորտում կրճատվել են 4300 աշխատատեղեր: Այդ մասին նշվում է Համաշխարհային բանկի «Հայաստանի Հանրապետության աշխատանքային շուկայի դինամիկան» ուսումնասիրության մեջ: Ընդ որում, նշվում է, որ դրան նախորդող երեք տարիներին կրճատվել է եւս 14 հազար աշխատատեղ պետական հատվածում: Սա, ուսումնասիրության հեղինակների կարծիքով, հնարավորություն է տալիս եզրակացնելու, որ պետական հատվածում կրճատումների դժվարին ժամանակահատվածն արդեն անցյալում է: Միաժամանակ, ՀԲ փորձագետների հավաստմամբ, շարունակվելու է ավանդական եւ պետական հատվածում աշխատատեղերի կրճատումը եւ պետական ծառայությունների «ավելի արդյունավետ մատուցման կարիքը հաջորդ մի քանի տարիների ընթացքում»: Առաջանում է աշխատուժի ավելցուկ, որը պետք է կլանվի մասնավոր հատվածում ստեղծվելիք աշխատատեղերի կողմից: Դա նշանակում է, որ պետք է շարունակվեն գործարար միջավայրի բարեփոխումները:

Ինչ վերաբերում է գործարար միջավայրին, ապա այստեղ որպես հիմնական խոչընդոտՙ նոր ընկերությունների ստեղծման, հետեւաբար զբաղվածության աճի համար, գործարարները նշել են վարկերի կարճաժամկետ լինելը, դրա համար պահանջվող բարձր տոկոսադրույքն ու մեծ գրավը, ֆինանսավորման այլ մեխանիզմների անհասանելիությունը, ինչպես նաեւ հարկային եւ մաքսային կանոնակարգումները:

Ներկայացնելով այս ցուցանիշները, հարկ է նկատի ունենալ, որ պետական հատվածում աշխատատեղերի կրճատման եւ օպտիմալացման լուրջ անհրաժեշտությունը շատ ավելի հրատապ է, քան այդ մասին ասվում է ՀԲ ուսումնասիրության մեջ: Նախարարություններում, պետական կոմիտեներում, գործակալություններում, գերատեսչություններում ու պետական այլ հիմնարկներում գործում է կառավարման ոչ արդյունավետ, արդեն իրեն սպառած համակարգը, եւ ակնհայտ է ուռճացած հաստիքների առկայությունն այստեղ:

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4