«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#102, 2007-06-01 | #103, 2007-06-02 | #104, 2007-06-05


ԻՆՔՆԱՀՐԿԻԶՎՈՂ «ՄՏԱՎՈՐԱԿԱՆԸ» ԵՎ «ՄԱՐԴԱԿԵՐ ԿՈԿՈՐԴԻԼՈՍ»-ՆԵՐԸ

«Չարենցը եւ արվեստը» գրքի անհեթեթությունների դեմ արվեստաբան Արա Խզմալյանի հայտնի հոդվածին [1] ի պատասխան մեր խմբագրատան առաջ իր այդ գրքով հանդերձ ինքնահրկիզվելու սպառնալիքի տակ հոդված տպագրել տալուց հետո [2], Ռոբերտ Դավթյանն այս անգամ հանդես է եկել «Ավանգարդ» շաբաթաթերթի էջերում [3], նորից ինքնամատույց զոհի սրտաճմլիկ կարգավիճակով: «Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի» չարենցյան հայտնի տողն իր հոդվածի վերնագիր սարքած Ռ. Դավթյանն այս անգամ էլ փորձել է պատասխանել իր միեւնույն գիրքը քննադատած Յուրի Խաչատրյանի հոդվածին [4]:

«Եթե լինեին 1930-ական թվականները, Չարենցի հետ կդատապարտեին նաեւ ինձՙ որպես ճշմարիտ խոսափողի» (այս եւ հետագա ընդգծումներն իմն են- Հ. Ա), գրում է Ռ. Դավթյանն «Ավանգարդում», առանց իրեն եւ որեւէ մեկին հարց տալու, թե Չարենցը կարիք ունե՞ր առնվազն 70 տարով ուշացած որեւէ խոսափողի, այն էլ նմա՛ն խոսափողի: «Գտնվեցին մարդիկ, շարունակում է բարբառել Ռ. Դավթյանը, ովքեր փորձում են սեւացնել ոչ միայն իմ աշխատանքը, այլեւ Չարենցին» եւ հիշատակում է այդ մարդկանց անուններըՙ Հենրիկ Հովհաննիսյան, Լիլիթ Արզումանյան, Արա Խզմալյան եւ Յու. Խաչատրյան:

Իսկ ինչպե՞ս են վերոհիշյալ անձինք փորձում «սեւացնել» Չարենցին: Նրանցից վերջին երկուսը մեր թերթի էջերում գիտականորեն փաստել են Ռ. Դավթյանի «Չարենցը եւ արվեստը» գրքի հակագիտական էությունը, իսկ առաջին երկուսը, ըստ իմ ունեցած տեղեկությունների, ընդդիմացել են որպես դոկտորական ատենախոսություն այդ գրքի ներկայացմանը, վերջին տարիներին գեթ մեկ անգամ թույլ չտալով, որ մերձգրական միջակությունը սողա արվեստագիտության պառնասն ի վեր եւ ստվերի չարենցագիտությունը: Ինչպե՞ս կարող էր Եղիշե Չարենցը 1926 թ.-ին թիֆլիսյան բեմում դիտել Պետրոս Ադամյանի խաղը, երբ մեծանուն դերասանն արդեն վաղուց էր մահացել, հարց էր տալիս Ա. Խզմալյանը վերոհիշյալ հոդվածում: Հիմա ո՞վ է ավելի արժեզրկում գիտությունը, իր հերթին հռետորական հարց էր տալիս Յու. Խաչատրյանը, «անհաջող կուրսային ռեֆերատի հեղինակ» Ռ. Դավթյա՞նը, թե՞ նրան գիտական աստիճան տվողն ու տվողները»: Պատասխան չկա: Ավելի շուտՙ կա՛ պատասխանՙ լուտանք, անձնական վիրավորանք, զրպարտություն, սպառնալիք...

Որքան անընդունելիՙ այնքան պարզ, պարզունակ եւ անհեթեթ է Ռ. Դավթյանի տրամաբանությունը, որը, դժբախտաբար, հատուկ չէ միայն նրան, քանի որ Չարենցի մասին եմ գրում, ուրեմն Չարենցը իմն է եւ իմ պաշտպանության տակ է գտնվում, հետեւաբար ինձ քննադատելովՙ Չարենցին եք քննադատում: Այսինքն, շատ սահո՜ւն անցումով պաշտպանը վերածվում է պաշտպանյալի: Այս յուրահատուկ տրամաբանությունը Ռ. Դավթյանի մոտ նույնիսկ բանաձեւի տեսք ունիՙ «Խնդիրը ճիշտն ու սխալը չէ, այլ մոտեցման տեսանկյունը», գրում է նա «Ավանգարդում»: Եվ այդ տեսանկյունից շարունակում է մտքի, խոսքի, գրագիտության իր գոհարները շաղ տալ «անհաս փառքի» ճամփաներից:

«Գիտնականը պետք է լինի անաչառ, օբյեկտիվ, սկզբունքային, բայց ոչ անազնիվ, խաբեբա ու զրպարտիչ», գրում է Ռ. Դավթյանն իր հոդվածում եւ շարունակում շարել իր անգրագետ շարադասությունները. «Ես երբեք ոչ ոքի չեմ ների, եթե այն կապված է իմ արժանապատվության եւ ինձ հասցրած վիրավորանքի հետ», «Իր պիղծ շարադրանքով նա աչքի է ընկնում դավադիր մարդու, մարդակեր կոկորդիլոսի կերպարով», «Որպես հավասարակշռությունը կորցրած մարդՙ նա փորձում է չարությունը շարունակել ընդդեմ Չարենցի, ինչպես արել էր տարիներ առաջ (համեմատության ահագնությունից չզարմանա՛ք- Հ. Ա.) Դավիթ Գասպարյանի դեմ», «Սեւ, դժոխային գույներով, հոգեկան ծանր ապրումներով, զզված, լլկված, հոգնած, ափ շպրտված ձկան պես փորձում է սեւացնել ու շատացնել իր մեղքերի թիվը», «Այդ ստոր խաբեբան պետք է պատժվի միայն Աստծո կողմից», «Տխրահռչակ Յուրի Խաչատրյան, շատ զգույշ եղիր, կան բաներ, որ ոսկուց թանկ են: Քո տխմարությունը քեզ կկործանիՙ հանուն ոսկու»: «Հանուն մարդու իրավունքների ոտնահարման» ինքնահրկիզվելու պատրաստ հեղինակի այս անճոռնի մտքերից, վստահ եմ, ընթերցողին ամենաշատը դուր եկավ «մարդակեր կոկորդիլոսը»: Կարելի է պատկերացնել, որ կոկորդիլոսները լինում են նաեւ, օրինակ, խոտակեր, հողակեր, օդակեր կամ... ինքնակեր: Վստահ եմ, որ Ռ. Դավթյանը զայրանալու է նաեւ իմ վրա, թե ինչու եմ մատնանշում այս բոլորը: Հավանաբար նորից դիմի Չարենցի պաշտպանությանը եւ «Արարատին նետված քար» համարի իմ այս սրբապի՜ղծ ոտնձգությունը: Ընդունում եմՙ շատ եմ զղջում մեր թերթում նրա նախապես գրած հոդվածները ուշադիր չկարդալու եւ չմերժելու համար: Ինձ այլեւս չի մտահոգում նրա ինքնահրկիզվելու անզուսպ ցանկությունը: Բնավ չեմ զարմանա, եթե նրա գիրքը մի օր ընդունվի իբրեւ դոկտորական ատենախոսություն եւ տիտղոսավորվի իբրեւ գիտակա՜ն աշխատանք: Մեր օրերում դա չի դիտարկվի իբրեւ արտառոց երեւույթ: Եվ հազար անգամ ճիշտ էր գերհարգելի արվեստաբան-թատերագետ Հենրիկ Հովհաննիսյանը, երբ մեր թերթի վերջին մշակութային հավելվածում գրում էր. «Այս նույն եղանակով, ինչ-որ հովանավորությամբ, այսինչը հավակնում է արվեստագիտության, իրեն համարելով երաժշտագետ ու կերպարվեստագետ, չունենալով տարրական գրագիտություն, եւ «գիտնականների» ծերակույտը լռում է: Խորհրդի նախագահը թող գոռա սիրտ պայթեցնելու աստիճան... նա «վատ մարդ է» [5]:

Այսուհանդերձ, ինձ մտահոգում է Ռ. Դավթյանի այս հոդվածի ու նրա անմիջական մասնակցությամբ սարքվածՙ «Մտահոգ մտավորական, լրագրող» ստորագրված նախորդՙ «Դժոխքն է Յուրի Խաչատրյանի տեղը» մուրացածո վերնագրով գրության հրապարակումը «Ավանգարդ» թերթում [6]: Այդ գրության մեջ Ռ. Դավթյանն ու տարիների ընթացքում Յու. Խաչատրյանի հատու եւ անզիջում քննադատությունից զերծ չմնացած մի քանի անձինք պարզունակ, լրագրողական ծիծաղելի տրյուկներով փորձում են սեւ բիծեր փնտրել մեր հեղինակի կենսագրության մեջ, վարկաբեկման արշավ ծավալել նրա դեմ: Հնարքը շատ է ծանոթՙ եթե չես կարողանում հակաճառել, հակափաստարկներ գտնել, փորձիր մրոտել քննադատին: Եվ «Ավանգարդի» փորձված խմբագիրը, լավ գիտենալով այս ամենը, ոչ միայն տեղ է տալիս նման գրություններին, այլեւ «Խմբագրության կողմից» հետգրությամբ կոչ է անում խորացնելու ապատեղեկատվությունն ու վարկաբեկման արշավը: Մի՞թե դժվար էր «չարանենգ սուտ» որակումը տալուց առաջ ստուգել, թե 1989 եւ 1990 թ.թ.-ին Յու. Խաչատրյանը գրե՞լ է եւ ի՞նչ է գրել Ռ. Դավթյանի ոչ թե մի, այլ մի քանի հրապարակումների մասին: Հարգարժան խմբագրությունը չէ՞ր կարող մի գիտակ մարդ գտնել, որը կհաստատեր, որ, իրոք, դեռեւս 1989 թ. օգոստոսի 11-ին «Գրական թերթում» Յու. Խաչատրյանի «Ներկած ձկան առակը» վերնագրով հոդվածը վերաբերում էր հենց Ռ. Դավթյանին, ավելի շուտՙ կինոգետ Սերգեյ Գալստյանի «Ակսել Բակունցը եւ կինոմատոգրաֆիան» վերնագրով հոդվածից նրա կատարած գրագողություններին: Հատված առ հատված, դեմ առ դեմ կատարված մեջբերումներով Յու. Խաչատրյանը փաստել էր այդ հանցագործությունը: Իսկ մեկ տարի հետո, արդեն «Երեկոյան Երեւան» թերթի 1990 թ. մայիսի 11-ի համարում, այս անգամ «Ներկած ձկան առակի շարունակությունը» խորագրի ներքո, նույն հոդվածագիրը համեմատական լայն մեջբերումներով փաստել է Ռ. Դավթյանի բանագողությունները միանգամից երեք տարբեր հեղինակներիցՙ Վ. Թերզիպաշյանի «Հայ դրամատուրգիայի պատմություն», Յուրի Հովհաննիսյանի «Բրյուսով եւ Տերյան» եւ Գեւորգ Հայրյանի «Գրաքննություն եւ կինո» գրքերից: «Ավանգարդի» խմբագրությունում չկա՞ր որեւէ մեկը, որ Դավիթ Գասպարյանի «Ապտակ» գիրքը հիշատակելուց առաջ հիշեր դրա հեղինակի դեմ Յու. Խաչատրյանի բացած աղմկահարույց դատի մասին, որի արդյունքում, խուսափելու համար բանտարկությունից, փոխադարձ համաձայնությամբ, գրականագետ Դ. Գասպարյանը «Մոլորակ» թերթի 1998 թ. 13 փետրվարի համարում ներողություն էր խնդրել Յու. Խաչատրյանից իր զրպարտությունների մեջ շատ առաջ գնացած լինելու համար:

Մտահոգիչ է հատկապես, երբ մամուլը, այս պարագայում «Ավանգարդը», տեղ է տալիս բացահայտ սպառնալիքինՙ «Տխրահռչակ Յուրի Խաչատրյան, շատ զգույշ եղիր»:

Անդրադառնո՞ւմ է մեր գործընկեր խմբագիրը, որ սպառնալը նույնպես եւ ավելի ծանր հանցանք է, քան գրագողությունը: Իսկ սպառնալիք տպագրելը, ինչպես գրագողին պաշտպանելըՙ օրենքով հետապնդելի մեղսակցություն:

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ

1.- Ա. Խզմալյան, «Ինֆլյացիան արվեստագիտության մեջ», «Ազգ», 20 ապրիլի, 2007 թ.:

2.- Ռ. Դավթյան, «Ո՞վ է հովանավորում թատերական արվեստի կործանումը», «Ազգ», 8 մայիսի 2007 թ.:

3.- Ռ. Դավթյան, «Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի», «Ավանգարդ», 30 մայիսի- 5 հունիսի 2007 թ.:

4.- Յու. Խաչատրյան, «Արվեստագիտության ոչնչացումը «հանուն մարդու իրավունքների ոտնահարման», «Ազգ», 11 մայիսի 2007 թ.:

5.- Հ. Հովհաննիսյան, «Գիտական աստիճա՞ն, թե՞ ծաղր գիտության հանդեպ», «Ազգ», հունիսի 2, 2007 թ.:

6.- «Ավանգարդ», 23-29 մայիսի 2007 թ.:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4