«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#102, 2007-06-01 | #103, 2007-06-02 | #104, 2007-06-05


ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ԱՎՏՈԲՈՒՍԻ ՎԹԱՐԻՑ ԶՈՀՎԵԼ Է 1 ԵՎ ՎԻՐԱՎՈՐՎԵԼ 16 ՀԱՅ

Թուրքիայի Մարմարա ծովի առափնյա Քոջայելիի նահանգում, Ստամբուլից ոչ հեռու, տեղի է ունեցել ավտոճանապարհային պատահար, տեղեկացնում է «Ջիհան» թուրքական գործակալությունը: Վթարից տուժել են նաեւ Հայաստանից ուղեւորներ տեղափոխող «Ast Turism» ֆիրմային պատկանող մի ավտոբուս: Ավտովթարից զոհվել է 1 եւ վիրավորվել 16 մարդ: Վիրավորները տեղափոխվել են հիվանդանոց: Զոհվածի ինքնությունը դեռ պարզված չէ, հայտնի է միայն, որ նա եղել է ավտոբուսի ուղեկցորդուհին: Նշվում է նաեւ, որ ավտոբուսում եղել են շուրջ 45 ուղեւորներ:

«Ազգը» փորձեց ՀՀ արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության պետի պաշտոնակատար Վլադիմիր Կարապետյանից լրացուցիչ տեղեկություններ ստանալ: Պրն Կարապետյանը տեղեկացրեց, որ հունիսի 3-ին, կեսգիշերին Ստամբուլից Երեւան ուղեւորվող ռեյսային ավտոբուսը Իզմիր քաղաքի շրջանում բախվել է մի մեքենայի, որի հետեւանքով կա 1 զոհ, 2 վիրավոր տարբեր կոտրվածքներով: Մնացած ուղեւորների վիճակը նորմալ է: Գիշերվանից ուղեւորությունն իրականացնող ֆիրմայի ներկայացուցիչը Ստամբուլից մեկնել է դեպքի վայր եւ զբաղվում է ուղեւորներին առաջին օգնություն ցուցաբերելու հարցերով: Դեպքի վայրում է նաեւ ՀՀ-ի Սեւծովյան համագործակցության ներկայացուցչությունը, որոնք նույնպես օգնություն են ցուցաբերում տուժածներին: 2 ծանր վիրավորները եւ 1 զոհվածը հայեր են, սակայն դեռ նրանց ազգանունները պարզված չէ:

«Ազգը» հեռախոսով կապվեց Ստամբուլի «Ժամանակ» թերթի խմբագիր Արա Քոչի հետ: Պրն Քոչը հայտնեց, թե «հունիսի 3-ին, գիշերվա ժամը 2-ին, Իզմիր քաղաքի մոտ, Դեմ կոչված մայրուղու թունելի ելքի մոտ տեղի է ունեցել վթար: Բեռնատարը, որն անսարքություն է ունեցել, փորձել է ճանապարհի աջ մասում կայանել, նրան էլ հետեւել է մեկ այլ ավտոբուս, դանդաղեցնելով ընթացքը: Եվ հենց այդ պահին Հայաստանից ժամանած «Ast Turism» ֆիրմայի ավտոբուսը հետեւի մասից բախվել է մյուս մեքենաներին: Շարունակաբար իրար են բախվել նաեւ մայրուղով ընթացող 3 խոշոր մեքենաներ, եւ վթարից տեղում մահացել է վարորդի կողքին նստած հայազգի ուղեկցողուհին, իսկ մնացած 45 ուղեւորներից 16-ը վիրավորվել է, 4-ը տեղափոխվել Իժենկի պետական հիվանդանոց, իսկ 2-ը բուժվում են Բերինջի պետական հիվանդանոցում: Վիրավորներից երկուսը, ըստ Ստամբուլում հայաստանյան ներկայացուցչության, գտնվում են ծանր վիճակում: Վթարի հետեւանքով մայրուղին երկու ժամ փակվել է, որից հետո նոր միայն սկսել է բնականոն աշխատել: Հայաստանի քաղաքացի 45 ուղեւորներից նրանք, ովքեր չէին տուժել, տեղափոխվել են Ստամբուլ եւ ստանում են համապատասխան օգնություն: Այս պահի դրությամբ մեկ զոհվածի եւ 16 վիրավորների անունները չեն հրապարակվում: Պարզապես նշվում է, որ նրանք բոլորն էլ ՀՀ քաղաքացիներ են»:

ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4