«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#102, 2007-06-01 | #103, 2007-06-02 | #104, 2007-06-05


ՀԱՅ ԾԱՆՐՈՐԴՆԵՐԸ ՄՈՍԿՎԱՅՈՒՄՙ «ԱՐՄԵՆԻԱ» ՏԱՂԱՎԱՐՈՒՄ

Մոսկվայի հայությունը հիանալի հնարավորություն ունեցավ իր հպարտությունն արտահայտելու ծանրամարտի Եվրոպայի վերջին առաջնությունում հայ մարզիկների հոյակապ հաղթանակի առթիվ: Հեշտ է ասելՙ 18 մեդալ, որից 10-ըՙ ոսկե, 6-ըՙ արծաթե, 2-ըՙ բրոնզե: Եվ երբ պարզվեց, որ հավաքականի գլխավոր մարզիչ Աշոտ Մխիթարյանը, չեմպիոն Գեւորգ Դավթյանն ու արծաթե մրցանակակիր Տիգրան Մարտիրոսյանը մասնավոր այցով գտնվում են Մոսկվայում, նրանց անմիջապես հրավիրեցին Համառուսաստանյան ցուցահանդեսային կենտրոնի (նախկին ԹԺծղ) Հայաստանի Հանրապետության ցուցահանդեսային կոնգրես-կենտրոնՙ «Արմենիա» տաղավար:

Իրոք, հետաքրքրությունն այնքան մեծ էր, որ հանդիպմանը եկել էին նաեւ Ռուսաստանի մարզական հասարակայնության ճանաչված ներկայացուցիչներ, աչքի ընկնող պետական, հասարակական գործիչներ, բիզնեսմեններ, լրագրողներ: Անբռնազբոսիկ մթնոլորտում մարզիչն ու իր սաները պատմեցին մայր ցամաքում տարած «հրաշք» հաղթանակի, առաջիկա ծրագրերի մասին: Պետք էր միայն տեսնել ու զգալ տեղի հայերի բերկրանքն ու հպարտությունը: Նրանք խոստացան ողջ թիմին հրավիրել Ռուսաստանի մայրաքաղաք, եթե նմանօրինակ հաջողություն գրանցվի սեպտեմբերին Թաիլանդում կայանալիք աշխարհի առաջնությունում:

- Մեր կենտրոնն առաջին հերթին կոչված է այս երկրում պրոպագանդելու Հայաստանի տնտեսական նվաճումները, «Ազգի» թղթակցին ասաց ՀՀ առեւտրական ներկայացուցիչ Կարեն Ասոյանը: Սակայն մենք նույնքան ուշադիր ենք նաեւ մշակութային, մարզական հաջողությունների նկատմամբ: Մեր հյուրերն իրենք էլ համոզվեցին, որ իրենց հաղթանակներով սքանչանում են ոչ միայն հայաստանցիները, այլեւ, տվյալ դեպքում, ռուսահայերը: Եվ ոչ միայն նրանք:

Բնավ էլ ավելորդ չհամարենք ավելացնելու, որ հայ ծանրորդների հետ հանդիպմանը հիանալի էր պատրաստվել նաեւ «Արմենիա» տաղավարի «Արարատ» ռեստորանը:

ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4