Հունիսի 3-ին հոլանդախոս քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության Սենատի ընտրացուցակի թիվ 8 համար, ազգությամբ թուրք Էրգյուն Թոփը հանդիպում է ունեցել բրյուսելյան Սկարբեեկ (ազգությամբ թուրքերը այս համայնքում գրեթե մեծամասնություն են կազմում) թաղամասի բնակիչների հետ: Թոփը հայտարարել է, թե որպես կուսակցության ղեկավար Իվ Լետերմի (Բելգիայի հաջորդ վարչապետի պաշտոնի ամենահավանական թեկնածուն) խորհրդական, համոզել է վերջինիս, թե Հայոց ցեղասպանություն չի եղել: Ըստ նրա, Բելգիայի հաջորդ վարչապետի ամենահավանական թեկնածուն Լետերմը խոստացել է վարչապետ դառնալու պարագայում թույլ չտալ ցեղասպանության հարցի քննարկում խորհրդարանում:
Թուրք թեկնածուի հայտարարության կապակցությամբ հայ համայնքը պարզաբանումների խնդրանքով դիմել է Իվ Լետերմին: «Ազգի» տեղեկություններով, հոլանդախոս Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության ընտրացուցակում երկրորդ թեկնածուն Նահիմա Լանջրիից թուրք թեկնածուի արտահայտած դիրքորոշման հերքում է ստացվել: Իսկ կուսակցության արտաքին քաղաքականության հարցերով խորհրդական Պիտեր Գիյսելսը վերահաստատել է կուսակցության դիրքորոշումը Հայոց ցեղասպանության փաստն ընդունելու մասին, Թոփի արտահայտությունները որակել է խեղաթյուրում: Ամեն դեպքում Էրգյուն Թոփը հունվարից այլեւս կուսակցության նախագահի խորհրդականը չէ:
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ