«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#104, 2007-06-05 | #105, 2007-06-06 | #106, 2007-06-07


ԱՆԴՐԵՆ, ԻՐ ՄԵՆԵՋԵՐ ՔՈՒՅՐԸ, ՀԱՅ-ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՄՅՈՒՍՆԵՐԸ

Կարկատված առագաստներով մեր նավը

«Ցավոք, երկար ու ձիգ ամիսների անհանգստություններով լի, լարված օրերով, դժվարություններով եւ մեծ ծախսերով կազմակերպված միջոցառումը ձախողվեց երաժշտական բաժինը ներկայացնող երգիչ Անդրեի եւ իր քրոջՙ Անուշի «մենք ենք, որ կանք» պահվածքի պատճառով», գրում է Հայ-գերմանական մշակութային ընկերության անդամ, միջոցառումների պատասխանատու եւ կազմակերպիչ Անուշիկ Հարությունյանը «Ազգին» ուղարկած էլեկտրոնային գրության մեջ: Իր հետագա շարադրանքի մեջ նա նշում է, որ այս տարվա հունվարին ՀՀ անկախության 15-ամյակի առիթով միջոցառումների ընթացքում եւ Անդրեի հետ ունեցած հանդիպումներից հետո երգչին 20.000 եվրոյով եւ 2 տեսահոլովակով տուն են ճանապարհել ու Անդրեն ծայր զարմանքից մոռացել է անգամ պարզ «շնորհակալությունը»: Այս անգամ միջոցառումը նախատեսված է եղել մայիսի 27-ին, Բոննի բավականին հանրահայտ բեմահարթակներից մեկում: Նախապեսՙ մայիսի 25-ին հոլանդական Ուտրեխտ քաղաքում կայացած Անդրեի համերգը հաջողություն չի արձանագրել: Նախընթաց 4 ամիսների ընթացքում վաճառվել է տոմսերի շատ քիչ քանակություն: Կազմակերպիչը գրում է, որ այդ մասին իրենք մշտապես տեղեկացրել են երգչին եւ իր մենեջերին (Անդրեի քրոջը), ինչը վերջիններս անհնար են համարել: Ուտրեխտի համերգին դահլիճում 150-200 հանդիսական է եղել, եւ նախապես պայմանավորված հոնորարային 5.000 եվրոն բնականաբար, փոփոխության է ենթարկվել: Սակայն դա համերգի վրա չի անդրադարձել եւ այն կայացել է: Նամակագիրը գրում է, որ երգիչը համերգը սկսում է դրամը ստանալուց հետո միայն եւ հասույթի ողջ գումարըՙ 1700 եվրոն նախապես տրվել է նրան (անշուշտ, կազմակերպչական ծախսերը հանած):

Այս իրողությունը ոգեւորել է կազմակերպիչներինՙ փոփոխություններ մտցնելով արդեն ձեւավորված այն կարծիքներում, թե հայ երգչի ու իր մենեջերի համար արվեստն ու մարդկային արժեքները զիջում են ընչաքաղցությանն ու դրամատենչին:

Անդրեի հաջորդ համերգը նախատեսված էր Բոննումՙ մայիսի 27-ին: Ըստ այս նույն տեղեկության, Անդրեն, իր մենեջեր քույրը եւ նվագախմբի 5 անդամները մեկ շաբաթ հանգրվանել են նամակագրի տանը, որտեղ էլ Ուտրեխտի համերգից հետո տեղի է ունեցել ընդհարումըՙ դրամական խնդիրների պատճառով: Երգչին վստահեցրել են, որ Բոննի համերգից առաջ (որտեղ 20-30 տոմս էր վաճառվել) նա կստանա հասույթի ողջ գումարըՙ մոտ 4500 եվրո (առանց միջոցառման ծախսերը հանելու), իսկ նախապես պայմանավորված 8000 եվրոյի մնացած եւ Ուտրեխտի չվճարված հոնորարները անմիջապես չվճարելու դեպքում, հետագա 2-3 ամիսների ընթացքում կազմակերպվող այլ միջոցառումներից ստացված հասույթներից կփոխանցվիՙ այս ամենը վավերացված պայմանագրով: Սակայն, ինչպես տեղեկության մեջ է ասված, Բոննի համերգի կայացմանը այլեւս չկասկածելով, Անդրեն հայտարարում է, որ Հոլանդիայի համերգի համար իրեն ոչ թե 5.000, այլ 8.000 եվրո պետք է վճարեն, որը եւ առիթ է դառնում տհաճ վեճիՙ երգչի, մենեջերի եւ կազմակերպչի միջեւ: «Ցավոք, մենք միակը չէինք, որ զոհ էինք դառնում կրտսեր «ամենագետ» մենեջերի վիրավորանքներին ու ինքնավստահ սպառնալիքներին»: Համերգը սկսվելուց 14 ժամ առաջ այն չեղյալ է հայտարարվումՙ փակելով 8.000 եվրոյի եկամտի ճանապարհը:

Ըստ «Առավոտ» թերթի տեղեկության, Անդրեն ինքն է հրաժարվել համերգից, կազմակերպչական հարցերի անպատասխանատու մոտեցման պատճառով: Ըստ երգչի, խմբի կեցության հարցերն իսկ չէին բավարարվել, եւ նրանք 7 հոգով ապրել են ծանոթների բնակարաններում: Նա ասել է նաեւ, որ համերգը չկայանալու մասին նախապես հայտարարելու փոխարենՙ կազմակերպիչը դահլիճում հավաքված հանդիսատեսին տեղեկացրել է, որ համերգը ձախողվել է երգչի հոնորարային պահանջների պատճառով:

Գերմանիայից մեկ ուրիշ նամակագիրՙ Երվանդ Խոսրովյանը, սակայն գրում է, որ Անդրեն «Առավոտ» թերթի հետ ունեցած հարցազրույցում ստել է, որովհետեւ 7 հոգանոց խմբի կեցությունն ապահովել է Անուշիկ Հարությունյանն իր բնակարանում: «Լավ ձայն ունենալը դեռ չի ապացուցում մարդու քաղաքակիրթ ու քաղաքավարի լինելը: Մարդկանց տանը մնալ, ուտել, խմել ու վերջում տան տիրոջը հայհոյե՞լ», գրում է Խոսրովյանը նկատելով, որ Անդրեի գինը այնքան է եղել, որ իր պահանջած գումարի մեկ տասներորդի չափով տոմս անգամ չի վաճառվել:

Անդրեի, իր մենեջերի եւ խմբի հոնորարային «արկածները» Գերմանիայում առիթ է տվել տեղաբնակ հայերի մի շարք եզրահանգումների եւ խորհրդածությունների, որի մասին արժե մտածեն հայաստանյան կապույտ էկրանը պաշարած սարքովի մեր աստղ-աստղիկները ու նրանց հովանավորները: «Այս օրերին Հայաստանում աշխատելու եւ մարդավարի ապրելու հնարավորություն չլինելու պատճառով, առավոտները տեղից ելնողը որոշում է երգիչ դառնալ»: Ու դրանցից ճարպիկներին հաջողվում է, իսկ շնորհալիները մնում են ստվերում, որովհետեւ նրանց պես «թիկունք չեն ունենում»: «Անդրեն ու իր քույրը այնպիսի թիկունք ունեն, որ դրանով կարող են սպառնալ սփյուռքահայերին, նրանց առաջ անգամ օդը փակել տալով...»: Զսպված վիրավորանքով, նամակագիրը փորձում է բացատրել հայաստանաբնակ հայերիս, թե ինչ է սփյուռքը եւ ինչպիսին է սփյուռքահայի հոգեբանությունը, եւ թե ինչպես է նա իր գոյությունն ու ազգային ինքնությունը տասնամյակներ շարունակ պահպանում: Որ դրսում ազգային մշակութային ու հասարակական աշխատանքներն արվում են բարեգործական սկզբունքով: Բարեգործությո՜ւն, ներողամտությու՜ն, դե արի ու բացատրիր եսակենտրոնությունից ու ցուցամոլությունից տառապող հայաստանաբնակների գերակշիռ մասին ու մանավանդ ամեն կողմից երես տված ու էկրանները զավթած, մեզ պարտադրված ու կատարյալ պատուհաս դարձած երգիչ-երգչուհիներին, դիմացիր նրանց կապրիզներին ու պրիմիտիվ մտածողությանը:

«Մենք քաջ գիտակցում ենք այն փաստը, որ սովետական հասարակարգում ապրած ու դաստիարակված սովորույթները, առանց մտածելու պետական պատվերներ կատարելն ու իրենց հասանելիք աշխատավարձը ստանալը, ինչը դեռ գոյություն ունի ու փոխանցվել ու փոխանցվում է նոր սերնդին, շատ երկար ժամանակ տեղը չի զիջելու բարեգործության եւ անշահախնդիր սկզբունքի: Հայաստանում գոյություն ունի երկու օրենք: Մեկը չգրված է եւ գործում է ուժեղ, իսկ մյուսը գրված, բայց չաշխատող է ու թույլ: Հայաստանում ամենաբարձր օղակից սկսած մինչեւ ամենահասարակ քաղաքացին ենթարկվում է այդ չգրված օրենքին»: Իմաՙ չհավատալ օրենքով սահմանված իր իրավունքներին, այդ իրավունքները «ստանալ» միայն կաշառքով»:

Այսպես: Ավա՜ղ մեր նավը շարունակում է լողալ ծակոտկեն ու կարկատված առագաստներով. ափ դուրս կգա՞նք...

«Եվրոտեսիլի» հաղթանակով (8-րդ հորիզոնական) պարծեցողներին նամակագիրը հիշեցնում է. «Հասկանո՞ւմ են արդյոք, որ նման բարձր ցուցանիշները մեծապես պայմանավորված են սփյուռքի իրողությամբ ու Եվրոպայում ապրող հայերի ակտիվ քվեարկությամբ: Ի դեպ, «քաշ» (կանխիկ) փողով զրուցող էստրադային աստղերն ու աստղիկները երեւի գիտեն, որ ինտենսիվ քվեարկություններն էժան հաճույք չեն, բայց մենք գոնե փողով չենք չափում մեր Հայրենիքը ներկայացնողին միջազգային մրցույթում բարձր տեղ ապահովելու այդ քայլը: Ուղղակի երբեմն երգիչները պետք է հասկանան, որ իրենց ամեն ելույթ չէ, որ ՀՀԿ-ի քարոզարշավի շրջանակներում է, կամ այս ու այն օլիգարխի քեֆի սեղանին, եւ որ նման կերպ վաստակած «փառքն» ու հայկական հեռուստաեթեր մուտքի արտոնագիրը դեռ բավարար չեն, որպեսզի արտասահմանում իրենց համերգները խելահեղ պահանջարկ վայելեն...»:

Նկատենք, որ նույն երգիչը մինչեւ «Եվրոտեսիլի» գլխապտույտ հաղթանակը Կիպրոսում, ըստ տեղի խորհրդարանում հայկական համայնքի ներկայացուցիչ Վարդգես Մահտեսյանի, իրեն շատ համեստ է պահել:

Սա «Եվրոտեսիլից» ավելի վաղ, իսկ նախաշեմին Աթենքո՞ւմ. ահավասիկ մեկ կարծիքՙ «Երբ Անդրեն կարիք ուներ «Եվրոտեսիլում» ձայների, տեղի համայնքին, մասնավորաբար, Հայկական բարեգործական միությանը աղաչում էր իր համար SMS-ներ ուղարկեն, եւ համայնքը մեկ մարդու նման աշխատեց այդ ամենի համար: Իսկ երբ խնդրեցին, որ ՀԲԸՄ 100 ամյակի համար գա եւ երգի, էդՙ ինձ համար մարած աստղը պահանջեց տասնհինգ հազար եվրո: Սա է պատկերը մեր կիսագրագետ աստղերի, որոնք չեն կարողանում իրենց մտքերն անգամ շարադրել. օտար լեզուների մասին չխոսենք: Չնայած չեմ մեղադրում, մարդը եթե անգրագետ է եւ չգիտի, թե ինչ դեր է կատարել ու դեռ կատարում է ՀԲԸՄ-ի նման հաստատությունը, չի կարող մտնել արժեքների մի համակարգ, որի առաջ ինքը ոչինչ է: Կոշտ են բառերս, բայց սա է իրականությունը», գրում է Աթենքից «Հայուհի» ստորագրած «Ազգի» ընթերցողը:

Կամ մեկ ուրիշ կարծիք Գերմանիայից. «Ամոթ քեզ Անդրե, մենք, որ իմանայինք դու նաեւ ստախոս ես, կաշիդ փրկելու համար ամեն ինչի կդիմես, չէինք համաձայնվի, որ քիթդ այս կողմերը երեւար: Այդ կնոջը (Անուշիկ Հարությունյան-խմբ.) ճանաչում ենք երկար տարիներ ու տեսնում ենք նրա նվիրված անշահախնդիր գործերը հայրենիքի համար, իսկ քո նման չարչիները մրոտում են մեր ազգը: Լոնդոնի դեպքից հետո դու պիտի վերադառնայիր քո ծննդավայրը ու մի քիչ բարոյականության դասեր առնեիր: Լավ կլինի, որ դու հրապարակավ ներողություն խնդրես բոլոր նրանցից, ովքեր քեզ համար չարչարվել են ու հետո անպատվության արժանացել», գրում է մեր ընթերցողներից Սահակը Գերմանիայից:

ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4