«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#110, 2007-06-13 | #111, 2007-06-14 | #112, 2007-06-15


ՉԵՄՊԻՈՆԻ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆ ԱԿՆՀԱՅՏ ԷՐ

Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 9-րդ տուրում մեծ հետաքրքրությամբ էր սպասվում մրցաշարային աղյուսակի առաջին երկու հորիզոնականներում գտնվող «Փյունիկի» եւ «Բանանցի» մրցավեճը: Սակայն սպասված համառ մրցակցությունը չստացվեց: Երկրի չեմպիոնն այդ խաղում բոլոր առումներով գերազանցեց մրցակցին, տոնելով խոշոր (5-1) հաշվով հաղթանակ:

Հանդիպման սկիզբը բավական արդյունավետ ստացվեց: Խաղասկզբից դեռ չէր անցել 10 րոպե, երբ մրցակիցներն արդեն երեք անգամ գրավել էին դարպասները: 6-րդ րոպեին հաշիվը բացեց փյունիկցի Հենրիխ Մխիթարյանը: 3 րոպե անց գրոհին միացած «Բանանցի» պաշտպան Բուրդիյանը կարող էր հավասարեցնել հաշիվը, սակայն նրա հարվածը դիպավ դարպասի հորիզոնական ձողին: Իսկ ահա «Փյունիկի» հակագրոհը հաջողությամբ պսակվեց: Ռաֆայել Նազարյանը կրկնապատկեց հաշիվը: Ճիշտ է, 1 րոպե անց «Բանանցի» ավագ Եղիշե Մելիքյանը կրճատեց հաշվի տարբերությունը, սակայն հետագայում «Փյունիկը» կարողացավ իրացնել առավելությունը: Դեռեւս առաջին խաղակեսում Գեւորգ Ղազարյանը երրորդ անգամ գրավեց Ռադաջայի դարպասը: Ընդմիջումից հետո էլ «Փյունիկից» աչքի ընկան Լեւոն Փաչաջյանն ու Սարգիս Հովսեփյանը, որն իրացրեց 11 մ հարվածը:

Արդյունավետ խաղով աչքի ընկավ նաեւ Երեւանի «Արարատը», որը հյուրընկալվելիս 4 անպատասխան գնդակ խփեց «Կիլիկիայի» դարպասը: Արարատցիներից 2-ական գոլ խփեցին բրազիլացի Մարկոսը եւ Սարգիս Մովսիսյանը:

Գյումրիում «Շիրակի» ֆուտբոլիստները խաղավարտից 3 րոպե առաջ Տիգրան Հովհաննիսյանի խփած միակ գոլի շնորհիվ հաղթեցին «Միկային»: Իսկ Կապանում «Գանձասարի» եւ «Ուլիսի» մրցավեճում հաշիվն այդպես էլ չբացվեց:

Մրցաշարային աղյուսակ

 ԽՀՈՊԳՄ
1. Փյունիկ971122-522
2. Արարատ961215-219
3. Բանանց952213-817
4. Միկա951318-1016
5. Շիրակ93246-911
6. Գանձասար92345-69
7. Ուլիս91173-224
8. Կիլիկիա91173-234

Ռմբարկուները

Մարկոս«Արարատ»9
Գեւորգ Ղազարյան«Փյունիկ»5

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4