Անկեղծ ասած, «ձեռնամուխ լինելով» գերմանական Հայլիգենդամում կայացած ութնյակի հերթական հանդիպման թողած տպավորությունների ու արդյունքների վերծանմանը` ակամա ենթարկվում էի մեր ժողովրդական ու խոսակցական շատ արտահայտությունների օգտագործման գայթակղությանը: Հատկապես այս վերջին «գագաթնայինը» աչքի էր ընկնում իր արտաքին շքեղափայլության ու ներքին սնանկ բովանդակության աղաղակող հակադրությամբ: Անկարելի է չվերհիշել մեր մեծի «թամաշան»: Կամ ի՜նչ պակաս բառ է «քյանդրբազությունը»: Այն տպավորությունն է ստեղծվում, որ նույնիսկ առաջարկված գլխավոր թեման` գլոբալ տաքացման դեմ պայքարը եւ սպիդը Աֆրիկայում` զրիցի նյութ էլ չէր: Ահռելի մայր ցամաքից շվվացրած միլիարդներից մի թուլափայ կարելի է լեն սրտով հետ տալ:
Հավաքվել էին աշխարհի տուզերը, պռոշտի են անում իրար հետ, սիլի-բիլի են անում միակ կնիկարմատի` հրեշտակ Մերկելի հետ, թոզ են փչում շրջապատի վրա եւ գրեթե ոչինչ` մոլորակի համար: Ռուս փորձագետներն, օրինակ, համոզված էին, որ, ելնելով արեւմտյան լրատվամիջոցների բարձրացրած ղալմաղալից, «ցիվիլ» ղեկավարները խելք կաշեցնեն Պուտինին նրա հակադեմոկրատականության, էներգետիկ շանտաժի, Լիտվինենկոյին վարի տալու համար եւ այլն: Սակայն նախկին լրտեսը ոչ միայն ֆռցրեց բոլորին, այլեւ իրեն թույլ տվեց ազերական չափալախ հասցնել քյորփա Բուշին: Վերջինս, իհարկե, այդ ութնանոց հանրակցությունում ամենալոթին էր, եթե չասենք ամենաֆիքստուլը: Եթե բոլորը հանդիպման էին գալիս տեղական մեքենաներով, ապա սա` միայն իր ամերիկյան քսանչորսով: Բա «պալոժ է՞»: Կուզի, կմասնակցի հանդիպումներին, չի ուզի, ստամոքսի խանգարում կստանա (թեեւ այդպես էլ չպարզվեց, թե փորացավն ինչ էր, գուցե` փորհարի՞ք): Վերջում էլ, կներեք, բոլորից շուտ ցվրվեց հավաքից, պիտի գնար քրիստոնյա սերբերի աչքը հաներ ու անկախություն խոստանար իրեն գժի պես սիրող մուսուլման եղբայրներին:
Եթե Բլերը հայ լիներ, հաստատ կերգեր «Սիրեցի, յարս տարան» դարդիման երգը, քանի որ երկու շաբաթ է մնացել մինչեւ նրա պաշտոնանկման քելեխը: Եվ ամոթ էլ չարավ. մինչ Գերմանիա գալը շան լափ թափեց Պուտինի գլխին նրա միահեծանության համար, բայց հենց որ նրան տեսավ, կուրկուրի ձագ դարձավ, սկսեց պոչ խաղացնել ժպիտը դեմքին: Ի դեպ, պոչ խաղացնելու մասին: Ութնյակի նորելուկը` Ֆրանսիայի գլխավոր տնօրեն Սարկոզին գահին նստելուց առաջ մատ էր թափ տալիս Պուտինի վրա չեչեններին դիլխոր գցելու համար, իսկ ահա Հայլիգենդամում աչքը չէր կտրում նրանից, ողորմածիկ Ֆրունզիկը կասեր` զ-ն-նում էր նրան, աղայի պես իր բջջայինը տրամադրում:
Իսկ արիստոկրատ սամուրայ Աբեն առանց ճապոնական գլխատմբտմբոցների բռնել էր կորեացի գլխավոր ՄԱԿ-ական Պակ Գի Մունի բկից եւ մշտական տեղ էր պահանջում արեւի տակ` Անվտանգության խորհրդում, միաժամանակ լավ իմանալով, որ դա նրա խելքի բանը չէ:
Ամենաթասիբովը Չինաստանի տիրակալն էր` ախպեր, ինձ չե՞ք ուզում ձեր թայֆի մեջ մտցնել, գլուխներդ քարը, մեկ է, իմ դեմ խաղ չկա, առանց ինձ` շարժ:
Առհասարակ զարմանում ես` ո՞ւր կորան միջազգային ահաբեկչությունը, Իրանը, Իրաքը, Աֆղանստանը, համաշխարհային էկոնոմիկան, ֆինանսները: Ոչ մեկի դարդը չէ: Ակնհայտ է, որ միաբեւեռ աշխարհի քայքայումը արտացոլվում է նաեւ ութնյակում` ամերիկացիների խոսքն արդեն ամենավճռորոշը չէ, մյուսներն էլ իրենց հարցերը կարգավորում են երկկողմ կամ բազմակողմ ինքնուրույն հարաբերությունների միջոցով:
Կարծում եմ, մեզ համար ամենավիրավորականն այն է, որ այդ քաղաքական գիտաժողովում չդրվեց գոնե տեսականորեն Ղարաբաղի խնդիրը հայերիս օգտին լուծելու հարցը...
ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա