«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#114, 2007-06-19 | #115, 2007-06-20 | #116, 2007-06-21


ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ՂԱՐԱԲԱՂԻՆ, ԱՊԱՙ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ, ԹԵ՞ ՀԱԿԱՌԱԿԸ

Քաղաքական եւ միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնը ղարաբաղյան հակամարտության թեմայով երեկ սեմինար էր կազմակերպել: Բանախոսներՙ ՀՀՇ վարչության անդամ Դավիթ Շահնազարյանն ու ԱԺՄ վարչության նախագահ Վազգեն Մանուկյանը ներկայացրեցին իրենց տեսակետները կարգավորման ներկայիս վիճակի մասին:

Դավիթ Շահնազարյանի տեսանկյունից 1998 թվականով երկու փուլի բաժանված կարգավորման գործընթացը որակով էլ երկու մասի է բաժանվումՙ առաջին փուլում արձանագրվել են հաջողություններ, երկրորդումՙ կորուստներ: Առաջին փուլը, որ մեկնարկում է 1992 թվականին եւ ներառում մի շարք կարեորագույն փաստաթղթեր, այդ թվումՙ 1994 թվականի մայիսի 12-ին ստորագրած եռակողմ զինադադարի մասին, ուներ մի առանձնահատկություն. հայկական կողմերըՙ Ղարաբաղն ու Հայաստանը առաջնորդվում էին զինադադար, կարգավորում, ապաշրջափակում սկզբունքով: Կարգավորման երկրորդ փուլում ոչ միայն սկզբունքը փոխվեց, այլեւ Լեռնային Ղարաբաղը դադարեց բանակցային կողմ դիտվել: Մինչդեռ հակառակը ամրագրված էր միջազգային փաստաթղթերումՙ 1994 թվականին ԵԱՀԿ գործող նախագահի կողմից Պրահայում ընդունած փաստաթուղթը, որում ամրագրված է, որ հակամարտող կողմերը Ադրբեջանը, Հայաստանն ու Ղարաբաղն են, բայց կոնֆերանսի նախագահողը կարող է հրավիրել նաեւ շահագրգիռ կողմերին (նկատի է առնվում Ղարաբաղի ադրբեջանական համայնքը):

Երկրորդ փուլումՙ 1998 թվականին Ռոբերտ Քոչարյանի հայտարարությամբ, որ ինքը ներկայացնում է ե՛ւ Հայաստանը, ե՛ւ Ղարաբաղը, վերջինն այլեւս չդիտարկվեց բանակցային կողմ: Հենց դրան էր կարգավորման ողջ գործընթացում ձգտում Ադրբեջանն ու չէր հաջողում, ըստ Դավիթ Շահնազարյանի, նվեր ստացավ Հայաստանի իշխանություններից եւ այդուհետեւ շարունակաբար սկսեց մերժել կարգավորման անխտիր բոլոր առաջարկները, Հայաստանըՙ նույնկերպ ընդունել եւ արժանանալ միջազգային կառույցների ու հանրության սուր գնահատականներինՙ մինչեւ օկուպատորի կարգավիճակ:

Ներկայացված իրավիճակն, ըստ բանախոսի, Հայաստանի միջազգային վարկի խիստ անկումն է եւ արտաքին քաղաքականության բացակայությունը, մինչդեռ Ադրբեջանը հակադրում է ոչ միայն ամեն օր աճող նավթային գործոնը, այլեւ բավական հավասարակշիռ, հարկ եղած դեպքում նաեւ կոշտ արտաքին քաղաքականությունը: Դրան էլ Հայաստանի հակադրելիքըՙ ժողովրդավարությունը ներկայիս իշխանությունների ձեռքով սպառվել է եւ ապահովել երկրի մեկուսացումը միջազգային նշանակալի տնտեսական ու կոմունիկացիոն ծրագրերից:

Ներկայացվածը Դավիթ Շահնազարյանի գնահատականն է Ղարաբաղի խնդրի կարգավորման ընթացքին: Նա նաեւ համոզված է, որ կարգավորման ձգձգումը մեծացնում է պատերազմի հավանականությունը, մինչդեռ խնդրի ռազմական լուծում գոյություն չունի, այն անգամ ինքնորոշման հարց չի այլեւս, այլ միայն եւ միայն քաղաքական լուծում է պահանջում, որում հաղթելու միակ միջոցը ամուր ժողովրդավարական պետությունը եւ քաղաքացիական հասարակությունն է: Իսկ ճանապարհըՙ որոշակի տարածքների դիմաց Ղարաբաղի անվտանգության միջազգային երաշխիքն է, ապա միայն կարգավիճակի հարցի քննարկումը:

ԱԺՄ վարչության նախագահ Վազգեն Մանուկյանն էլ գտնում է, որ ժամանակն աշխատում է Ադրբեջանի օգտին, բայց հայկական կողմի համար էլ դրական բան կաՙ հոգեբանորեն ընդունվում է, որ Ղարաբաղի անկախությունը չի վերանալու: Վազգեն Մանուկյանի տեսանկյունից կարգավորումը պետք է սկսել Ղարաբաղի անկախությանՙ կարգավիճակի ապահովումից: Բացի կարգավիճակի խնդրից, մնացյալ բոլոր հարցերն, ըստ Վազգեն Մանուկյանի, քննարկելի են, այն էլ միմիայն կարգավիճակի հաստատումից հետո: Սակայն ցանկացած դեպքում ԱԺՄ վարչության նախագահն անհրաժեշտ է գտնում բանակցությունների շարունակումը Ղարաբաղի մասնակցությամբ, ինչը կօգնի պատերազմ թույլ չտալուն:

Վազգեն Մանուկյանի կարծիքով Հայաստանն իրեն պահում է քյոխվայական մտածողությամբ եւ ինտեգրացիոն գործընթացից դուրս է մնացել հենց այն պատճառով, որ դիտարկվում է Ռուսաստանի ֆորպոստ եւ այս դեպքում, երբ չկա երկրի միջազգային վարկ, ապա անգամ ամբողջը տալը հարցի լուծում չէ: Եվ եթե Ղարաբաղի հարցը երկու բանախոսներն էլ տեսնում են միջազգային զարգացումների շրջանակում, ապա դրանցում Դավիթ Շահնազարյանի կարծիքով, Հայաստանը չի տեղավորվում:

Ի վերջո բանախոսների համակարծությունը հաստատեց ժողովրդավար Հայաստանի եւ համախմբված հայության առկայության պայմանում միայն հարցի լուծման հնարավորությունը:

ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4