Մեր կառավարությունը հաճախ է սփյուռքին դեմ հանդիման կանգնեցրել անակնկալների առջեւ, ոչ հաճելի անակնկալների: Օգտագործելով իրենց անառարկելի, բնական եւ օրինական գերակայությունը, Հայաստանի իրարահաջորդ իշխանությունները շարունակել են միայն թելադրողի դիրքերից խոսել սփյուռքի հետ նաեւ այն հարցերում, ուր սփյուռքահայ համայնքներն են կոչված հիմնական դերը կատարելու:
Ամենաթարմ օրինակը նախորդ օրը Երեւանում կայացած «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի եւ համայնքային ներկայացուցիչների համաժողովն էր, որի ավարտին հոգաբարձության անդամները հրավիրվեցին միանգամից կազմակերպական երկու որոշում կայացնելուՙ աշխատանքից ազատման հրաժարականն ընդունել գործադիր տնօրեն Նաիրա Մելքումյանի (դեռեւս ոչինչ հայտնի չէ նրա հրաժարականի պատճառների մասին) եւ ընտրել (բառի սովետական իմաստով) հիմնադրամի նոր գործադիր տնօրենին: Ընտրվեց, ինչպես երեկ էինք տեղեկացրել, արտգործնախարարի խորհրդական Վահե Աղաբեկյանը: Բոլորովին անծանոթ մի անձնավորություն ոչ միայն սփյուռքահայության, այլեւ Հայաստանիՙ նույնիսկ իրազեկ շրջանակների համար:
Անշուշտ, Հայաստանի բարձրագույն իշխանություններն այդ պաշտոնում Ն. Մելքումյանի փոխարինողին ընտրել տալու լուրջ պատճառներ ունեին: Նաեւ, թերեւս, պրն Աղաբեկյանն ունի կազմակերպչական եւ այլ կարողություններ այդ կարեւոր մարմինըՙ համահայկական հիմնադրամի գործերը կառավարելու համար: Սակայն ո՛չ մեր, ո՛չ էլ սփյուռքահայության եւ առհասարակ հայ ժողովրդի մեղքը չէ, որ նա անծանոթ է լայն հասարակությանը: Եթե կուզեքՙ դա նաեւ իրՙ պրն Աղաբեկյանի մեղքը չէ. հավանաբար ցարդ առիթ չի ունեցել հանրային գործունեության եւ բացառված չէ, որ որոշ ժամանակ անց նա դրսեւորի իրեն ու ճանաչում ձեռք բերի: Մեղքը առաջադրողներինն է: Նաեւՙ հոգաբարձության սփյուռքյան անդամներինը, ովքեր անառարկ հաստատել են ներկայացված միակ թեկնածուին:
Հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնը մեծ հեղինակություն, լայն ճանաչում ու համակրանք, բարձր պատասխանատվություն ենթադրող պաշտոն է, կազմակերպական տաղանդով հատկանշված: Նույնիսկ Խորհրդային Հայաստանի տոտալիտար վարչակարգի ներկայացուցիչներն էին դա հասկանում: Եվ պատահական չէ, որ դեռեւս 1922 թ.-ին նրանք Հայաստանի օգնության կոմիտեի (ՀՕԿ) ղեկավար էին նշանակել մեր ամենատաղանդավոր եւ անբասիր մարդունՙ Հովհաննես Թումանյանին: Իսկ ավելի ուշ, երբ սկսեց գործել Սփյուռքի հետ մշակութային կապի կոմիտեն, դրա առաջին նախագահ նշանակեցին հարգանք, հեղինակություն ու սեր վայելող Վարդգես Համազասպյանին, որին հետագայում փոխարինեց Կարլեն Դալլաքյանի նման սփյուռքի լավագույն գիտակ եւ իմաստուն մարդը:
Անշուշտ, նոր ժամանակները, նոր տեխնոլոգիաները նոր պահանջներ են դնում բոլորիս առաջ: Սակայն նախորդների դրական փորձը, հատկապես պահպանողական ավանդույթներ ունեցող ազգային կառույցներում, ինչպիսին է Հիմնադրամը, պետք է միշտ հաշվի առնվի: Հիմնադրամը ճանաչելիություն ձեռք բերելու փորձադաշտ չէ: