Վենետիկի միջազգային 52-րդ բիենալեում Հայաստանի տաղավարի բացումը տեղի ունեցավ ուրբաթ, հունիսի 8-ին Պալացցո Զենոբիո (վերածննդի շրջանի կառույց) Մուրադ Ռաֆայելյան վարժարանում: Բացմանը ներկա էին Իտալիայում ՀՀ դեսպան պրն Ռուբեն Շուգարյանը, Ավստրիայում ՀՀ դեսպան պրն Աշոտ Հովակիմյանը, Մխիթարյան միաբանության Աբբահայր Եղիա Քիլաղբյանը, ազգային բարերար Ժան Պողոսյանը, եւ բազմաթիվ հայ եւ օտար արվեստաբաններ, լրագրողներ, եւ այլ հյուրեր:
Բիենալեի Հայաստանի պատվիրակ Էդուարդ Բալասանյանը բացման խոսքում նախ իր շնորհակալությունը հայտնեց Մխիթարյան միաբանությանը, որը մինչեւ հիմա Մ. Ռաֆայելյան վարժարանի շենքը եւ Սուրբ Ղազար կղզին երկուական անգամ տրամադրել է Հայաստանի տաղավարին, Հայ մշակույթի ուսումնասիրության եւ վավերագրության կենտրոնին, որը երեք անգամ հյուրընկալել է Հայաստանի տաղավարը:
Հայաստանի ներկայությունը Վենետիկի Բիենալեում նախկինում եւ այս տարի 7-րդ անգամ անընդմեջ ապահովում են մի խումբ բարերարներ, որոնց նվիրատվություններով ու հովանավորությամբ Նորարար փորձառական արվեստի կենտրոնը` ՆՓԱԿ, հնարավորություն է ունեցել պատշաճ կերպով ներկայացնել հայկական տաղավարը: Այս տարի Ռոբերտ Պողոսյան եւ որդիներ հիմնադրամ մշտական հովանավորի կողքին էին նաեւ Էդիլ Հովնանյանը, Լարրի Գագոզյան Գալերիան, Ասլանյան ընտանիք հիմնադրամը, Սահակյան, Հակոբյան, Քարաբյան, Մելիքյան ընտանիքները, Ա. Արսլանյանը, Ս. եւ Է. Բալասանյան արվեստի հիմնադրամը: Է. Բալասանյանը շնորհակալական իր խոսքում նշեց, որ սա սփյուռքի ոգին է, որ նեցուկ է հայ արվեստին ու մշակույթին, բարձր պահելով Հայաստանի անունը այս հեղինակավոր փառատոնում:
Ելույթ ունեցավ նաեւ ՀՀ դեսպան պրն. Շուգարյանը շնորհակալություն հայտնելով բոլոր նրանց, մասնավորապես Բալասանյան ամոլին, ովքեր ապահովում են Հայաստանի ներկայությունը հավուր պատշաճի եւ համահունչ միջազգային չափանիշներին, Վենետիկի փառատոնում: Իր խոսքն ասաց նաեւ ՀՀ տաղավարի համադրող գերմանուհի անվանի արվեստաբան Նինա Մոնթմանը: Սա առաջին դեպքն է, երբ այլազգի արվեստաբան կուրատորն է հրավիրվում ՀՀ տաղավարի համար:
Հայաստանի այս տարվա տաղավարը ներկայացրել է Սոնյա Բալասանյանի աշխատանքը` «Ո՞վ է զոհը» ստեղծագործությունը: Այն պատերազմի արհավիրքների մասին է, որոնք Սոնյա Բալասանյանի աշխատանքների մշտական բաղադրյալներն են, ինչպես նշում է իր խոսքում արվեստաբան-կուրատոր Նինա Մոնթմանը: Անհատի հանդեպ իրականացվող համատարած պատերազմի հետեւանքները, ցավոք սրտի որպես այդպիսին չեն ընկալվում հանրության կողմից:
Աշխատանքը բաղկացած է հինգ տեսաֆիլմերից: Առաջինում հայ զինվորը` Եդուարդ Թադեւոսյանը կարդում է իր օրագիրը միապաղաղ ձայնով, թեպետ խոսքի իմաստը բեռնված է սարսափի, սովի, տառապանքի պատկերներով, այն նաեւ շատ անձնական ու հուզական է : Զուգահեռ կամ հակընդդեմ էկրանին է զոհված ազատամարտիկի կինը, որը նույնպես առանց հուզական շեշտի խոսում է զոհված ամուսնու եւ նրա մահից հետո ծնված երեխայի մասին: Երկու զուգահեռ տեսաֆիլմերի ցուցադրության ժամանակ լսվում են բնության ձայներ, որոնք գալիս են կողքի տարածքից ու ակամա հրավիրում ունկնդրության: Այնտեղ եւս դեմառդեմ էկրաններ են: Մեկին բնությունն է իր հոգեզմայլ պատկերներով, լեռներ, լիճ, ալիքների մեղմ ճողփյուն, հավքերի քաղցրալուր կանչեր, եւ երկրորդին` այդ ամենը խլացնող փոթորիկ, ամպրոպ, տեղատարափ, մութ թունել, սահմռկեցնող այլ պատկերներ: Երրորդ տարածքում մեծ էկրանին ճնշման չափիչ սարքն է, սլաքը դողդողում է, տատանվում, դղրդում, սակայն չի պայթում, որքա՞ն կդիմանա, չգիտենք... Այն ինչ մարդկային խոսքով չի կարելի արտահայտել, այստեղ ասված է միջնորդավորված` պարզ այլաբանությամբ: Այստեղ ամեն ինչ խոսում է արհավիրք ապրած մարդկանց հույզերի մասին, այն ջղաձիգ հոգեվիճակի, որ ապրում է պատերազմի մշտական սպառնալիքի ներքո, կամ պատերազմի միջով անցած մարդը:
Սոնյա Բալասանյան արվեստագետի մասին գիրք է գրել Ռենե Գաբրին: Ամերիկահայ երիտասարդ արվեստագետ արվեստաբանի artist book-ը վերնագրված է Տրեբիզոնդա, Տրապիզոն կամ Սոնյա Բալասանյան, աղվեսների դարում...: Թե ինչ կապ կա այս անկապ թվացող անվան բաղադրիչների միջեւ` բացատրում է Ռենեն: Տրապիզոնը նախքան Եղեռնը դարեր այն նավահանգիստն էր, որտեղից հայերը մեկնում էին Իտալիա, այն Հայաստանի հոմանիշն էր: Այլաբանական այս խրթին վերնագրով գրքում Ռենեն մանրամասն վերլուծել է Սոնյա Բալասանյան արվեստագետի աշխատանքները, վաղ շրջանից մինչեւ Վենետիկում ներկայացվածը: Գրքում տեղ է գտել նաեւ հեղինակի հարցազրույցը Սոնյայի հետ, ուր անդրադարձ կա արվեստի, փիլիսոփայության եւ հասարակության խնդիրներին: Գրքի կարեւոր բաժիններից են Ջոն Էվանսի, Սալար Աբդօհի, Այրին Անաստասի, Ֆրանսուազ Բուշերի, Ջալալ Թոֆիքի նամակները եւ կարծիքները Սոնյայի արվեստի մասին: Ռենեն նաեւ մեջբերել է Ս. Բալասանյանի բանաստեղծություններից անգլերեն թարգմանություններ: Գրքում ներառվել են լուսանկարներ Սոնյայի աշխատանքներից եւ ցուցահանդեսներից:
Բիենալեի առիթով տպագրվել էր կատալոգ, եւ սկավառակ ԶԼՄ-ների համար: Սոնյա Ամիրյան- Բալասանյանը ծնվել է Իրանում, սովորել է Ֆիլադելֆիայի Փենսիլվանիա համալսարանի Գեղարվեստից ֆակուլտետում, ապա Նյու Յորքի Փրաթ ինստիտուտի արվեստի բաժնում, գեղեցիկ արվեստների մագիստրոսի կոչումով: Նրա աշխատանքները ցուցադրվել են ԱՄՆ-ում, Նյու Յորքի Արդի արվեստի թանգարանում, Վաշինգտոնի, Ֆիլադելֆիայի եւ այլ քաղաքների հեղինակավոր ցուցասրահներում, ինչպես նաեւ Շվեյցարիայում, Իրանում, Իտալիայում, Գերմանիայում, Հոլանդիայում, Անգլիայում, Հայաստանում: Հեղինակ է բանաստեղծությունների երկու ժողովածուների:1983 թվին հրատարակել է «Ինքնադիմանկար» գիրքը, որը վերահրատարակվել է Երեւանում 2004-ին: Գիրքը բաղկացած է արվեստագետի դիմանկարների աղավաղված կոլաժներից` պարսկերեն կալիգրաֆիաներով եւ նվիրված է քաղաքական իրադարձություններին զոհ դարձած կանանց: 2006 թվին Երեւանում լույս տեսավ նրա բանաստեղծությունների հավաքածուն մեկ հատորով, «Երկու գիրք» խորագրով:
Այս տարի իրոք մեծ հետաքրքրություն է դրսեւորվել հայկական տաղավարի հանդեպ: Ի դեպ, 52-րդ Բիենալեն համարվեց կանանց փառատոն, կին արվեստագետների տիրական մասնակցության եւ կանանց խնդիրներին անդրադառնալու համար:
ՇԱՔԵ Ա. ՊԵՏՐՈՍՅԱՆ