Հայոց ցեղասպանության ճանաչման ԱՄՆ Կոնգրեսի թիվ 106 բանաձեւին աջակցող կոնգրեսականների թիվը հասել է 202-ի: Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի (ANCA) տեղեկացմամբ, Ջորջիա, Հավայներ, Միսսիսիպի եւ Նյու Յորք նահանգներից ընտրված կոնգրեսականները հանդես են եկել ի պաշտպանություն բանաձեւի:
Թիվ 106 բանաձեւի նախագիծը, որ այս տարվա հունվարին ամերիկյան Կոնգրեսի ստորին պալատին ներկայացրեցին Ադամ Շիֆը, Ջորջ Ռադանովիչը, Հայկական հարցերով հանձնախմբի համանախագահներ Ֆրենկ Փալոնը եւ Ջո Նոլենբերգը, ինչպես նաեւ Բրեդ Շերմանը եւ Թադեուս Մըքքոթերը, ԱՄՆ նախագահին կոչ է անում «ապահովել, որպեսզի Միացյալ Նահանգների արտաքին քաղաքականությունը արտացոլի Հայոց ցեղասպանության պատշաճ ըմբռնում», եւ «մեկուկես միլիոն հայերի պարբերաբար եւ կանխամտածված բնաջնջումը ճշգրիտ կերպով ցեղասպանություն որակվի նախագահական ամենամյա ուղերձում»:
Բանաձեւի հեղինակ Ադամ Շիֆի կարծիքով, 200 ձայնը կարեւոր նշաձող է եւ վկայում է Կոնգրեսի անդամների այն վստահության մասին, որ ավելի քան մեկուկես միլիոն մարդու կյանք խլած Հայոց ցեղասպանության ճանաչումը իրենց բարոյական հրամայականն է:
Բանաձեւին իրենց աջակցությունն են հայտնել նաեւ Միացյալ Նահանգներում գործող չորս տասնյակից ավելի կազմակերպություններ, այդ թվում` հրեական, հունական, ռուսական, հունգարական, լեհական, չեխական եւ այլ ազգային համայնքների: