Երեկ Նյու Յորքում սկսվել է զենքի վաճառքի մեջ մեղադրվող հայ ներգաղթյալ Արթուր Սոլոմոնյանի եւ հինգ այլ անձանց դատավարությունը: Մեղադրական եզրակացության համաձայն, 2003 թվականի դեկտեմբերից մինչեւ 2005 թվականի մարտը 28-ամյա Սոլոմոնյանը եւ նրա գործակիցները Նյու Յորքում, Լոս Անջելեսում եւ Մայամիում վաճառել են մեկ գնդացիր եւ յոթ ինքնաձիգ, ինչպես նաեւ մտահղացել էին նախկին Խորհրդային Միության տարածքից, մասնավորապես Չեչնիայից եւ Հայաստանից ԱՄՆ ներկրել գնդացիրներ, ձեռքի հրթիռանետեր, նռնականետեր, հակատանկային ուղղորդվող հրթիռներ: «Ազատության» փոխանցմամբ, դատախազ Դեյվիդ Մասեյը մեղադրական եզրակացությունը հրապարակելիս որեւէ ձեւով չի անդրադարձել Հետաքննությունների դաշնային բյուրոյի գործակալին, ով իրեն ներկայացնելով որպես միջնորդ` իրավապահներին օգնել է բացահայտել այս գործը: Նա միայն վկայակոչել է ամբաստանյալների հեռախոսազրույցների` քննությամբ ձեռք բերված ձայնագրությունները: Սոլոմոնյանի պաշտպան Սեթ Գինսբերգը, սակայն, պնդել է, որ իր պաշտպանյալի մտքով անգամ չի անցել զենք ներկրելը, մինչեւ որ գործակալը չի գայթակղել նրան զենքի վաճառքի դիմաց «գրին քարտ» ձեռք բերելու հեռանկարով: Գինսբերգը վստահեցրել է, որ Սոլոմոնյանը մտադրություն չի ունեցել զենք ներկրել, այլ միայն ցանկացել է հնարավորինս երկար ժամանակ խաբել գործակալին` «գրին քարտ» ձեռք բերելու համար: Այդ նպատակով, ըստ փաստաբանի, Սոլոմոնյանը գործակալին ժամկետանց գնացուցակ է ցույց տվել:
Դատավարությունը արդեն մեկ անգամ հետաձգվել էր գործակալ Քելի Դեյվիսի` հիվանդանոցում լինելու պատճառով: Մեղադրանքը հաստատվելու դեպքում ամբաստանյալներին սպառնում է ընդհուպ ցմահ ազատազրկում: