«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#115, 2007-06-20 | #116, 2007-06-21 | #117, 2007-06-22


ԻՆՉ Է ՆԱԽԱՏԵՍՈՒՄ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՌԱՋԻԿԱ 5 ՏԱՐԻՆԵՐԻՆ

Նոր կառավարության նոր ծրագիրը ներկայացրեց առեւտրի եւ տնտեսական զարգացման նորանշանակ նախարարը

Կառավարության հաստատած եւ Ազգային Ժողովի քննարկմանը ներկայացրած 2008-2012 թթ. գործունեության ծրագիրը հիմնված է ազգային անվտանգության ռազմավարության, աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրի հիմնադրույթների վրա, ներառում է ՀՀԿ, ԲՀԿ, ինչպես նաեւ ՀՅԴ նախընտրական դրույթները, սահմանվել են գերակայությունները: Այս մասին երեկ հայտնեց առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարար Ներսես Երիցյանը:

Գերակայություններից առաջինը տնտեսական աճի բարձր տեմպիՙ տարեկան 8-10 տոկոս, պահպանումն է առաջիկա 5 տարիներին: Հաջորդն աղքատության խնդիրն է: Նախատեսվում է, որ մինչեւ 2012 թ.-ը ծայրահեղ աղքատությունը կա՛մ ընդհանրապես պետք է վերանա, կա՛մ չպետք է գերազանցի բնակչության 1,6 տոկոսը, ներկայիս 4,6 տոկոսի փոխարեն: Իսկ աղքատության ընդհանուր ցուցանիշը ներկայիս 29,8 տոկոսի փոխարեն պետք է իջնի մինչ 11,2 տոկոսի:

Սոցիալական ոլորտի գերակայություններից կենսաթոշակների ցածր մակարդակն է եւ աշխատավարձերի ու կենսաթոշակների թույլ կապը: Կենսաթոշակների էական բարձրացում է նախատեսվումՙ մինչ 2012 թ. այն պետք է գերազանցի աղքատության սահմանագիծը (ներկայումս 19 հազար դրամ-Ա. Մ.) 1,5 անգամ: Սոցիալական եւ սոցիալական ապահովագրությանը կուղղվեն աննախադեպ մեծ գումարներՙ համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) 6,2 տոկոսը:

Ծրագրվում է հասնել զբաղվածության մակարդակի տարեկան 10 տոկոս աճի ոչ գյուղատնտեսության ոլորտում, ներդրումների տարեկան 10 տոկոսի աճի, եկամուտների հավաքման տարեկան 0,3-0,4 տոկոսի ավելացման:

Մեկ այլ գերակայություն է տարածքային անհամամասնական զարգացումը: Միջոցառումներ պետք է ձեռնարկվեն այդ խնդրի հաղթահարման ուղղությամբ: «Հավակնոտ» ձգտումներից Ներսես Երիցյանը նշեց առողջապահությանը մինչեւ 2012 թ.-ը ՀՆԱ 2,2 տոկոսի չափով, կրթությանըՙ 3,5 տոկոսի չափով բյուջեից հատկացումներ կատարելուն հասնելը:

Կառավարության գործունեության ծրագրում կարեւորվում է ժողովրդագրական խնդրի լուծումը, որը պետք է բերի զարգացող կայուն աշխատուժի եւ մարդկային ռեսուրսների առկայությանը: Ներսես Երիցյանն ընդգծեց, որ դա չի կարող լինել, եթե տնտեսության արտադրողականությունը չբարձրանա: Եվ վերջապես, կարեւորագույն գերակայությունը երկրի անվտանգության ապահովումն է:

Պատասխանելով «Ազգի» հարցին, թե ինչպե՞ս է Հայաստանը մրցակցելու նավթային եկամուտների հաշվին տնտեսական ավելի բարձր աճ ունեցող Ադրբեջանի հետ, առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարը նախ նշեց, որ փող ունենալը դեռ բավարար չէ մրցակցելու համար եւ համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ նավթ արտահանող երկրները շատ հաճախ ստացվող եկամուտներն ամբողջությամբ սպառում են: Սակայն անկախ դրանից, Հայաստանը պետք է մրցակցի կայուն տնտեսական աճին միտված եւ քաղաքացիական հասարակության ստեղծմանն ուղղված քաղաքականությամբ, ինչը, Ներսես Երիցյանի համոզմամբ, պահանջում է կարգապահություն եւ հետեւողականություն: Դա հնարավորություն կտա ապահովել Հայաստանի մրցունակությունը տարածաշրջանային եւ միջազգային շուկայում: Հայաստանը պետք է բարձրացնի արտադրողականությունը եւ ավելացնի արտահանումը:

Մեր մյուս հարցն առնչվում էր պետական կառավարման համակարգում բարեփոխումներին: Ի՞նչ է նախատեսվում իրականացնել: Առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարը հայտնեց, որ պետք է ներդրվի կառավարման լավագույն փորձը պետական, հանրային կառույցներումՙ ուղղված աշխատանքների կատարողականի բարձրացնելուն, նպատակի միտվածությունը հստակեցնելուն, աշխատավարձերի ավելացմանը եւ դրան զուգահեռ աշխատանքների արդյունավետության բարձրացմանը: Կարեւորվեց նաեւ կորպորատիվ կառավարման սկզբունքների ներդրումը ինչպես մասնավոր, այնպես էլ պետական ձեռնարկություններում:

Այն հարցին, թե վերոնշյալը կարելի՞ է դիտարկել որպես Հայաստանում իրագործվելիք երկրորդ սերնդի բարեփոխումներ, Ներսես Երիցյանը դրական պատասխանեց:

Գեղարքունիքի մարզը նոր մարզպետ ունեցավ

Կառավարության որոշմամբ երեկ պաշտոնից ազատվել է Գեղարքունիքի մարզպետ Արսեն Գրիգորյանը, նրա փոխարեն այդ պաշտոնում «Բարգավաճ Հայաստանի» առաջարկով նշանակվել է Նվեր Պողոսյանը:

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4