Խորհրդարանական ընտրությունների նախաշեմին ամբողջ հանրապետությունում սնկի պես աճեցին կուսակցությունների տարածքային գրասենյակներն ու շտաբները: Էլ երեւացող խանութ, սենյակ, հնարավոր, հարմար ու անհարմար որեւէ ծածկ կուսակցականների աչքից անհայտ չմնաց: Ամենախուլ գյուղում, ամենախարխուլ տնակում, ամենաանհարմար ճանապարհին անգամ քարոզարշավի ժամանակ կարելի էր հանդիպել ընտրություններին մասնակից որեւէ կուսակցության անունն ու կարգախոսը ներկայացնող պաստառների: Իհարկե, այդ շտաբներն ու ցուցապաստառների քանակն էլ խիստ տարբեր էին զորեղ եւ անզոր կուսակցությունների համար:
Որքանով այդ շտաբներն օգնեցին կուսակցություններին, երեւի կուսակցություններն իրենք ներսում էլ կգնահատեն, իսկ մեր ուշադրությունը գրավեց հետեւյալը: Խորհրդարանական ընտրություններից մի տասն օր հետո գրեթե բոլոր կուսակցությունների տարածքային գրասենյակները, մանր-մունր շտաբները փակվեցին, բացի Հանրապետական կուսակցության գրասենյակներից: Նրանց շատ գրասենյակներում էլ թեպետ մարդկանց շարժը քչացել է, սակայն դռները չեն փակվել, ցուցապաստառներն էլ չեն իջեցվել: Հավանաբար ՀՀԿ-ն չի կարող խորհրդարանական ընտրություններից հետո հանգստանալ եւ հեռատեսորեն պահում է գրասենյակները` նախագահական ընտրություններին աշխատելու համար:
Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) մամուլի պատասխանատու, Ազգային ժողովի պատգամավոր Էդուարդ Շարմազանովն «Ազգին» բացատրեց, որ ՀՀԿ-ն 17 տարի գրասենյակներ ունի ու ինչքան կուսակցականների թիվն ավելանում է, այնքան ավելանում է գրասենյակների թիվը: Հանրապետական գործիչը նշեց, որ կուսակցության գրասենյակներն ու շտաբները` անկախ նախագահական ընտրությունների արդյունքից միշտ բաց են լինելու, որովհետեւ ՀՀԿ-ն միայն նախագահական ընտրությունների համար գործող կուսակցություն չի: «Այն շատ լուրջ կուսակցություն է եւ ամենալուրջ դերակատարությունը պետք է ունենա Հայաստանի թե՛ ներքին եւ թե՛ արտաքին կյանքում: Եվ, բնականաբար, դրա լավագույն միջոցը գրասենյակներ ունենալն է եւ անմիջական շփումը մեր քաղաքացիների հետ»:
Մեր հարցին, թե ինչո՞ւ են քչացել կուսակցության տարածքային գրասենյակները, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության (ԲՀԿ) մամուլի քարտուղար Բաղդասար Մհերյանը պատասխանեց. «Փակվել են ոչ թե կուսակցության տարածքային գրասենյակները, այլ ենթաշտաբները, որոնք հատուկ ստեղծվել էին խորհրդարանական ընտրությունների համար: Այժմ, օրենքի պահանջի համաձայն, կմնան տարածքային գրասենյակներ, ըստ անհրաժեշտության նաեւ ենթագրասենյակներ»: ԲՀԿ մամուլի քարտուղարի պարզաբանմամբ, այժմ, երբ ընտրություն չկա առջեւում, նաեւ չկա այդ քանակությամբ շտաբների, գրասենյակների կարիքը: «Բա նախագահական ընտրություննե՞րը» մեր հարցին Բաղդասար Մհերյանն արձագանքեց. «Հենց որ նախագահական ընտրությունների ժամանակը մոտենա, կլինի կուսակցության որոշումը»:
Հայ հեղափոխական դաշնակցության (ՀՅԴ) մամուլի պատասխանատուն «Ազգին» ասաց, որ Դաշնակցության գրասենյակները միշտ աշխատել են, անկախ նրանից ընտրություն է, նախընտրական շրջան է, թե ոչ: «ՀՅԴ-ն միշտ էլ եղել է մեծ կառույց ունեցող կուսակցություն եւ ունեցել է իր գրասենյակները, եւ դա բոլորովին պայմանավորված չէ ընտրություններով: Գուցե իր գործառույթը ավելի վերածվել է նախընտրականի, բայց դրանք մեր գրասենյակներն են», ասաց նա:
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ