«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#115, 2007-06-20 | #116, 2007-06-21 | #117, 2007-06-22


ՆՎԻՐՈՒՄՙ ԱՆՎԱՆԻ ԴԵՐԱՍԱՆԱԿԱՆ ԶՈՒՅԳԻՆ

20-րդ դարի վաթսունական թվականներին թատրոն եկած սերնդի ներկայացուցիչներից մեկըՙ Ժենյա Ավետիսյանը, տասնամյակների ընթացքում հաստատապես տեղ գրավեց մեր բեմում իր հանգուցյալ ամուսնուՙ Յուրի Ամիրյանի հետ: Գաբրիել Սունդուկյանի անվան պետական ակադեմիական թատրոնում արվեստագետ ամուսինները մնացին Մայր թատրոնի գեղագիտական սկզբունքների կրողը, նրա ավանդույթների շարունակողը:

Չարենցի տուն-թանգարանում երեկ կայացավ Ժենյա Ավետիսյանի բեմական արվեստը ներկայացնող Սերգեյ Առաքելյանի «Ժենյա Ավետիսյան» ալբոմ-ժողովածուի եւ Լեւոն Մութաֆյանի «Ժենյա Ավետիսյան» մենագրության շնորհանդեսը: Միջոցառումը բացեց եւ չարենցյան տողերով օրվա հերոսին մեծարեց թանգարանի տնօրինուհի Լիլիթ Հակոբյանը:

Շնորհանդեսին ջերմ ու երախտագիտության խոսքեր ու Ժենյա Ավետիսյանի բարձրարժեք դերասանական խաղի մասին խոսեցին ԳԱ նախագահ Լեւոն Անանյանը, ՀԹԳՄ նախագահ Երվանդ Ղազանչյանը, Ավիկ Իսահակյանը, Ազատ Գասպարյանը, Թովմաս Պողոսյանը, առաջին տիկին Բելա Քոչարյանը եւ ուրիշներ: Սունդուկյան թատրոնի գեղարվեստական ղեկավար Վահե Շահվերդյանը բարձր գնահատելով դերասանուհու նվիրվածությունը թատրոնին, նշեց. «Մեր Ժենյան «անկուշտ» դերասանուհի է, ինչքան էլ որ խաղաՙ իր համար քիչ է, ինչ խաղաՙ կրկին քիչ է, իսկ ինչպես խաղալՙ դա կարեւոր է եւ տրված չէ ամենքին»: Ժենյա Ավետիսյանը կարողացել է իր ժամանակի մեծերից դասեր քաղել ու հմայել իր հանդիսատեսին:

Թատերագետ եւ «Ժենյա Ավետիսյան» մենագրության հեղինակ Լեւոն Մութաֆյանը կարողացել է ՀՀ ժողովրդական արտիստուհու ստեղծած մի քանի տասնյակ բեմատիպարները, ֆիլմում նկարահանված դերերը, հեռուստաներկայացումներում կերտած կերպարները, եւ համակողմանի գործունեությունը զետեղել գրքում, բազմաթիվ լուսանկարներում: Իսկ Սերգեյ Առաքելյանի կազմած «Ժենյա Ավետիսյան» ալբոմ-ժողովածուն մի առանձնահատուկ հանրագիտարանային արժեք ունի: «Հայ մշակույթի մեծերը» մատենաշարի հեղինակ Ս. Առաքելյանը ընթերցողների դատին է ներկայացնում սիրված դերասանուհու բեմական գործունեության հարուստ արխիվըՙ լուսանկարներ, գրախոսականներ, վավերագրեր, ընծայագրեր, նամակներ, բանաստեղծություններ եւ այլն: Գրքում մի մաս էլ հատկացվել է Յուրի Ամիրյանի գործունեությանը:

Շնորհանդեսի ավարտին իր շնորհակալական ջերմ խոսքը հղեց Ժենյա Ավետիսյանը բոլոր նրանց, ովքեր նախաձեռնել ու քրտնաջան աշխատել են երկու գրքերի ստեղծման վրա: Ժենյան հատուկ շնորհակալություն հայտնեց նաեւ իր հանդիսատեսին:

ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4